HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ-Իրան հարաբերությունները գերլարված են. ի՞նչ է տեղի ունեցել եւ ի՞նչ է պետք անել

Տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության տեսանկյունից 2020թ.-ը սկսվեց շատ մտահոգիչ։

Այսօր գիշերը Բաղդադի օդանավակայանում հրթիռային հարվածի հետեւանքով սպանվեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին։

Պաշտոնական Վաշինգտոնը արագ հաստատեց Սոլեյմանիի սպանությունը, նշելով, որ օպերացիան իրականացվել է նախագահ Թրամփի հրահանգով, կանխելու համար հետագա գրոհները, որոնք ենթադրաբար պլանավորվում էին Իրանի կողմից:

Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեյին սպանված Սոլեյմանին անվանեց «նահատակ», Իրանի նախագահ Հասան Ռոհանին սպանությունն անվանեց «միջազգային մակարդակի ահաբեկչություն» իսկ Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը «Թվիթերի» իր էջում նշեց, որ «ԱՄՆ-ն պատասխանատվություն է կրելու իր կոպիտ արկածախնդրության բոլոր հետեւանքների համար»։

Սոլեյմանիի պատվին Իրանում հայտարարվել է եռօրյա սուգ։ Խամենեյին նաեւ նշել է, որ Իրանը վրեժխնդիր է լինելու Սոլեյմանիի սպանության համար։

Ո՞վ էր Ղասեմ Սոլեյմանին 

Սոլեյմանին ղեկավարում էր Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդսի» ստորաբաժանումը 1988 թվականից։ Նա համարվում էր կարեւոր քաղաքական եւ զինվորական ֆիգուր ոչ միայն Իրանում, այլ նաեւ ամբողջ Մերձավոր Արեւելքում։

Ղասեմը ղեկավարել եւ պլանավորել է Իրանի շահերը պաշտպանող գրեթե բոլոր առանցքային ռազմական գործողությունները Սիրիայում եւ Իրաքում։ Նա անփոխարինելի դեր է խաղացել Իրանի բացահայտ եւ գաղտնի օպերացիաների իրականացման մեջ։

Մեծ դեր է ունեցել Իրանի եւ Լիբանանում «Հեզբոլլահ»-ի մերձեցման, Իրանի եւ Սիրիայում Ասադի ղեկավարած «Բաաս» կուսակցության, Իրանի եւ Իրաքում շիա զինված ստորաբաժանումների հետ ամուր կապեր հաստատելու գործում։

«Ղոդսի» ստորաբաժանումը մի կառույց էր, որի գործունեությունը կենսական նշանակություն ուներ Իրանի շահերը պաշտպանելու հարցում։ «Ղոդսի» գլխին կանգնած Սոլեյմանին Իրանում եւ Մերձավոր Արեւելքում ամենաազդեցիկ անձնավորություններից էր: Նրան ժամանակ առ ժամանակ համեմատում էին Խամենեի հետ ու անկասկած, Ղասեմն այն անձնավորությունն էր, առանց որի Իրանի դիրքերը հնարավոր է զգալիորեն թուլանան։

Իսրայելի ու որոշ արաբական երկրների գաղտնի ծառայությունների կողմից մի քանի անգամ գեներալի դեմ մահափորձ է կատարվել, սակայն բոլորն` անհաջող։ Իսկ «Ղոդսի» ստորաբաժանումն ընդգրկված է ԱՄՆ կողմից ճանաչված ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։

Սոլեյմանին բավական երկար ժամանակ ԱՄՆ-ի թիրախում էր, բայց որևէ մեկի համար բարդ էր կանխագուշակել նրա սպանությունը, այն էլ այս օրերին, երբ ԱՄՆ-Իրան հարաբերությունները շարունակում են լարված մնալ արդեն մի քանի ամիս։

Հիշեցնենք, որ Իրանը խոցել էր ԱՄՆ անօդաչու սարքը 2019-ի հունիսին, ԱՄՆ-ն եւ նրա դաշնակից Սաուդյան Արաբիան մեղադրեցին Իրանին Սաուդյան Արաբիայում գտնվող Աբքայքի նավթային մշակման և Խուրայիսի նավթային հանքավայրը հրթիռներով խոցելու եւ օրեր առաջ Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակումը ենթադրաբար կազմակերպելու համար։

Ի՞նչ արձագանք ունեցավ Սոլեյմանիի սպանությունը

Գեներալ Ղասեմի սպանությունը համեմատվեց մի պատմական իրադարձության հետ։

Այսպես, Առաջին համաշխարհային պատերազմի առիթ հանդիսացավ 1914 թ-ի հունիսի 28-ին ավստրո-հունգարական գահի ժառանգորդ Էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի եւ նրա կնոջ սպանությունը, որից հետո Ավստրո-Հունգարիայի կառավարությունը վերջնագիր ներկայացրեց Սերբիային։ Այս դեպքից հետո ճգնաժամը սրվեց, դուրս եկավ այս երկու երկրների սահմաններից եւ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը։

Շատերը եւ՛ ԱՄՆ-ում եւ՛ դրանից դուրս քննադատեցին Թրամփի որոշումը, կապելով Սոլեյմանիի սպանությունը Թրամփին իմփիչմենթի ենթարկելու գործընթացին եւ գալիք 2020 նախագահական ընտրություններում ԱՄՆ-ի ներքին քաղաքական կոնտեքստին։

«Թվիթերում» #WorldWar3 հեշթեգը միանգամից դարձավ համաշխարհային թրենդ։

Թրամփը «Թվիթերի» իր հաշվում տեղադրեց ԱՄՆ դրոշը։ Մեկ այլ թվիթով նշելով, որ «Իրանը երբեք պատերազմ չի հաղթել, բայց երբեք չի պարտվել բանակցություններում»։

Շատերը Թրամփին հիշեցրին 2012 թվականին գրած իր թվիթերը՝ «Բարաք Օբաման կհարձակվի Իրանի վրա, որպեսզի վերընտրվի» եւ «Մի թողեք Օբամային բանեցնել Իրանական քարտը՝ պատերազմ սկսելու եւ ընտրվելու համար»։

Սոլեյմանիի սպանությունը իր մասշտաբներով համարժեք է նրան, եթե, օրինակ, Իրանը իրականացներ օպերացիա եւ սպաներ ԱՄՆ ԶՈւ-ի աշխատակազմի ղեկավար, գեներալ Ջեյմս ՄքՔոնվիլին։

Սոլեյմանիի սպանությունը ողջունողներ նույնպես եղան։ Նրանք հիմնականում նշում են, թե անկախ հետեւանքներից, Ղասեմը վտանգավոր մարդ էր, նրան սպանելը բխում էր ԱՄՆ արտաքին շահերից։ Բավականին սպասելի էր այն, որ որոշ սուննի ցուցարարներ Իրաքում այսօր տոնում էին Ղասեմի սպանությունը, իսկ սիրիական ընդդիմադիրները ողջունեցին ԱՄՆ այս քայլը։

Ի՞նչ իրավիճակում ենք հայտնվել մենք

Հայաստանի համար ԱՄՆ-Իրան հարաբերությունների ցանկացած լարվածություն մեծ մարտահրավեր է։

Հաշվի առնելով, որ եւ՛ Իրանը, եւ՛ ԱՄՆ-ն Հայաստանի կարեւոր գործընկերներ են, այս երկու երկրների միջեւ հնարավոր պատերազմը աղետալի հետեւանքներ կարող է ունենալ նաեւ մեզ համար։ Հետեւանքները բազմաթիվ ու բազմաշերտ են, դրանք թվարկելու կարիք չկա։

Հայաստանի դիվանագիտական կորպուսը բարդ խնդիր ունի իր առջեւ դրված՝ չդառնալ Իրանի դեմ գործիք ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ տարածաշրջանում շահեր ունեցող այլ դերակատարների համար։ Միեւնույն ժամանակ մնալով Իրանի համար հուսալի գործընկեր, շարունակելով դրական հարաբերությունները։ Հոդվածը գրելու պահին պաշտոնական Երեւանը որեւէ արձագանք չի տվել, սակայն կարեւոր է, որ որպես առաջին քայլ ցավակցության ուղերձ հղվի Իրանի ղեկավարությանը Սոլեյմանիի սպանության առթիվ։

Ակնհայտ է, որ Իրանը կօգտագործի Սոլեյմանիի մահը նախ հռետորական մակարդակով՝ տարածաշրջանում իր շուրջ ավելի համախմբելով հակաամերիկյան տրամադրություն ունեցող զանազան ուժերին, նաեւ կհամախմբի իրանական հասարակության զգալի հատված։ Եվ, վերջիվերջո, վրեժխնդիր կլինի իր հրամանատարի սպանության համար, ըստ երեւույթին հենց այն պահին, երբ ոչ ոք դրան չի սպասի։

ԱԳՆ-ն պետք է ակտիվ լինի եւ իր հնարավորությունների շրջանակում խաղարարի կամ լարված իրավիճակը մեղմողի դերում հանդես գա։ Մի բան, որը չարվեց 2015-ին՝ ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագրի բանակցությունների ժամանակ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter