HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջարկվում է անչափահաս դատապարտյալներին չափահասներից անջատ պահել

Փետրվարի 27-ին Դավիթ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվեցին և դրական եզրակացություն ստացան մի խումբ օրինագծեր:

Առաջին ընթերցմամբ հանձնաժողովը քննարկեց ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի տեղեկացմամբ`  փոփոխություններով առաջարկվում է սահմանել, որ 14-18 տարեկան անչափահաս դատապարտյալներն  առանձին  պահվեն չափահաս դատապարտյալներից, ինչը  կբացառի վերջիններիս վտանգավոր ազդեցությունն անչափահաս դատապարտյալների վրա:

Ըստ հեղինակի` նախագծի ընդունման արդյունքում  հնարավորություն կլինի հանցագործություն կատարած անչափահասներին պատիժը կրել միևնույն քրեակատարողական հիմնարկում (չափահաս դառնալուց հետո` անչափահասներից անջատ): Մինչև նշանակված պատժի ավարտը չի ընդհատվի ուղղիչ-դաստիարակչական աշխատանքների կատարումը միևնույն հիմնարկում, ինչն առավել արդյունավետ կլինի: 

Սրանից բացի` քրեակատարողական հիմնարկի պետը  դատարանի որոշման հիման վրա  հնարավորություն կունենա  սահմանափակելու  դատապարտյալի նամակագրության գաղտնիության իրավունքը, որը, ըստ նախարարի` կնպաստի քրեակատարողական հիմնարկում անվտանգության և ուղղիչ հիմնարկի ներքին  կանոնակարգի պահպանմանը, հանրության առողջության և բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների պաշտպանությանը, այդ թվում նաև` այլ դատապարտյալների սոցիալական վերականգնմանը խոչընդոտող անմիջական վտանգի կանխմանը:

Հանձնաժողովի անդամները  որոշ մտահոգություններ ունեին` կապված  դատապարտյալների նամակագրության սահմանափակումների հետ: Համաձայնություն կայացվեց  հետագա քննարկումների ընթացքում օրինագիծը լրամշակել և  դարձնել երկուստեք ընդունելի:

Օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ գարնանային և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Առաջին ընթերցմամբ քննարկվեց ՀՀ կառավարության հեղինակած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը և դրական եզրակացություն ստացավ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում քննարկվելու  համար: Երկրորդ և երրորդ ընթերցմամբ քննարկումները ևս նախատեսվում է իրականացնել  այս քառօրյա  նիստերի ընթացքում:

Երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովը քննարկեց  պատգամավորներ Դավիթ  Հարությունյանի, Վարդան Բոստանջյանի, Հեղինե Բիշարյանի հեղինակած  ««Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  օրինագիծը` կից օրենսդրական փաթեթով, որը ևս ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Մինչև 15 օրով հետաձգվեց  ՀՀ կառավարության  «ՀՀ  քաղաքացիական դատավարության  օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter