Միջպետական ճանապարհի Ձորագետ-Փամբակ հատվածի հիմնանորոգված 3 թունելների լույսերը մեկ տարի է՝ չեն վառվում
Մ-6 միջպետական ճանապարհին հիմնանորոգված 3 թունելներում լուսավորություն չկա՝ չնայած մեկ տարի է՝ վերանորոգման աշխատանքներն ավարտված են։
«Հետք»-ի հարցմանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Մ-6 Վանաձր-Ալավերդի–Վրաստանի սահման միջպետական ճանապարհի «Ձորագետ–Փամբակ» ճանապարհահատվածում գտնվող թունելներում նախագծով նախատեսված է եղել միայն լուսավորության համակարգի տեղադրումը՝ առանց էլեկտրասնուցման արտաքին գծերին միացման։
«Ներկայումս էլեկտրասնուցման հարցը կարգավորված է, և ճանապարհը սպասարկող ընկերության պայմանագրում էլեկտրաէներգիայի սպառմանն առնչվող համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո թունելների լուսավորությունը կգործարկվի»,-հայտնում են ՊՈԱԿ-ից:
Սակայն թե երբ կլինի լուսավորությունը, հստակ ժամկետ չեն հայտնում:
Մ-6՝ նշված ճանապարհահատվածի երեք թունելներում կատարվում է խառը երթևեկություն՝ ավտոտրանսպորտ, հեծանվորդներ և հետիոտն: Ալավերդու ավտոդպրոցի նախկին տնօրեն և ուսուցիչ Անմեղիկ Ահարոնյանի խոսքով, թունելներում անվտանգ երթևեկության կարևոր նախապայման է ոչ միայն վարորդների տեսողության հետ հարմարեցված լուսավորությունն ու բարեկարգ ճանապարհը, այլև սահմանված արագության պահպանումը: Անմեղիկ Ահարոնյանի ասելով՝ դժբախտ պատահարներից խուսափելու համար, «Ձորագետ-Փամբակ» ճանապարհահատվածի հիմնանորոգումն ավարտելուց հետո, շինարարական կազմակերպությունը պարտավոր էր ճանապարհային նշաններով կահավորել թունելները և ապահովել դրանց լուսավորությունը: Իսկ առայժմ, հատկապես 276 մ երկարությամբ թունելում մեծ արագությամբ շարունակում են ընթանալ ավտոմեքենաները:
Այս թունելում գտնվող շրջադարձում ամեն օր կարելի է հանդիպել ավտոմեքենաների լամպերի ջարդված ապակիների:
Մեջտեղի՝ 276 մ երկարությամբ թունելի ներսում գտնվող վտանգավոր շրջադարձի մասին ճանապարհային նշանով վարորդները չեն տեղեկացվում:
Լոռու մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Վ. Ղարսանյանը տեղյակ էր 276 մ երկարությամբ թունելի վտանգավոր շրջադարձին: Նրա ասելով՝ շրջադարձը վտանգավոր է դառնում միայն ավտոմեքենաների մեծ արագության դեպքում, իսկ սահմանված ժամում 40/կմ արագությամբ վարելու դեպքում շրջադարձը որևէ վտանգ չի ներկայացնում երթևեկության համար:
Թունելից մեծ արագությամբ դուրս եկող ավտոմեքենաները բախվում են նաև թունելի մուտքի հարևանությամբ գտնվող ճանապարհի հենապատին: Բախման հետքերը սպիտակ հենապատի վրա այժմ էլ պահպանվում են:
«Ձորագետ –Փամբակ» ճանապարհահատվածի երեք թունելների անվտանգ երթևեկության սպառնալիքների մասին տեղեկատվություն խնդրեցինք ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից: Վերջինս հեռախոսով մեզ հայտնեց, որ ճանապարհային ոստիկանությունը որևէ պարտականություն չունի Մ-6 ճանապարհի «Վանաձոր- Թումանյան կայարան» ճանապարհահատվածի թունելների հսկողության հետ. «Մենք վերահսկում ենք միայն մայրաքաղաքի ճանապարհային թունելները»,- ասաց Աշոտ Ահարոնյանը:
Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Կարեն Ջանազյանը մեզ հայտնեց, որ թունելներում ստեղծված վիճակի մասին պետք չէ ահազանգել, քանի որ մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը պատրաստվում է դրանց լուսավորության և մյուս խնդիրների մասին գրություն ուղարկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:
Հարցին՝ թե ինչու այդ գրությունը մեկ տարվա ընթացքում ավելի վաղ չեն ուղարկվել, Կ. Ջանազյանը չպատասխանեց:
Վերադառնալով թունելներում անթույլատրելի արագությամբ ավտոմեքենաները վարելուն՝ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն»-ից հայտնել են. «Ըստ ճանապարհի կարգի Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհը համապատասխանում է 3-րդ կարգին‚ դժվար լեռնային հատվածներում համապատասխանում է 4-րդ կարգին‚ որտեղ երթևեկության արագությունը սահմանված է մինչև 40 կմ/ժամ։ Իսկ թունելներում արագությունը չպետք է գերազանցի 30 կմ/ժամը»։
««Ձորագետ-Փամբակ» ճանապարհահատվածի երեք թունելներով երթևեկում են նաև հարակից բնակավայրերի բնակիչները։ Այս առումով ավելի է կարևորվում թունելների լուսավորության հրատապ միացումը»,- ասում է Անմեղիկ Ահարոնյանը:
Անդրադառնալով 276 մ երկարությամբ թունելի մուտքի մոտ արագության ճանապարհային նշանին, Անմեղիկ Ահարոնյանը բացատրեց, որ այդտեղ արագության ճանապարհային նշան տեղադրելը պարտադիր չէ, քանի որ գրագետ վարորդը թունել մտնելու նշան տեսնելուց հետո պետք է հիշի այնտեղ սահմանված արագությունը և ավտոմեքենան վարի այդ արագությամբ:
Վարորդների կողմից թունելում ավտոմեքենաները մեծ արագությամբ վարելը Անմեղիկ Ահարոնյանը համարեց վարորդների պատշաճ գիտելիքներ չունենալու հետևանք:
«Հիմա ով ասես վարորդ է դառնում, պետք է վարորդների գիտելիքները լրջորեն ստուգվեն»,- ասաց Ահարոնյանը, ապա հիշեց խորհրդային ավտոդպրոցները, որոնք վարորդական իրավունք էին տալիս միայն երթևեկության մասին պատշաճ գիտելիքներ ստացող քաղաքացուն:
Մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Վ. Ղարսանյանն էլ հայտնեց, որ հունվարի 1-ից Մ-6 միջպետական ճանապարհի «Ձորագետ-Փամբակ» ճանապարհահատվածի 3 թունելների սպասարկման պատասխանատվությունը դրվելու է Վանաձորի երբեմնի քաղաքապետ Սամվել Դարբինյանին և վերջինիս եղբորը պատկանող «ԼՈՌԻ ՃՇՇ» ՓԲԸ-ի վրա:
Մեկնաբանել