HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Բաբկեն Թունյան. «Ինչ արել ենք` վերջին հաշվով ուղղված է քաղաքացու կյանքի որակի բարելավմանը»

«Հետքի» հարցերին պատասխանել է Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Պարոն Թունյան, 2019 թ․ ընթացքում ի՞նչ աշխատանք է կատարել  հանձնաժողովը։

-Այս հանձնաժողովը ամենածանրաբեռնվածներից է։ Տարվա ընթացքում 86 նախագիծ ենք քննարկել հանձնաժողովի նիստերին, որոնցից 67-ը ամբողջությամբ ընդունվել է, 8 նախագիծ առաջին ընթերցմամբ է ընդունվել, 11 նախագիծ մերժվել է, 19 նախագիծ հեղինակի կողմից հետ է կանչվել, 26 նախագիծ էլ կա, որ դեռ օրակարգում ընդգրկված չէ, բայց մեր հանձնաժողովում պետք է քննարկվեն:

67 նախագծի մեծ մասը Կառավարության ներկայացրածն է, պատգամավորների կամ խմբակցությունների նախագծերի քանակն ութն է, մերժվածների մեջ հիմնականում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագծերն են, մի քանիսն էլ` «Լուսավոր Հայաստանի»:

Չի եղել նախագիծ, որ մանրամասն չքննարկվի հանձնաժողովում, բացի դրանից բուն հանձնաժողովի նիստերից բացի եղել են առանձին նախագծեր, որոնց վերաբերյալ ունեցել ենք փակ հանդիպումներ, աշխատանքային քննարկումներ, հատկապես այն նախագծերը, որոնք ավելի խնդրահարույց են:

Ձեզ բավարարո՞ւմ է ներդրումների ներկայիս վիճակը:

-Եթե անկեղծ ասեմ` ներդրումների այն մակարդակը, որն ունենք չի կարող գոհացուցիչ լինել, որովհետև պոտենցիալը, ակնկալիքները շատ ավելի մեծ են, բայց պետք է հաշվի առնենք, որ Հայաստանում լրջագույն քաղաքական փոփոխություններ են եղել, որոնք ներդրողների մոտ որոշակի զգուշավորություն ու անորոշություն են առաջացնում:

Իրենց որոշակի ժամանակ է պետք` հասկանալու խաղի կանոնները: Կան նաև որոշակի գործոններ, սա իմ անձնական կարծիքն է, և կարող է սուբյեկտիվ լինել, օրինակ Ամուլսարի հետ կապված ամբողջ պատմությունը ցանկացած խոշոր ներդրողի համար լրացուցիչ բացասական մեսիջ է, որ հնարավոր է նույն պատմությունը կրկնվի իրենց հետ:

Անկախ նրանից մենք ավելի շատ տնտեսական շահերի կողմնակից ենք թե բնապահպանական, ամեն ինչ պետք է լինի օրենքի տառին համապատասխան, որպեսզի պոտենցիալ ներդրողի մոտ ավելորդ հարցեր չառաջանան:

Շարունակո՞ւմ եք կողմ լինել հանքի շահագործման գաղափարին:

-Ոչ շահագործման գաղափարին եմ կողմ, ոչ հանքի փակման գաղափարին, ես կողմ եմ, որ օրինական լուծում լինի: Եթե վստահ ենք, որ հանքի շահագործումը Հայաստանի օրենսդրությանը, բնապահպանական նորմերին հակասում է, հանքը չպիտի շահագործվի, եթե չի հակասում, այն պետք է շահագործվի: Եւ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած որոշում` թե’ տեղական, թե’ միջազգային բոլոր ատյաններում պաշտպանելու: Եւ երկրորդ` շատ կարևոր է, որ մոտեցումը լինի համաչափ, այսինքն այնպես չլինի, որ մենք ֆիքսվել ենք միայն մեկ մետաղական հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերության վրա, որովհետև Հայաստանում էլի հանքարդյունաբերական ընկերություններ կան, որոնց գործունեության վերաբերյալ, մեղմ ասած, կասկածներ կան: Կառավարության դիրքորոշումն այն է, որ բոլորի նկատմամբ հավասար խստացման պահանջներ լինեն:

Կառավարությանը չի հաջողվել իրականացնել կապիտալ ծախսերը, ըստ Ձեզ` ո՞րն էր թերակատարման պատճառը:

-Կապիտալ ծախսերի թերակատարումը որոշ օբյեկտիվ պատճառներ ունի. կապիտալ ծախսերը ենթադրում են խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր, ու երբ այդ խոշոր ծրագրերում խոշոր գումարներ են շրջանառվում, այդտեղ նաև կոռուպցիոն ռիսկերն են բավականին մեծ: Ամենապարզ օրինակը ճանապարհներն են, Հյուսիս-հարավի օրինակով ասեմ, պայմանական ասած օրինակ տաս հազար դոլար տրամադրվել է որևէ ճանապարհի բարեկարգման համար, այդ գումարց հինգ հազար դոլարը փոշիացվել է, ու ճանապարհի համար նախատեսված գումարի մի մասն է ծախսվել:

Դրա արդյունքում ունենում ենք վատ ճանապարհներ, բայց հարստացած մի խումբ մարդիկ, ու երբ պետք է նորից կապիտալ ծախսեր կատարել, Կառավարությանը որոշակի դադար է պետք` հասկանալու ինչ է կատարվել, ինչ չափանիշներ պետք է լինեն, որպեսզի հնարավոր լինի առաջ գնալ: Այսինքն նույն մեխանիզմով առաջ գնալը կնշանակեր շարունակել նախկին գործելաոճը: Երբ պահանջները խստացնում ես, ասում ես ճանապարհն այս որակով պետք է կառուցվի, առաջ է գալիս նաև կատարողների հարցը. հնարավոր է պարզվի, որ Հայաստանում բավարար քանակով որակյալ աշխատանք կատարելու պատրաստ ընկերություններ չկան: Դրա համար որոշակի ժամանակային դեֆիցիտը եղել է, ու ծախսերը պլանավորված մակարդակից հետ են ընկել, բայց այս տարի այդ խնդիրը կլուծվի:

Որպես տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ ի՞նչ կարող եք ասել, 2019-ին խորհրդարանական մեծամասնությունը, Կառավարությունը ի՞նչ են արել, որ շարքային քաղաքացու կյանքում դրական փոփոխություն լինի, և այդ փոփոխությունը լինի շոշափելի:

-Ինչ արել ենք, այդ ամեն ինչը վերջին հաշվով ուղղված է քաղաքացու կյանքի որակի բարելավմանը, չի արվում օրենքի փոփոխություն կամ Կառավարության որոշում ուղղակի անելու կամ ցուցանիշի համար, դրանց բոլորի վերջնական նպատակն է, որ քաղաքացին ի վերջո ավելի լավ ապրի: Քայլերից մի քանիսն անմիջապես է արվում, մի մասը կարող է ազդել հետագայում:

Օրինակ նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների բարձրացման նախագծերը, ուսուցիչների, զինծառայողների աշխատավարձերի բարձրացումը, եկամտահարկի, շահութահարկի նվազեցումը, ինչի շնորհիվ մարդիկ ավելի շատ եկամուտ են ստանալու: Երբ մենք խոսում ենք մրցակցային միջավայրի կամ մենաշնորհային դիրք ունեցող շուկաների կարգավորման մասին, սա նշանակում է, որ այլևս անհհնար է, որ որևէ մեկն, օգտվելով իր մենաշնորհային դիրքից, միանձնյա ինչ-որ ապրանք ներմուծի ու գերշահույթ ստանալով` թանկ վաճառի: Այսինքն քաղաքացին էլի օգտվում է այս փոփոխություններից, քանի որ քաղաքացին գերուռճացված թանկ գներով չի գնում ապրանք-ծառայությունը:

Կան նաև ոլորտներ, որոնցում արված բարեփոխումների ազդեցությունն ավելի ուշ է զգացվելու, օրինակ կրթության ոլորտին ուղղված բարեփոխումները, դրանց էֆեկտը վաղը չի զգալու, զգալու է տարիներ անց, երբ ավելի լավ կրթություն ստացած երիտասարդները սկսեն աշխատել, ավելի բարձր վաստակել:

Լուսանկարը` Անի Սարգսյանի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter