
ԱԱԾ․ «Բացահայտվել է պետությանն առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպք»
Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ բացահայտել է պետությանն առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելով զուգորդված ապօրինի ձեռնարկատիրության դեպք:
«Ըստ ստացված փաստական տվյալների, ՀՀ քաղաքացին, առանց պետական գրանցման և հատուկ թույլտվության, իր ռիսկով, 2016թ.-ից մինչև 2019թ դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, խախտելով ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված նորմերը, փոխշահավետ համաձայնության գալով ՀՀ առևտրային բանկերի որոշ աշխատակիցների հետ, զբաղվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ և միջնորդավճարի դիմաց՝ ՀՀ-ում գործող մի շարք փոխանակման կետերին մատուցել է շահավետ փոխարժեքով ընդհանուր առմամբ 36 միլիարդ ՀՀ դրամին համարժեք տարադրամը փոխարկելու ծառայություններ, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր՝ 11.667.800 ՀՀ դրամի չափով վնաս:
Փոխանակման վերջին դեպքում նշված անձը բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և նրա մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 100.000 ԱՄՆ դոլար, որն առգրավվել է։
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում պետությանը պատճառված վնասի չափը ճշգրտելու և այն հատուցելու ուղղությամբ»,-նշված է ԱԱԾ տարածած հաղորդագրությունում։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մեկնաբանել