HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամփոփելով մշակութային 2019-ը, դեպի արվեստային 2020

Նանոր Պետրոսյան

Ուզում եմ մեկ հոդվածի մեջ խնդրականացնել մշակույթի նախարարության տրամադրված փոքր դրամաշնորհների ընթացակարգը։ Բոլոր օրինակները կբերեմ մեր այս տարվա «Էվրիդիկե» ներկայացման օրինակով, որը մասամբ հովանավորվել է մշակույթի նախարարության կողմից։ Բայց նախ մեր մասին․

Թեք տեղը գործում է 2012 թվականից, որպես ազատ հարթակի, ոչ պետական, փորձարարական, արվեստային, ոչ ֆորմալ կրթությամբ  թատրոն․ փողոցային խաղերից մինչև՝ քաղաքական կատակաբանություններ, ստեղծաբանական (իմպրովիզացիոն) պատկերներից մինչև՝ հայ արդի և ոչ այդքան հայտնի հեղինակների ընթերցանությունների և բեմադրությունների հեղինակ է։ Մի շարք արտասահմանյան եւ սփյուռքահայ արվեստագետների աշխատանոցներ է կազմակերպել, ձեռնարկել է արդի թատերգությունների և թատերական մտքի թարգմանություններ, համագործակցել միջազգային թատերային ընկերությունների հետ։

Միայն 2018 թվականին ունեցել է 4 առաջնախաղ, 5 աշխատանոց, 2 բանախոսություն, ձեռնարկել է 2 թարգմանություն, կազմակերպել 1 արտասահմանյան խմբի հյուրախաղեր։

2018 թվականից իր միջոցներով վարձակալել և վերանորոգել է 72քմ տարածք՝ Թեքտեղանքը։ Մեր ֆինանսական միջոցները առաջացել է՝ մասնակիցների ամսական նվիրատվությամբ, ներկայացումների տոմսերի վաճառքից, 2017 թվականին մեր կազմակերպած հանրային դրամահավաքով, ներկայացումներից մեկի մշակույթի նախարարության մասնակի հովանավորմամբ եւ Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանության հետ մեկ ծրագրի համագործակցությամբ։ Խմբի անդամները աշխատում են կամավոր հիմունքներով․ դեկորացիայի տեղափոխությունից մինչև տարածքի մաքրում, դրամաշնորհ գրելուց մինչև տոմսերի առաքում։

evridike.jpg (37 KB)

Դրամաշնորհների անցկացման ձևաչափ

Մի կողմ դնելով անպատասխան զանգերը, բորբոռացող աշխատակիցները և թղթաբանության անկատարությունը, ԱԱՀ-ի 20 տոկոսանոց առեղծվածային գոյությունը, այս հնարավորությունը անշուշտ շատ ուրախալի փաստ է մեզ նման խմբերի համար։ Եվ սա ընդունելով իրողություն, ուզում եմ մի քանի ընթացակարգային կետերի անդրադառնալ։

Այսօր պետական թատրոնները, որոնք ունեն դոտացիա  նույն պայմաններով են մասնակցում մրցույթին, ինչ՝ մենք։ Այսինքն մենք, այսպես ասած, մրցում ենք այնպիսի խմբերի հետ, որոնք ունեն՝ կադրերի բաժնի ղեկավար, հաշվապահ, տնօրեն, պրոդյուսեր, բեմի բանվոր, նկարիչ, լուսավորող։ Այսպիսով պահանջները՝ թղթաբանություն, դիմելաձև, հաշվապահություն, երկու, իրարից շատ տարբեր հնարավորություն ունեցող, խմբերի դեպքում նույնն է։ Տարբեր են նաև ստեղծագործական խմբերի կարգավիճակները, որը պետական թատրոնի դեպքում ունի ամսական աշխատավարձ և ըստ ամենայնի հավելավճար դրամաշնորհից, իսկ մեր դեպքում դերասանի աշխատավարձը չպետք է գերազանցի պետական թատրոնի դերասանի աշխատավարձը, ով ծրագրի ավարտից հետո մնում է ձեռնունայն։ 

Այսպիսով «Էվրիդիկե» ներկայացմանը մշակույթի նախարարությումը հատկացրեց 2,560,000, որից 400,000-ը հետ վերցրեց՝ ԱԱՀ անմեկնելի հարկի անվան տակ, որի պատճառով, Թեք տեղը հատկացրեց՝ 1,350,000 դրամ, պլանավորված՝ 950 000-ի փոխարեն։

Ընտրված գործեր

Երբ հետահայաց նայում եմ այն ներկայացումները, որոնք հաղթել են անցկացված մրցույթում, անհասկանալի է մնում ընտրման կարգը, թեմատիկ՝ առաջնահերթությունը,  բյուջեի՝ չափսերը, հաղթած դիմորդների՝ բնութագրությունը։

Պետական թատրոնները պարտավոր են կազմել ուրույն, տարբեր մյուս պետական թատրոններից, խաղացանկ։ Եվ այն պետք է նախանշված լինի մի քանի տարի առաջ իրենց ծրագրում։ Իհարկե կարելի է շեղվել՝ ավելացումներ կամ պակասեցումներ լինեն, բայց իրենք պետք է լինեն հաշվետու նախարարությանը՝ տարածքի զբաղեցման, դրա ծախսերի փոխհատուցման, ստացած աշխատավարձերի համար։ Անցած տարի  նախկին նախարարի ժ/պ Ն․ Ղարիբյանը փորձեց խոսել այդ մասին, սակայն ըմբոստության արժանացավ թատերական գործիչների կողմից։ Բայց, ըստ իս, նման որակական անվանակոչումը մշակույթի նախարարության անելիքների առաջին կետերից մեկը պիտի լինի, որպեսզի հասկանալի լինի, թե ում, ինչքան և ինչի համար է հովանավորում։ Այսպիսով հեշտ կլինի դրամաշնորհների անցկացման ժամանակ տարբերակել պետական ու անկախ հարթակի թատրոնների ծրագիրը։ Վերջինս կարող է իրեն թույլ տալ լինել ավելի բազմաբնույթ, տարերային զարգացումներ ունենա առանց վերահսկողության, չնայած այս դեպքում ևս պետք է պահել դիմագիծը։ Օրինակ ՝ մենք մրցույթին մասնակցեցինք ամերիկացի թատերագիր Ս․ Րուլի «Էվրիդիկե» ստեղծագործությամբ, որը թարգմանվել էր մեր ջանքերով և տարածաշրջանում երբևէ չէր ներկայացվել։ Մենք մեր աշխատանքների առաջին իսկ օրից մեծ տեղ ենք տվել կին հեղինակների ստեղծագործություններին, որը կնոջը ներկայացնում է առանց միջնորդի։

Տարածք

Մեր անցյալ տարվա ակտիվությունը իրավամբ վկայում է, որ թատերային ստեղծագործական խմբի համար «տանիքը» սկիզբն է աշխատանքերի։ Մշակույթի նախարարությունը 10-ից ավելի մշակութային թատրոններ է հովանավորում միայն Երևանում ․ վճարում է տարածքի և տեխնիկական կազմի ծախսերը (չխոսենք իր ենթակայության տակ այլ շինությունների մասին)։ Այս շենքերից որոշները վստահ եմ՝ ունեն մեր Թեքտեղանքի պես տարածքներ, որտեղ կարող են գործել մեզ պես այլ ազատ թատերախմբեր։ Մշակույթի նախարարությունը, եթե ունի թատրոնի զարգացմանը միտված տեսլական, ապա իմ կարծիքով առաջին հերթին պետք է վերանայի դեռևս սովետական պետականությունից ածանցված ձևաչափին, այն է մեկ խմբի համար գործող թատրոններ ֆինանսավորելուն և ներառի ավելի լայն խմբեր։ Թեք տեղի պես միջավայրերը հնարավորություն են տալիս թատրոնի արվեստային փորձարարության զարգացմանը, որից էլ սնվում են մշակութային թատրոնները։

«Էվրդիկե» ներկայացման փորձերի համար մշակույթի նախարարության դրամաշնորհից չի հատկացվել Թեքտեղանքի ծախսերը հոգալու համար, որտեղ պատրաստվել են դեկորացիան և անցկացվել փորձերը։ Նման անվանակարգ չի կարելի ընդգրկել ծախսերի մեջ։ Թեք տեղն իր գրպանից վճարում է միջինը ամսական 170, 000 դրամ տարածքի վարձակալության և այլ ծախսերի համար, բայց միթե բոլոր մեզ նման խմբերն ունեն տարածք և գումար։

Բեմ

Անցյալ տարի մեր չորս առաջնախաղերից միայն մեկ ներկայացումն է խաղարկվել մեզ մոտ։ Մնացած երեքի համար վարձակալել ենք դահլիճներ, որի ընդհանուր գումարը կազմել է 950, 000 դրամ։ Նշեմ, որ մնացած երեք ներկայացումները խաղարկվել են բոլորն իրար հետ 7 անգամ, իսկ այն մեկը՝ 10։ 

«Էվրիդիկե» ներկայացման միայն առաջնախաղը կարողացանք ցուցադրել, քանի մեզ հասանելիք պետ պատվերից չկարողացանք օգտվել։ Այս գործընթացի խրթինությունը ուզում եմ դնել մի կողմ և խոսել միայն բեմերի վարձակալության ձևաչափից։

Թեև նախկին նախարար Լ․ Մակունցի ձեռնարկած բեմերի սակագների վերանայումը մեծ քայլեր էր «անցյալի և հիմայի» միջև։ Սակայն այդ ֆիքսված թիվը մեծ հաշվով չհեշտացրեց մեզ նման խմբերի գործը, ոչ միայն նորից գնի բարձր լինելու պատճառով, այլ քանի այն մշակված չէր թատրոնի համար։ Ներկայացման հանձման ձևը մի քիչ այլ է  համերգայինից, որի դեպքում մեկ օրն հերիք է համերգը ներկայացնելու համար։ Հատկապես դժվար է մեր բեմերի դեպքում, որտեղ լույսերից շատերը չեն աշխատում, բեմերի չափսերը երբեմն ճշտված չէ, կամ փոփոխել հնարավոր չէ, ձայնային հնարավորություններ չունեն։ Առաջնախաղի դեպքում կարիք կա մի քանի փորձի, որտեղ դերասանը, բեմադրիչը, ձայնային և  լուսային օպերատորը կկարողան հարմարվել, փորձել և զգալ բեմը ։ 

Եւրոպայայում, Չինաստանում, Իրանում  գործում է տարբեր համակարգեր, թե ինչպես կարելի է հնարավորություն տալ բեմ չունեցող խմբերի օգտվել այդքան թանկ հաճույքից, օրինակ՝ շաբաթը մեկ անվճար տրամադրել դահլիճը, կամ որևէ թատերախումբ ունի պայամանգիր տվյալ թատրոնի հետ՝ օգտագործելու բեմը, կամ մշակույթի նախարարությույը որևէ թատրոնը տալիս է մի քանի խմբերի, կամ դրամաշնորհի մեջ կրում է այդ պարտավորությունը։ 

 «Էվրիդիկե»ն ունեցավ միայն մեկ թերի առաջնախաղ՝ վերը նշած պատճառներով ու  իր ծախսատարությամբ մեր 3 մյուս առաջնախաղերից ավելին թանկ նստեց մեզ վրա, չունեցավ որևէ շահույթ։

Արդյունքի գնահատման ձևեր

Փոքր դրամաշնորհների մրցույթի պայմանագրում  նշված է, որ բացի բյուջեի վերջնահաշվարկից նաև պետք է ներկայացնել՝ կատարված աշխատանքի գրավոր ամփոփում։

Մենք ամփոփիչ նամակին կցեցինք նկարներ, կարճ տեսագրությունը և, չնայած որ «Էվրդրիկեն» մեր նախընտրած ձևով չէր ընթացել, քննադատական դրվատական հոդված էր գրվել թատերագետ Ա․ Նեդոլյանի կողմից, կցեցինք նաև այդ։ Այս վերջին կետը միայն կարող էր նախարարության համար ապացույց լինել, որ մենք խաղացել ենք ներկայացումը, քանի իրենք ոչ մի անգամ չեն հետևել ոչ՝ փորձի ընթացքին, ոչ եկել են՝ հանձնմանը և ոչ էլ՝  դիտել առաջնախաղը։ Մեր դեպքում թերևս դահլիճի վարձակալության պայմանգիրը կար, պետական թատրոնների դեպքում՝ դա էլ չկա։

Գնահատման առաջին քայլը իհարկե պետք է լինի այցելությունը ներկայացումներին... Իսկ եթե լուրջ, ըստ իս՝ պետք է ձևավորել հանձնաժողով գնահատելու՝ տարված աշխատանքի և՛ դրական և՛ բացասական կողմերը։ Այս գնահատականից ելնելով էլ կարելի է շարունակել համագործակցությունը տվյալ խմբի հետ։ Վստահաբար՝ խմբի մեկ աշխատանքը կարող է լինել անհաջող, չնայած նախորդը, կամ հաջորդը՝ լավ։ Ուրեմն՝ այստեղ էլ նախարարությունը պետք է վարի ճկուն և ըմբռնողունակ քաղաքականություն։ 

Այստեղ կարևոր է նաև, որ այս գնահատականի մեթոդը նույն չափորոշիչներով չպետք է դիտարկի մշակութային և արվեստային ներկայացումները։ Քանի առաջինի դեպքում, եթե կարելի է կիրառել քանակական մոտեցում․ կախված՝ ներկայացման խաղարկված անգամների, հանդիսատեսի մասնակցելիության թվի, ապա երկրորդի դեպքում պետք է տեսնել փորձարարականության արդիությունը, մտքի՝ տարողունակությունը և այլն։    

Հաղթած ծրագրի ապագա 

Ապակենտրոն քաղաքականությունը, որը նախարարությունը իր ծրագրի մեր ներառել է վերջին երկու տարիներին, առաջին հերթին նշանակում է․ համայնքային թատրոնների հետ սերտ համագործակցություն։ Ոչ միայն Երևանից հյուրախաղեր և արտիստներ դեպի մարզեր հյուրընկալվեն (դա ապակենտրոն չէ), այլ բոլոր կետերի ակտիվացում դեպի այլ տեղեր, ոչ անպայման՝ Երևան, նույնիսկ՝ արտասահման հյուրախաղեր։

Փառատոնների մեկնած ներկայացումները հաճախ են վերադառնում առաջին տեղին արժանացած կամ գրան պրիի դիպլոմներով։ Միգուցե հայկական թատրոնը թելադրում է աշխարհին կամ ապշեցնում ՝ իր ամեն մուտքով։ Բայց նախ կարծում եմ կարելի է տեսակավորել փառատոնները և ըստ այդմ հատկացումներ անել․ ուր են ուղևորվում այս ներկայացումները․ Ճ կարգի, Դ կարգի, թե Ա կարգի փառատոն, արդյո՞ք այդ հարթակները ներառում են ամբողջ միջազգային թատրոնի ներկապնակը։

Այս հարցերին կարելի է պատասխանել, եթե նախարարությունն ունի հստակեցված դիրքորոշում, թե ինչպիսի նյութ է նա ներկայացնում աշխարհին․ հայ հեղինակի, ժամանակակից դրամատուրգ, թե՝ ֆիզիկական թատրոն։ Եվ իհարկե ստեղծի հավասար հնարավորություններ բոլոր խմբերի համար՝ մասնակցելու իր կողմից հովանավորված հյուրախաղերի։

Ամփոփում

Այս փոքրիկ դրամաշնորհները կարծես փորձ էր պետության կողմից ազատականացնելու դաշտը՝ հնարավորություն տալ ինչ-ինչ պատճառներով պետական թատրոնների մեջ չներգրավված արվեստագետներին ներգրավվել պետական ծրագրերում, իսկ պետական թատրոններին պարտավորեցնում էր լինել մասնակցային։ Սակայն այն ամբողջապես մշակված չէ այս 2 խմբերի  հավասար պայմաններ ստեղծելու՝ իր գաղափարականությանը հասնելու համար։ 

 Նախարարի թատրոնի գծով տեղակալ Ա․ Խզմալյանն իր հարցազրույցներից մեկում ասաց, որ հաջորդ տարի ավելի կխստացնեն դրամաշնորհների ընդունման ընթացքը՝ դիմորդների համար։ Երևի խստացման  վեկտորը պետք է ուղղել մի քիչ էլ դեպի ներս՝ վերանայել ընթացակարգերը, բյուջետի բախշման մոտեցումները, նախարարություն- դիմորդ շփման ձևերը։ Այս ամենը հնարավոր կլինի իրականցնել միմիայն քաղաքական կամքի շնորհիվ։ Իհարկե, եթե արված քայլերը և ասված խոսքերը ձևական չեն։ Ինչևէ ․․․ Խոչընդոտներին և ծառացած բարդություններին դեմ հանդիման գնալով, մենք պատրաստվում ենք այս տարի ևս մասնակցել մրցույթին։  

2020 թվականի մեր ծրագիրն արդեն կազմված է․ առաջնախաղեր, նորանուն հեղինակներ, աշխատանոցներ ու դասախոսություններ, պատանիների համար մշակութային ծրագրեր, և այս, անհամեստորեն ասեմ, տիտանական աշխատանքը, կամավոր հիմունքներով։ Ինչո՞ւ մենք սուբսիդավորված միավորների թվում չենք։ Չգիտեմ։ Թողնում եմ այս հարցը բաց, բայց ոչ հռետորական։ 



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter