HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Շուշի» հիմնադրամը դատի է տալու ադրբեջանական իշխանություններին

«Շուշիից, Մալիբեյլուից, Աղդամից, Քյոսալարից անընդհատ ռմբակոծում էին Ստեփանակերտը և Ասկերանը: Ես մի քանի անգամ այդ ռմբակոծության տակ եմ հայտնվել: Ստիպված նկուղներում էինք թաքնվում: Պարզ էր, որ կամ պիտի ժողովուրդը հեռանար, կամ պիտի վերացնեին այդ կրակակետերը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանը:

Ստեփանակերտին հարևան Մալիբեյլուի կրակակետը վերացնելու գործողության ընթացքում Արցախի ինքնապաշտպանության ուժերի կողմից միջանցք էր թողնվել բնակչության հեռանալու համար: Մալիբեյլուում թողնված միջանցքով բնակչության անցումը հեշտ իրականացվեց: «Հաջորդը Խոջալուի հերթն էր: Երկու միջանցք թողնվեց բնակչության հեռանալու համար: Մեկը՝ Ասկերանով Աղդամ, մյուսն էլ՝ Նախիջևանիկ գյուղով Աղդամ»,-ասում է Բակուր Կարապետյանը:

Խոջալուի բնակչության գիշերային գաղթի ականատեսի`հատուկ նշանակության հետախուզական խմբի հրամանատար Վլադիմիր Վարդանովի խոսքերով՝ իրենք Խոջալուի վրա գրոհելու հրաման չեն ունեցել, այլ միայն պահելու: «Այնտեղ, որտեղ, որ մենք նստած էինք հետախուզության, հետագայում այնտեղ գտան ադրբեջանցիների դիակները: Երբ փախստականների հոսքը, որը գիշերվա երկուսի-երեքի կողմը հասավ Նախիջևանիկ, ես այդ պահին լսեցի  հրաձգություն, որը տևեց  մոտ տաս-տասնհինգ րոպե: Կարծում եմ, որ փախստականների մեջ նաև զինվորականներ կային, քանի որ աբսուրդ է, որ միայն խաղաղ բնակչությունը հարձակվի, գրավի Նախիջևանիկի դիրքն ու սպանի զինվորներին»,- ասում է Վլադիմիր Վարդանովը:

Ազերիների դիակները գտել են այնտեղ, որտեղ Վարդանովը հետախուզություն է իրականացրել: Նա արդեն փետրվարի 27-ի առավոտյան լքել է այդ տարածքը ու դեռ այդտեղ դիակներ չեն եղել: Նրա խոսքերով՝ եթե այդտեղ ինչ-որ բան իրականացվեր նա կնկատեր անպայման: Վ. Վարդանովի ենթադրությամբ՝ դիակները տեղափոխվել են երեկոյան: «Հետո երբ ես դա տեսա, սարսափեցի: Այդտեղ միակ հայկական ուժը ես եմ եղել: Եթե ես մեծ ցանկություն էլ ունենայի, չէի կարող այդքանին  սպանել: Մեծ տրագեդիա է տեղի ունեցել, որին մենք մասնակից չենք եղել»,- ասում է բանախոսը: Վարդանովը կրակոցներ լսել է թե՛ դիրքերի ուղղությամբ և թե՛ դեպի դիրքեր: Սակայն ադրբեջանցիների նման արարքը Վարդանովը կապում է միայն անտեղյակության հետ: «Եթե տրիբունալ լիներ, ես չէի դատի այդ ադրբեջանցիներին, քանի որ, կարծում եմ, որ նրանք չգիտեին, որ նրանց վրա փախստականներ են կրակում»: Իր պրակտիկայում նման դեպքեր եղել են, երբ նույնիսկ հայկական կողմից  հետախուզության ընթացքում իր վրա կրակել են, քանի որ տեղյակ չեն եղել:

Ադրբեջանական քարոզչությունը Խոջալուի բնակչության հետ տեղի ունեցած դեպքերը փորձում է բարդել հայկական կողմի վրա`այն ներկայացնելով որպես ցեղասպանություն: Սակայն Վ.Վարդանովի կարծիքով՝ ռազմական գործողությունների ընթացքում տեղի ունեցած սպանությունը չի կարող ցեղասպանություն կոչվել:

«Շուշի» հիմնադրամն այժմ պատրաստվում է միջազգային դատարանում դատի տալ ադրբեջանական իշխանություններին բացահայտ կեղծիքի`այդ դեպքերը հայկական կողմի վրա բարդելու համար:

Արմինե Հովհաննիսյան 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter