
ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ ծննդի կապակցությամբ
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը ներկայացնում է պետնախարարի ամանորյա ուղերձը.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ավարտվում է 2019-ը թվականը: Շրջում ենք պատմության ևս մեկ էջ, որը, հիրավի, աշխատանքի, նոր հնարավորությունների իրացման, նպատակներ իրագործելու ժամանակահատված էր: Այսօր ավելի շատ փորձում ենք գնահատել մեր ձեռքբերումները, բացթողումները, խտացնել լավագույնն ու այն խնամքով պահպանել մեր հիշողություններում:
Արձանագրենք, որ անցնող տարին իսկապես վերելքի, զարգացման ժամանակահատված էր: Շնորհիվ կայուն տնտեսական ցուցանիշների, մեր երկրի կենսագործունեության բազմաթիվ ոլորտներում առաջընթացը կայուն էր ու կարևոր՝ հաջորդ տարիների ռազմավարական ծրագրերն իրագործելու առումով:
Համենայնդեպս, մենք փորձել ենք առավելագույնս համադրել հնարավորություններն ու ցանկությունը: Տարին զերծ չէր փորձություններից, և այդ փորձությունների մեծամասնությունը մենք հաղթահարել ենք միասին ու արժանապատվորեն: Ուզում եմ առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորել նրանց, ում ընտանիքում մանկան ճիչ է լսվել, ովքեր ամանորյա հրաշքին սպասում են նոր բնակարանում:
Մեր մշտարթուն սահմանապահներին եմ շնորհավորում, և նրանց, ովքեր սրտի բաբախյունով սպասում են նրանց վերադարձին: Մեր երեխաներին ու ծնողներին, տատիկներին ու պապիկներին, ովքեր իրենց ներկայությամբ մեր կյանքը իմաստավորում են՝ հղում եմ ջերմ բարեմաղթանքներ:
Թող 2020-ը հաջողությունների, լիության տարի լինի արդար քրտինքով հաց վաստակող գյուղացու համար: Թող մեր երկրի առավոտները միշտ խաղաղ լինեն, և աշխատելու, ստեղծագործելու, ինքնադրսևորվելու հնարավորությունները շատ ավելին լինեն:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Տարեմուտի այս նվիրական պահին ցանկանում եմ շեշտել մեր ժողովրդի համախմբվածությունն ու ընդգծված քաղաքացիական պատասխանատվությունը, որն անհրաժեշտ է հատկապես ներքաղաքական առումով կարևոր տարում:
2020 թվականին մենք որոշելու ենք մեր առաջընթացի հերթական ուղղությունը և խոհեմությունը մշտապես ուղեկից է լինելու մեզ: Եվս մեկ անգամ, Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին եմ հղում ամանորյա ջերմ շնորհավորանքներս: Թող 2020-ը խաղաղության և բարեկեցության տարի լինի:
Շնորհավո՛ր Նոր Տարի»:
Մեկնաբանել