
Կրթության վարչության պետն ու ուսմասվարը՝ գյուղապետի արածի մասին
Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանի՝ 14-ամյա աղջնակի հետ կատարածի առնչությամբ «Հետքը» զրուցեց Սյունիքի մարզպետարանի կրթության վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանի եւ դպրոցի ուսմասվար Ալվարդ Հայրապետյանի հետ: Տնօրեն Սիրազարդ (Սիրուն) Մկրտչյանի հեռախոսն անջատված է:
«Հետքի» հարցերին պատասխանում է Սյունիքի մարզպետարանի կրթության վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանը
Պարոն Հարությունյան, դեպքից տեղյա՞կ եք:
Շաբաթ օրը նման ասեկոսեներ են եղել, ճիշտն ասած՝ ես այդ օրը օլիմպիադայի եմ եղել, կիրակի օրն անմիջապես պահանջել եմ, որ տնօրեն Սիրազարդ Մկրտչյանը գա էստեղ: Հարց տվեցի, ասաց՝ որոշակի բաներ ինձ համար պարզ չեն՝ Ազատի հետ կապված: Դե, իրա ասելով՝ դրան ոչ ձերբակալել են, ոչ բռնել են, ասում է՝ ոչ մի հիմք չկա…
Որեւէ ինֆորմացիա ճշգրիտ չունեմ, ինքը լուրջ ինֆորմացիա չտվեց, ասաց, որ ֆիզկուլտուրայի ժամին մի 15 րոպե ուշացումով է գնացել, երեխաները եկել ասել են՝ բա, հենա առանձին սենյակում, ես էլ ասացի՝ ուրեմն գնացեք անմիջապես էդ հարցերը պարզեք, եթե պետք է՝ վաղվանից հրամանով ազատեք դպրոցի ուսուցչի պարտականություններից:
Ինքը (գյուղապետ Ազատ Ղուկասյանը) համատեղող է, դպրոցի հիմնական աշխատող չէ:
Ազատ Ղուկասյանը ժամանակին նույն դպրոցի տնօրենն էր, ինչո՞ւ են իրեն հեռացրել:
Ինքն ընտրվել է գյուղապետ, երեւի էդ պատճառով, որովհետեւ էն ժամանակ ես չեմ եղել վարչության պետը, բայց դպրոցի տնօրեն եղել է:
Ասում են՝ սեռական ոտնձգությունների պատճառով է հեռացվել:
Եթե այդպիսի դատական գործ չի եղել, ես իրավասո՞ւ եմ նման բաներ ասելու:
Նման խոսակցություններ չե՞ք լսել:
Ազատի՞ նկատմամբ:
Այո:
Ճիշտն ասած... Բայց ինքը գյուղապետ ընտրվելու համար չի՞ ազատվել տնօրենի պաշտոնից:
Գյուղացիներն այլ բան են ասում:
Դե, գյուղացիներն ավելի լավ կիմանան, քան ես: Ես Կապանից եմ. շատ գիտե՞մ, թե էդ գյուղում ինչ է կատարվում:
«Հետքի» հարցերին պատասխանում է Հարթաշենի դպրոցի ուսմասվար Ալվարդ Հայրապետյանը
Տիկին Հայրապետյան, Դուք դպրոցի ուսմասվարն եք, գյուղապետի անվան հետ կապված այդ ի՞նչ միջադեպ է եղել:
Հաջորդ օրն իրենք եկել են մեր տուն՝ աղջկա բարեկամները, եկան մեր հայաթը, ասում են՝ բա դու խի՞ չես մեզ երեկ ասել: Ասում եմ՝ այ ժողովուրդ, էրեկ ի՞նչ ա եղել, որ ես ձեզ ասեմ, ո՞վ ա ասել ըտենց բան, դա զրպարտանք ա՝ մարդու նկատմամբ ըտենց բան ասել... Նախ՝ ես չեմ տեսել, ամենքն իրենց դասին են եղել, ասում է՝ էլի է էդ ձեւի դեպք եղել: Ես իսկի շոկի մեջ եմ, հիմա էլ չեմ հավատում, որովհետեւ ոչ ես տեսել եմ, ոչ էլ ինձ ասել են:
Եթե հանկարծ պատահեր, ես տեղյակ լինեի, ես նախօրոք իմ ուսուցչին կասեի, էդքան բան: Եթե հանկարծ պատահեր: Ես չեմ իմացել, բացարձակ, իսկ եթե հանկարծ իմանայի, ես կկանխեի՝ իմ ուսուցչի հետ խոսելով, էդքան բան:
Այսինքն՝ Ազատ Ղուկասյանի հետ խոսելով՝ կկանխեի՞ք դեպքը:
Բա իմ ուսուցչին կզգուշացնեի, եթե իմանայի, բայց չեմ իմացել:
Աշակերտները դպրոցի բակում արդարություն են բղավել, չե՞ք իմացել, թե ինչի համար են բղավում:
Դա մի քանի օր հետո է եղել արդեն իբր: Դա 4 օր հետո է եղել: Դեպքը շաբաթվա 3-րդ օրն է եղել՝ չորեքշաբթի:
Այսինքն՝ երեխաները կիրակի՞ օրը, երբ դպրոցում մարդ չկար, հավաքվել են դպրոցի բակում եւ արդարություն վանկարկել:
Չէ, կիրակի չէր, ուրբաթ է եղել, ուրբաթը կիրակի՞ է: Երկու օր հետո են եկել:
Իսկ լսե՞լ եք, որ նախկինում նման դեպքեր էլի են եղել:
Ո՞վ է ասում, ոչ մի ուսուցիչ էդ տեսակ բան չի ասել, էդպիսի բան չի եղել. նախկինում ոչ մեկը ոչ մի բան չի իմացել, ոչ էլ ես եմ իմացել, ոչ էլ մի ուրիշ ուսուցիչ: Որ հանկարծ պատահեր, ես իմանայի, ես իմ ուսուցչի հետ կխոսեի:
Հենց դեպքի պահին աշակերտները օգնության խնդրանքով ուսուցիչներին են դիմել, Հովհաննես Բաղդասարյանին նույնիսկ ոստիկանությունն է հարցաքննել...
Ես չգիտեմ, ես դասի եմ եղել: Ես ոչ տեսել եմ, ոչ էլ. հետո եմ լսել... Հովիկին տարել են ոստիկանություն, որովհետեւ էդ երեխան Հովիկին է պատահել, ասել է՝ ընկեր Բաղդասարյան, արի, ընկեր Բաղդասարյանն էլ դասի է եղել, չի գնացել: Դասարանն անտեր չի թողել, որովհետեւ էդ դասարանը մի ծայրում է, էն դասարանն էլ՝ մյուս ծայրում:
Ժամանակին Ազատ Ղուկասյանը եղել է դպրոցի տնօրենը, ինչո՞ւ են հեռացրել:
Չէ, չեն հեռացրել, ինքը՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, մնացել է աշխատանքի, ուղղակի տնօրենությունից են հեռացրել:
Ինչո՞ւ:
Դե, ինչ իմանամ, հեռացրել են, էլի:
Գյուղացիներն ասում են՝ նման դեպքի պատճառով:
Չէ, դեպքը նման չի եղել, դեպքը բոլորովին դրա նման չի եղել:
Իսկ ինչի՞ է նման եղել:
Ինչ իմանամ: Ես չգիտեմ՝ ինչի համար են հեռացրել, ուղղակի ինքը ֆիզկուլտուրայի ուսուցիչ մնացել է, տնօրենությունից են հեռացրել: Կարող ա՝ չեն հեռացրել, պիտի գյուղապետի ընտրություններ լինեին, ինքը, իրա դիմումի համաձայն, դպրոցի տնօրենության գործը թողել է, գնացել գյուղապետի ընտրությանը մասնակցել:
Մեկնաբանություններ (26)
Մեկնաբանել