«Հետք»-ի աշխատանքը 2019-ին
Հրապարակել ենք 37 տեղական և 1 միջազգային հետաքննություն, որի արդյունքում 9 հրապարակումից 2-ի վերաբերյալ դատախազությունում նյութեր են պատրաստվում, 7-ի հիման վրա հարուցվել են քրեական գործեր, աշխատանքից ազատվել են պատասխանատու անձինք։
- Միջազգային գործընկերների հետ համագործակցության արդյունքում հայտնաբերել ենք փողերի լվացման Տրոյկա Լանդրոմատ սխեման, որտեղ ապօրինի օգտագործվել են հայ արտագնա աշխատողների տվյալները։
- Ուսումնասիրել ենք Հայաստանի ամենահարուստ օլիգարխի՝ Գագիկ Ծառուկյանի տեղական և միջազգային բիզնեսներն ու ունեցվածքը։
- Հայտնաբերել ենք Երևանում գործող կազմակերպված հանցավորության խումբ, որի գործունեությունը դադարեցվել է, և քննություն է սկսվել իրավապահների կողմից։
- Հայտնաբերել ենք, որ Հայաստանում գործում է արգելված դեղանյութ պարունակող նիհարեցնող միջոցների «սև շուկա»։ Դատախազությունն ուսումնասիրություն է սկսել, իսկ նիհարեցնող միջոցների որոշ խմբաքանակ հետ է կանչվել։
- Բացահայտել ենք խախտումներ կենսաբանական ակտիվ հավելումների հայաստանյան շուկայում, որից հետո հավելումների մի մասը զրկվել է պետական գրանցումից, մի մասը՝ հետ կանչվել, իսկ որոշ արտադրողների մոտ իրականացվել է վերահսկողություն։
- Մեր հետաքննությունից հետո «Վեոլիա ջրի» տնօրենն ազատվել է աշխատանքից, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` դադարեցրել պետբյուջեից խմելու ջրի սուբսիդավորումը։
- Ծաղկաձորում անտառային հողերի սեփականաշնորհման վերաբերյալ հետաքննության հիման վրա քրեական գործ է հարուցվել: Դատախազությունը կդիմի դատարան, հողերը պետությանը վերադարձնելու նպատակով:
- Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի որդուն պատկանող ընկերությունը «Հետք»-ի հրապարակումից հետո Ջերմուկում 20 հազար հատ ծառ է տնկել։
- Պարզել ենք, որ տնտեսվարողներին ՀԴՄ-ները վաճառվել են ինքնարժեքից 70 %-ով թանկ: Հարուցվել է քրեական գործ, որում ներգրավված են Պետական եկամուտների կոմիտեի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:
- Վարչական դատարանը «Հետք»-ի հայցի հիման վրա Պետական եկամուտների կոմիտեին պարտավորեցրեց տրամադրել ՀԴՄ-ների ձեռքբերման պայմանագրերը, իսկ Կառավարությունը գաղտնազերծեց նաև ՀԴՄ-ների գնումը կարգավորող որոշումները:
- Անդրադարձել ենք պոչամբարների վերամշակման թեմային, ինչից հետո պատգամավոր Մերի Գալստյանը օրինագիծ է ներկայացրել` պոչանքները վերամշակող ընկերության վերաբերյալ մոնոպոլային օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին:
- Ուսումնասիրել և հայտնաբերել ենք Հայաստանում ոսկու հանքերի սեփականատերերին։
- Ուսումնասիրել ենք Հայաստանի փակ հաստատությունները և գրել 13 հոդված-հետաքննություն՝ այդ հաստատություններում առկա, չբարձրաձայնված խնդիրների մասին։
- Իրականացրել ենք հետաքննական և տվյալների լրագրության գործիքներ թեմայով դասընթացեր, վերապատրաստվել է 42 լրագրող։ Արդյունքում պատրաստվել է 5 հետաքննական նյութ, լուսաբանվել են ՏԻՄ ընտրություններ՝ 19 համայնքում։
- Ստեղծել ենք պաշտոնյաների ունեցվածքի վերաբերյալ data.hetq.am տվյալների շտեմարանը, որի արդյունքում հայտնաբերել ենք տասնյակ դատավորների չհայտարարագրված ունեցվածք և շահերի բախում ենթադրող նվիրատվություններ։
- Ընդունել ենք պրակտիկանտներ՝ Ղրղզստանից և Ղազախստանից, ովքեր «Հետք»-ի թիմի օգնությամբ հայտնաբերել են իրենց պաշտոնյաների անշարժ գույքը Դուբայում։
- Սկսել ենք «Հետք Մեդիա Գործարան» նախագիծը, որը 2020 թ.-ի սեպտեմբերից 60 ուսանողի սովորեցնելու է հետաքննական լրագրություն, տվյալների վիզուալիզացիա, փաստերի ստուգում, մոբայլ լրագրություն, անիմացիա և ֆոտո/վիդեո լրագրություն։
- «Հետք»-ի հրապարակումից հետո վազաշենցի մի ընտանիք նոր տուն ունեցավ:
- Այս տարի մեր լրագրողները ստացել են 11 մրցանակ՝ տարբեր միջազգային և տեղական կազմակերպություններից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել