HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Ամուսինը պնդում է՝ կինը մահացել է բժիշկների անփույթ վերաբերմունքի հետևանքով

Սուսաննա Բադալյանը 2017թ․-ի փետրվարի 16 -ին՝ արգանդի միոմայի հեռացման վիրահատությունից երկու տարի անց, մահացել է՝ չարորակ գոյացության պատճառով։ Վիրահատությունը կատարվել  է «Աստղիկ» Բ/Կ-ում, վիրահատող բժիշկ Արմեն Ալեքսանյանի պնդմամբ՝ վիրահատությունը «լավ է անցել և որևէ բարդացում չի առաջացել»։

Արմեն Ալեքսանյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ  մինչև վիրահատություն պապ թեստի հետազոտություն (թույլ է տալիս կանանց մոտ գնահատել արգանդի պարանոցի քաղցկեղի հավանականությունը կամ նախանշել առկայությունը) արվել է, սակայն պատասխանը «մաքուր» է եղել։

Վիրահատությունից 2-3 ամիս շարունակ Սուսաննան գանգատվել է ցավերից: Այս մասին պատմում է նրա ամուսինը՝ Հրայր Փեթակչյանը։ Ըստ նրա` բժիշկները կնոջ գանգատներին ուշադրություն չեն դարձրել՝ պնդելով, որ «կարերը պետք է կպնեն»։ Ըստ բժշկական կենտրոնի տրամադրած հյուսվածքաբանական հետազոտության՝ հիվանդի մոտ վիրահատության ընթացքում հեռացրել են վերարտադրողական օրգանները։

Հետազոտության մեջ, որը տրամադրել է հյուսվածքաբան Մարինա Արտաշեսյանը, նշվել է, որ արգանդի մկանային շերտում եղել է բջջային լեյոմիոմա, արգանդի պարանոցի ոչ հասուն տափակ-բջջային մետապլազիա (հյուսվածքափոխություն), ձվարանների սկրելոզ-կիստոզ(ցրված կիստոզ) փոփոխություններ։

«Կինս գնում էր բժշկի, կարերը պերեկիսով մշակում էին հետ էին ուղարկում, էսպես 2-3 ամիս, անալիզ չէին վերցնում, բայց ինքը պնդում էր՝ մի բան լավ չէ, - պատմում է Հրայրը, հավելելով, որ վիրահատությունից մոտ կես տարի անց այցելել են «Նաիրի» Բ/Կ, հետազոտություն անցել։

«Որևէ խնդիր չի եղել, ես կնոջս ասում էի՝ դե տես պրոբլեմ չկա, կրկնում էր՝ Հրայր կա, ես զգում եմ»,- պատմում է Հրայր Փեթակչյանը։

Սուսաննա Բադալյանը երկրորդ հետազոտությունն անցել է «Շենգավիթ» Բ/Կ-ում։ Համակարգչային շերտագրմամբ պարզվել է, որ կինն ունի հետմիզապարկային տարածության աբսցես (թարախակալություն), որից հետո 2018-ի սեպտեմբերի 4-ին կատարվել է վիրահատությունը։

«Մինչև վիրահատությունը մեզ ասացին, որ թարախի պարկը կհեռացնենք, ամեն ինչ լավ կլինի, վիրահատությունից հետո բժիշկ Ռուբեն Բորոյանը դուրս եկավ, ասաց՝ Հրայր լավ բան չունեմ ասելու, ոչ թե թարախային պարկ ենք հեռացրել, այլ չարորակ գոյացություն»,- ասում է Հրայր Փեթակչյանը ամուսինը, հավելելով, որ վիրահատություն կատարելուց առաջ չի արվել բիոպսիա (քաղցկեղի ախտորոշման մեթոդ)։

«Որևէ մեկը չի զգուշացրել, որ կարող են հեռացնել չարորակ գոյացություն, ինձ ուղղակի ասացին, որ ինչքան հնարավոր է ուռուցքը հեռացրել են, և պետք է քիմիա կամ ճառագայթային բուժում անել։ Եթե իմանայի, որ գոյացություն է, չէի թողնի վիրահատեն, ես կտանեի Եվրոպա, կգտնեի լավագույն բժիշկներին»,-պատմում է Հրայր Փեթակչյանը։

Երկրորդ վիրահատության հյուսվածքաբանական ախտորոշման մեջ նշված է, որ կնոջ օրգանիզմում հայտնաբերվել է ինվազիվ տափակբջջային G3 քաղցկեղի ներաճ փափուկ հյուսվածքներում։ Որպես եզրափակիչ ախտորոշում՝ նշվել է արգանդի պարանոցի ռեզիդուալ տափակբջջային քաղցկեղ։

Վիրահատությունից հետո Սուսաննային նշանակել են քիմիոթերապիայի կուրս, սակայն նորից խնդիրներ են առաջացել. նա օրգանիզմում փոփոխություններ է զգացել։

Քիմիոթերապիայից հետո կնոջ մոտ առաջացել է աղիքային խոռոչ: Սուսաննան կրկին դիմել է վիրահատության, այս վիրահատությունը «Աստղիկ» Բ/Կ-ում կատարել է բժշկական կենտրոնի կոլոպրոկտոլոգիայի ծառայության ղեկավար պրոֆեսոր Ալեքսանդր Աղավելյանը։

Վիրահատությունը պետք է ընթանար կոլոստոմայի տեղադրմամբ (հաստ աղիքի մի հատված պետք է դուրս հանվեր), ինչպես նաև պետք է հեռացվեին առկա ուռուցքային գոյացությունները։ Վիրահատության համար պահանջել են 1 մլն 300 հազար դրամ գումար, սակայն վիրահատությունից հետո Փեթակչյանները որևէ փոփոխություն չեն նկատել, Սուսաննան մոտ 45 օր չի կարողացել սնվել, հաստ աղիքը չի գործել։

«Զանգում եմ ասում եմ Աղավելյան չի լավանում, ասում էր՝ էսա դուրս կգան, վիրահատության մնացորդներն են, կանցնի։ Երբ նորից նայեցին, ասացին, էստեղ ձեզ ոչինչ չի օգնի, տարեք կա՛մ Մոսկվա, կա՛մ Եվրոպա։ Ստոմայով Եվրոպա ո՞նց պիտի տեղափոխեի։ Քիմիայի կուրսը ևս ընդհատվեց, քանի որ հետվիրահատական փուլում էր»,- պատմում է Հրայր Փեթակչյանը։

Վերջին վիրահատությունը կատարվում է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում», սա Սուսաննայի 4- րդ վիրահատությունն է։ Քիմիոթերապիայից առաջացած խոռոչը փակել են, բժիշկ Խաչատուր Բադալյանը Սուսաննայի ընտանիքի անդամներին  ասել է, որ ուռուցքին չի կպել, և զգուշացրել է, որ շարունակի ստանալ քիմիոթերապիայի բուժումը, որից հետո քաղցկեղը կհեռացվի։

«Քանի որ «Աստղիկում» արված վիրահատությունը և «Միքայելյանում» արված հետվիրահատական շրջանը տևել է 3 ամիս, մենք էդ ընթացքում քիմիա չկարողացանք անել, ժամանակ կորցրեցինք, էլ ոչինչ չկարողացանք փոխել։ Խաչատուր Բադալյանն ասաց, որ եթե մի քանի ամիս շուտ տեղափոխեինք իրենց հիվանդանոց, եւ ի սկզբանե իրենց մոտ կատարեինք խոռոչի փակման եւ ստոմայի վիրահատությունը, հնարավոր էր կյանքը փրկել»,-  ասում է Սուսաննայի աղջիկը՝ Մարինա Փեթակչյանը։

Հրայր Փեթակչյանը պնդում է՝ այսպես եղել է բժիշկների անուշադրության և անփութության պատճառով, ովքեր հետևողական չեն եղել և ժամանակին չեն փորձել կանխել կնոջ մահը։ Նա պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին, որպեսզի պարզեն, թե ում անուշադրության պատճառով է դեպքը եղել։ 

«Ես ուզում եմ ուղղակի հանրությունը տեղյակ լինի, որ սրիկայությունն էլ չկրկնվի», - ասում է Հրայր Փեթակչյանը։

Բժիշկ-ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը «Հետքի» հետ զրույցում պնդում է, որ վիրահատությունից առաջ պետք է կատարվեր արգանդի պարանոցի բջջաբանական հետազոտություն, պապ թեստ․ «Սա ստանդարդ գործընթաց է, էպիկրիզի մեջ նշված չէ, ես չգիտեմ արվել է, թե ոչ, եթե արված լինի ու հայտնաբերված լինի քաղցկեղ, բնական է, որ չէին գնա այդ վիրահատությանը, կուղարկեին ուռուցքաբանի մոտ, մյուս տարբերակն էլ այն է, որ արվել է սակայն սխալ պատասխան է տրվել վիրաբույժին»,- ասում է ուռուցքաբանը։

Մեկնաբանություններ (1)

Սեդրակ
Մեղավորները պեք է պաժվեն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter