
Սուրճ․ որտեղից ենք ներկրում և ուր կրկնակի թանկ արտահանում
Վերջին 5 տարիներին Հայաստան ներկրվող սուրճի ծավալները 10%-ով նվազել են։ Ծավալային հարաբերակցությամբ՝ Հայաստանն ավելի շատ սուրճ է ներկրում, սակայն արտահանում է այն երկու անգամ թանկ։
Չնայած նրան, որ Հայաստանից տարեկան միջինն արտահանվում է մոտ 960 տոննա սուրճ և կան այսպես կոչված՝ «հայկական» սուրճի տեսակներ, այնուամենայնիվ, Հայաստանն արտադրող չէ, այլ՝ վերափաթեթավորող, որը ներկրված սուրճը վերամշակում է ու վաճառում սեփական ապրանքանիշի տակ։
Մենք ուսումնասիրել ենք 2015-2019թթ․ սուրճի ներկրման և արտահանման ծավալներն ու հիմնական ուղղությունները։
2015-2019թթ․ Հայաստանն արտահանել է 4787 տոննա սուրճ՝ ընդհանուր 22 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ։ Սուրճի արտահանման մեկ կգ արժեքը միջինը կազմել է 4 ԱՄՆ դոլար:
Հայաստանից սուրճն արտահանվում է հիմնական երկու ուղղություններով, մեկը՝ Ռուսաստան, մյուսը՝ Վրաստան։ Արտահանման 57 %-ը բաժին է հասնում հենց ՌԴ-ին։ Օրինակ, 2015-2019թթ առաջին կիսամյակում Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 2732 տոննա սուրճ, ընդհանուր՝ 13 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ։
Երկրորդ ուղղությունը Վրաստանն է, որին բաժին է հասնում արտահանման ծավալների 32 %-ը․ 5 տարում Հայաստանից Վրաստան է արտահանվել 1522 տոննա սուրճ։ Արտահանման 0,25 %-ը կազմում է Ուկրաինա արտահանվող սուրճը։
Հայաստանից այն արտահանվում է նաև ԱՄՆ, Կանադա, Եվրոպական երկրներ, Իսրայել, Ղազախստան, Ղրղզստան, Թուրքմենստան, ինչպես նաև՝ Ճապոնիա և Չինաստան, սակայն՝ քիչ ծավալներով։
2015-2019թթ․ արտահանման այս ուղղությունները գրեթե նույնն են մնացել, ծավալային բաշխվածությունը ևս էականորեն չի փոխվել։
Միևնույն ժամանակ ներկվել է 12 անգամ ավելի շատ սուրճ՝ 56561 տոննա՝ ընդհանուր 122 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ։ Սուրճը Հայաստան է ներկրվում մեկ կգ-ն մոտ 2 ԱՄՆ դոլար արժողությամբ։
Սուրճի մեծ մասը ներկրվում է Ինդոնեզիայից, Վիետնամից, Աֆրիկյան մի շարք երկրներից՝ Եթովպիայից, Նիկարագուայից, Ուգանդայից, ինչպես նաև՝ Հնդկաստանից, Բրազիլիայից, Ռուսաստանից։
Եվրոպական երկներից ամենաշատը սուրճը ներկրվում է Իտալիայից՝ մոտ 157 տոննա 5 տարում, մնացած երկներից ներկվող սուրճի ծավալներն աննշան են՝ մինչև մեկ տոննա։
Մեկնաբանել