Խորհրդի ներկայացուցիչների միջև չկա՞ կոնսենսուս
2011 թվականի դեկտեմբերի 17-ին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում հանդիպել է «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնության, ՀՀ բուհերի ուսանողական գիտական ընկերությունների և ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի ներկայացուցիչներ հետ։ Նախագահ Սարգսյանը հանձնարարական է տվել 100 միլիոն դրամ տրամադրել երիտասարդական գիտական ծրագրերի իրականացման համար: Հատկացումները պետք է տնօրինեն հանդիպմանը ներկա խմբերի ներկայացուցիչները։ Արդեն կազմվել է 9 անձից բաղկացած խորհուրդ՝ երեքական ներկայացուցիչ վերոնշյալ խմբերից:
«Նախաձեռնությունն ունի երկու հիմնական պահանջ: Ֆինանսների կտրուկ և զգալի ավելացում և այդ ֆինանսների հասցեագրված, արդյունավետ կիրառում»,- ասաց «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնությունը ներկայացնող, խորհրդի երեք անդամների խորհրդական Արթուր Իշխանյանը: Նրա խոսքով՝ գումարն արդյունավետ ծախսելու համար պետք է որևէ վարչական ծախս չիրականացվի, այլ օգտագործվեն երկրում եղած ռեսուրսները:
Գումարի հատկացման ուղղությունները հիմնականում հինգն են լինելու՝ Հայաստանում կոնֆերանսների կազմակերպում և աջակցում, արտասահմանում կոնֆերանսներին մասնակցության աջակցություն, գիտական ծրագրերի աջակցություն, տարբեր հայ գիտնականների անուն կրող մրցանակների սահմանում, պարգևատրումներ ազդեցության գործակից ունեցող արտասահմանյան պարբերականներում հոդվածներ տպագրած երիտասարդ գիտնականներին:
ՊԳՖԱ ֆեյսբուքյան նախաձեռնությունից խորհրդում ներգրավված անդամներն այսօր աշխատակարգի հետ կապված իրենց առաջարկություններն արեցին: Տիգրան Հարությունյանի խոսքով՝ գումարի ճիշտ բաշխման առումով առայժմ նախագծից այն կողմ չեն անցել, աշխատակարգը դեռ մշակված չէ:
ՊԳՖԱ նախաձեռնությունն առաջարկում է կիրառել ռոտացիայի սկզբունքը՝ կես տարին մեկ փոփոխել 100 միլիոն դրամի կառավարման համար ստեղծված ղեկավար մարմնի 9 անդամներին: «Դրա շնորհիվ բոլոր ներգրավված երիտասարդները կկարողանան մասնակցել աշխատանքներին, ձեռք կբերեն փորձ: Նաև կոռուպցիոն ռիսկեր չեն լինի»,- նշեց երիտասարդ գիտնական Հարությունյանը:
«Հասարակության վստահության ապահովման համար առաջարկվել է տեսագրել խորհրդի նիստերը, դարձնել հասանելի հանրությանը, նիստերին հրավիրել լրագրողների»,- ասաց ՊԳՖԱ նախաձեռնության անդամ Հայկ Իշխանյանը:
ՊԳՖԱ ֆեյսբուքյան նախաձեռնության ակտիվ անդամ Խաչիկ Գևորգյանը ներկայացրեց էջում տիրող մթնոլորտը՝ քննարկումները կապված խորհրդի գործունեության հետ: «ՊԳՖԱ-ի առաջարկած աշխատակարգի ընդունման հետ կապված մյուս խմբերի ներկայացուցիչների միջև չկա կոնսենսուս»,- հայտնեց Խաչիկ Գևորգյանը:
Պարզելու համար, թե ինչ հարցերի շուրջ չկա համաձայնություն մյուս խմբերի ներկայացուցիչների հետ, «Հետքը» զրուցեց Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախագահ Կառլեն Խաչատրյանի հետ:
«Մենք համամիտ չենք ռոտացիոն սկզբունքի կիրառման հետ, քանի որ, կարծում ենք, նվազեցնում է ծրագրի արդյունավետությունը: Եվ հետո ծրագիրն իրականացվում է մեկ տարով, ի՞նչ իմաստ ունի 3 կամ 6 ամիսը մեկ փոփոխել խորհրդի անդամների կազմը: Իսկ նիստերի տեսագրման հետ կապված, գուցե խորհրդի մյուս քննարկման ժամանակ այդ հարցը լուծվի և համաձայնություն տանք»,- ՀՀ բուհերի ՈՒԳԸ ներկայացուցիչների անունից հայտարարեց Կառլեն Խաչատրյանը:
ՊԳՖԱ խմբի անդամները կարևորում և կոչ են անում մասնավոր հատվածին ներդրում ունենալ գիտության ֆինանսավորման գործում:
Տիգրան Հարությունյանի խոսքով՝ նախագահ Սարգսյանը խոստացել է գումարն արդյունավետ ծախսելու դեպքում 100 միլիոն դրամի տրամադրումը դարձնել ամենամյա:
Նունե Հովսեփյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել