
Ավստրալիայի արևելքում հրդեհների հետևանքով զանգվածային տարհանում է իրականացվում
«Դոյչե Վելե»-ի հաղորդմամբ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս և Վիկտորիա նահանգներում տասնյակ հազարավոր մարդկանց տարհանման համար 48 ժամից պակաս ժամանակ է հատկացվել: Հրդեհը ոչնչացրել է ավելի քան հազար շինություն: Աղետի դեմ պայքարում ներգրավված են բանակի ավիացիան և ռազմածովային ուժերը։
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս և Վիկտորիա նահանգներում տասնյակ հազարավոր մարդիկ անտառային հրդեհների պատճառով 48 ժամվա ընթացքում պետք է լքեն իրենց տները: Այսօր` հունվարի 2-ին, Նոր Հարավային Ուելսի հրշեջ ծառայությունը նշեց այն տեղանքը, որը պետք է անհապաղ լքել: Նոր Հարավային Ուելսի տրանսպորտի նախարար Էնդրյու Կոնստանսը (Andrew Constance) նախազգուշացրեց առաջիկա օրերին իրավիճակի հնարավոր վատթարացման մասին:
Մեկ օր առաջ տարածաշրջան էին ուղարկվել երկրի օդուժի 5 ուղղաթիռ և թագավորական ավստրալական ռազմածովային նավատորմի 2 նավ: Դրանք մատակարարելու են ջուր և վառելիք, աջակցելու են հրդեհաշիջման աշխատանքներին և կօգնեն տարհանել մարդկանց:
Ավստրալիայում անտառային հրդեհները բռնկվել են սեպտեմբերից: Կրակը ընդգրկել է ավելի քան 5,5 միլիոն հեկտար: Սա ավելին է, քան Դանիայի կամ Նիդեռլանդների տարածքը: Հրդեհի տարածմանը նպաստում են բարձր ջերմաստիճանը և ուժեղ քամին:
Միայն Վիկտորիայի և Նոր Հարավային Ուելսի նահանգներում գրանցվել է մոտ 200 անտառային հրդեհ: Հրդեհվել է 1300 շինություն: Հիմնական ավտոճանապարհների երթևեկությունը դադարեցվել է: Նոր Հարավային Ուելսում զոհվել է առնվազն 17 մարդ, իսկ Վիկտորիայում 17-ը անհայտ կորած են:
Հազարավոր մարդիկ տարհանվում են․ հրդեհի վտանգն աղետալի է գնահատվում
Ըստ «News.com.au»-ի Վիկտորիայում բնակիչները պատրաստվում են կանխել «սարսափելի» հրդեհները, որոնք ոչնչացրել են նրանց սեփականությունները և խլել են կյանքեր Արևելյան Գիպսլենդում։ Այսօր Արևմտյան Ավստրալիայի «Goldfields» տարածաշրջանի համար տրվել է հրդեհի աղետալի վտանգի գնահատական:
«BBC»-ի հաղորդմամբ չորեքշաբթի օրվա` հունվարի 1-ի, հրդեհների ծուխը տեսանելի էր Նոր Զելանդիայի հարավային կղզուց ավելի քան 1200 մղոն հեռավորության վրա։
Զինվորական ուժերն օգնում են մասշտաբային տարհանմանը
Ըստ «Reuters»-ի երկար հերթեր են ձևավորվել սուպերմարկետներից և բենզալցակայաններից դուրս՝ վտանգավոր վայրերի մոտակայքում, քանի որ ինչպես բնակիչները, այնպես էլ զբոսաշրջիկները կամ բունկերներ են որոնում, կամ փախուստի դիմում:
Գլխավոր ճանապարհները փակվել են հրդեհային ռիսկերի պատճառով, տարբեր հատվածներում խցանումներ են:
Դեկտեմբերի 31-ին տարածաշրջանում աղետալի հրդեհներից հետո ավելի քան 50 հազար մարդ մնացել էր առանց էլեկտրաէներգիայի, իսկ որոշ քաղաքներ զրկվել են խմելու ջրից:
Ինչպես տեղեկացնում է ավստրալական «9news.com»-ը հրդեհաշիջման աշխատանքներին միացել են ԱՄՆ-ից ժամանած հրշեջները։ Նրանք ժամանել են Մելբուրն Վիկտորիա նահանգում հրդեհաշիջման աշխատանքներում տեղական անձնակազմին աջակցելու համար։
39 մասնագետները կմիանան երկրի հրդեհային ծառայության անձնակազմին, քանի որ վերջիններս շարունակում են պայքարել հրդեհների դեմ Արևելյան Գիպսլենդում (շրջան Ավստրալիայի հարավ-արևելքում):
Գայանե Հովսեփյան
Մեկնաբանել