HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թիվ 1 առանձնատան պահպանությունը կաղում է Ծիծեռնակաբերդի ճակատից

Հունվարի 2-ին՝ ցերեկը, երեխաներիս հետ զբոսնելու էի գնացել Ծիծեռնակաբերդի այգի: Բարձրացանք ձորի բերանին գտնվող  բլուրը, որտեղից Երևանը երևում է ամբողջությամբ՝ «Մայր Հայաստան» արձանը, «Դվին» հյուրանոցը, Կասկադը…, այդ թվում՝ կառավարական առանձնատները, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի նախկին տունը, որտեղ այսօր բնակվում է Նիկոլ Փաշինյանը:

Դեռ զբոսնում էինք այգում, երբ ծառուղում մի մեքենա կանգնեց, երեք ոստիկան դուրս եկավ: Ոստիկաններից մեկը շնչակտուր էր, ասաց, որ ամբողջ Ծիծեռնակաբերդով մեզ էին փնտրում. «Բլուրի վրա դու՞ք էիք քիչ առաջ»:

Դրական պատասխան ստանալուց հետո հետաքրքրվեց, թե ի՞նչ նպատակով էինք այնտեղ: Զգալով, թե զրույցն ինչ ուղղությամբ է գնալու՝ ասացի.
- Երեխաներին Փաշինյանի տունն էի ցույց տալիս:
- Հենց դրա համար էլ եկել ենք,- ասաց ոստիկանը՝ թեթևացած շունչ քաշելով:
Նա խնդրեց մի րոպե սպասել, մինչև շունչը տեղը բերի, քանի որ, ինչպես ասաց, վազել էր  Ծիծեռնակաբերդի այգում, մեզ փնտրել:

Ապա հետաքրքրվեց՝  ունե՞մ անձս հաստատող փաստաթուղթ և արդյո՞ք նկարահանումներ չենք արել:

Ոստիկանն անմիջապես կապվեց ինչ-որ մեկի հետ, հայտնեց, որ «Ընտանիքով են, ոչ մի բան չեն նկարահանել», իսկ մեզ զգուշացրեց, որ այդտեղ նկարահանումներ անելն արգելված է, և որ այդտեղ վտանգավոր է, քանի որ… օձեր կան:

Այդ առանձնատներն ամբողջությամբ բաց են ոչ միայն Ծիծեռնակաբերդի նշյալ բլուրից, այլև ձորի ողջ երկայնքով, «Հրազդան», «Դվին» հյուրանոցներից:

Եվ այդ տարածքում բնակվելն անվտանգության խնդիր չի լուծում: Թեև Ծիծեռնակաբերդի բարձունքից կառավարական առանձնատներին նայող յուրաքանչյուր քաղաքացու դիտարկում են որպես պոտենցիալ վտանգ: 

Ծիծեռնակաբերդի այդ տարածքը մանկությունից մեր ամենահարազատ վայրն էր: Երբ Դեմիրճյանն էր այնտեղ բնակվում, 9-10 տարեկան երեխաներով այդ բլրի վրա մողես էինք բռնում, մյուս բոլոր ղեկավարների ժամանակ էլ բարձրացել, զբոսնել ենք, վերևից դիտել Երևանի համայնապատկերը, որի մի մասն էլ կառավարական առանձնատներն են: Երբևէ որևէ ոստիկան չի էլ մոտեցել:

Տարիներ առաջ Թունիսում Կարթագենի թանգարանային համալիրում էի, որի  հարևանությամբ Թունիսի նախագահի նստավայրն էր: Ոստիկանները զգուշացրին, որ ոչ միայն արգելվում է նկարահանումներ անել, այլև հայացքը երկար սևեռել նստավայրի վրա: Նախագահը Բեն Ալին էր…

Վահե Վարսանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter