Օրենքի նախագծերից ընտրությունների «հոտ» է գալիս. ընդդիմությունը քննադատում է կառավարությանը
Ազգային ժողովում քիչ առաջ 24–ժամյա ռեժիմով բուռն քննարկվում էր «Գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին» օրինագիծը: Քննարկումը ծավալվել էր ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ:
Նշենք, որ, օրինագծի համաձայն, 2008–2011 թթ. 2 մլն դրամից ցածր պարտք ունեցող հարկատուները հարկերն ամբողջությամբ վճարելու դեպքում կազատվեն տույժ-տուգանքներից, իսկ մինչեւ 2008 թ. հողի եւ գույքահարկի պարտքերը ամբողջությամբ զրոյացվում են։
Դաշնակցական պատգամավորները, կողմ լինելով օրինագծին, հայտարարեցին, թե կառավարությունը նախընտրական PR է իրականացնում, հակառակ դեպքում այդպիսի օրինագիծ կարելի էր ներկայացնել նաեւ նախորդ գումարման ԱԺ-ում:
Պատգամավոր Արա Նռանյանի ասելով՝ այս օրինագծերով կառավարությունն օրինականացված ընտրակաշառք է բաժանում։ Նույն ձեւակերպումը տվեց նաեւ ՀՅԴ խմբակցության մեկ այլ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: «Այս ի՞նչ է, ընտրակաշա՞ռք է ընտրություններից առաջ։ Ինչո՞ւ հատուկ կերպով բերվում է հենց հիմա, ինչո՞ւ պարտաճանաչ վճարողները ոչինչ այս մասին չիմանալով՝ հայտնվում են անհավասար պայմաններում։ Բնակչություն է պետք, բնակչություն, որին կարելի է պահել կախվածության մեջ, եւ երբ մոտենում են ընտրությունները, հանկարծ պարտք ներել եւ լավություն անողի դերում հայտնվել։ Այսինքն՝ ստացվում է՝ ամբողջ ժողովրդով հավաքում ենք պետական բյուջեն, իսկ այդ բյուջեի որոշ հատված կառավարությունն օգտագործում է ընտրություններում հաջողելու եւ իրենց վերարտադրելու համար»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:
ՀՀԿ-ից Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե իրենք պատրաստ են նախագծից հանել իրենց անունները, որպեսզի ընդդիմախոսները գրեն իրենց անունները, միայն թե օրենքներն ընդունվեն, քանի որ այն PR չէ: Իսկ Վարդան Այվազյանն առաջարկեց, որպեսզի քննադատողները դառնան օրենքների համահեղինակներ: «Է, լավ ենք անում PR ենք անում, կարում եք դուք էլ արեք»,- հայտարարեց Վարդան Այվազյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել