HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետ. «Մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում մայրաքաղաքում ապօրինի հատված յուրաքանչյուր ծառի համար»

Ժամանակավոր փոսալցման աշխատանքները կկատարվեն մինչ ասֆալտապատման հիմնական ծրագրերի մեկնարկը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ սանմաքրման ձեռնարկություններին հանձնարարել է շուրջօրյա և հետևողական աշխատանքներ իրականացնել փողոցները ձնամաքրման աշխատանքների ընթացքում օգտագորված ավազից մաքրելու ուղղությամբ, ինչպես նաև  հնարավորին սեղմ ժամկետում կազմակերպելու կենտրոնական և երկրորդական փողոցների փոսալցման և ճաքալցման աշխատանքները:

«Ճաքալցման աշխատանքները կամ ժամանակին թերի են կատարվել, կամ համապատասխան որակը չի ապահովվել: Ամեն դեպքում ճանապարհներին անհարմարություններն ակնհայտ են: Չնայած ներկայում տարվող աշխատանքները ժամանակավոր բնույթ են կրում, սակայն եղանակային պայմանների բարելավմանը զուգահեռ ասֆալտապատման ծրագրերի շրջանակում կկատարվեն հիմնանորոգման աշխատանքներ»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետն ընդգծել է, որ ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթում շահած այն կազմակերպությունները, որոնք չեն ապահովի անհրաժեշտ որակ, ասֆալտի վերականգնման աշխատանքները կիրականացնեն սեփական միջոցներով:

«Ջրային կառույցներ» ՓԲԸ-ի տնօրենը զեկուցել է, որ գարնանային հեղեղումներից խուսափելու նպատակով կազմվել է անհրաժեշտ միջոցառումների ծրագիր և ժամանակացույց: Զեկուցվել է նաև, որ պատրաստ է ոռոգման ջրանցքների և ջրատարների մաքրման գարնանային աշխատանքների ծրագիր, որը կմեկնարկի մարտի 1-ից:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ ամփոփվում են հասարակական ավտոտրասպորտային միջոցների սպասարկման վերաբերյալ իրականացված մոնիտորինգի արդյունքերը: Տարոն Մարգարյանը նկատել է, որ, չնայած,  կանոնակարգման ուղղությամբ աշխատանքներ տարվում են, բայց ընդհանուր առմամբ վիճակը գոհացուցիչ չէ: Քաղաքապետը նշել է, որ բոլոր նախադրյալները կան ընթացիկ տարում հասարական տրասպորտի աշխատանքը բարելավելու և սպասարկման որակը բարձրացնելու համար, ինչին կնպաստի նաև երթուղային նոր ցանցի ներդրումն ու նոր ավտոբուսների շահագործումը:

Զեկուցվել է նաև, որ գույքագրվել են մայրաքաղաքում վերանորոգման անհրաժեշտություն ունեցող թվով 20 կանգառասրահները, կանգառագոտիներն ու 300 գծամետր ռետինե բարձակները: Առանձին հատվածներում վերանորոգման աշխատանքներն արդեն սկսվել են:

Անդրադառնալով սեփական եկամուտների` մասնավորապես աղբահանության վարձավճարների հավաքագրման գործընթացին, կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ համատիրությունների նախագահների հետ աշխատանքներ են տարվել աղբահանության վարձավճարների գանձման կարգի և ժամկետների տեղեկացման վերաբերյալ, քանի որ հունվարի 1-ից աղբահանության վճարը` որպես տեղական վճար, ենթակա է պարտադիր վճարման: Սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում կկիրառվեն համապատասխան տուգանքներ:

Համատիրությունների առավել արդյունավետ գործունեության և այդ նպատակով համատիրությունների խոշորացման գործընթացի հետ կապված քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել դաշտը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

Անդրադառնալով վարչական շրջաններում անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքների օբյեկտների սեփականատերերի կողմից պարտադիր բարեկարգման կարգի մասին Երևանի ավագանու որոշման պահանջների կատարմանը` քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը նշել է, որ գործընթացն ակտիվացել է և նախապատրաստական աշխատանքներ են տարվում հարակից տարածքների բարեկարգման ու կանաչապատման աշխատանքների ուղղությամբ:

Հանձնարարվել է նաև մարտի 1-ից շարունակել մայրաքաղաքի կանաչ գոտիների գույքագրման և ծառերի համարակալման աշխատանքները:

«Մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում մայրաքաղաքում ապօրինի հատված յուրաքանչյուր ծառի համար: Կանաչ գոտիները պետք է լինեն մեր ամենօրյա հսկողության տակ: Անթույլատրելի են նաև ապօրինի էտումներն ու այլ միջամտությունները»,- նշել է Տարոն Մարգարյանը և հանձնարարել բնապահպանության վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին առավել հետևողական լինել:

Հաշվի առնելով, որ գարնանը մայրաքաղաքում նկատվում է գյուղատնտեսական մթերքների առևտրի աշխուժացում` քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել փոքրածավալ գյուղմթերքի նոր շուկաների կառուցման վայրերի վերաբերյալ: Նշվել է, որ ներկայում Երևանում գործող գյուղմթերքի փոքրածավալ շուկաներին նախորդ շաբաթ ավելացան ևս 2-ով` Ավան և Շենգավիթ վարչական շրջաններում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ քաղաքապետը հանձնարարել է ներկայացնել նախատեսվող միջոցառումների համալիր ծրագիրը և նախապատրաստական աշխատանքներ տանել այդ ուղղությամբ:

Անդրադառնալով «Հին Երևան» ծրագրին և առանձնացնելով դրա նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, քաղաքապետը նշել է, որ ծրագրի գաղափարը պետք է իր բոլոր կողմերով ներկայացնել հանրությանը:

«Պետք է քայլեր ձեռնարկենք և հնարավորին կարճ ժամկետում իրականություն դարձնենք այս գեղեցիկ նախագիծը, ինչի արդյունքում թե երևանցիների և թե մայրաքաղաքի հյուրերի համար քաղաքի կենտրոնում կունենանք ինչպես զբոսաշրջային, այնպես էլ պատմական ու գեղագիտական ինքնատիպ մի միջավայր»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter