HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բռնության մշակույթը. գողականություն և հարակից երևույթներ. ետխորհրդային փուլի ավարտը Հայաստանում

Հարցազրույց Գևորգ Տեր-Գաբրիելյանի հետ: Զրուցավար՝ Գայանե Հովակիմյան

Առաջին մասը՝ այստեղ , երկրորդ մասը՝ այստեղ․

Մաս երրորդ

Գայանե Հովակիմյան (ԳՀ). Իսկ ինչպե՞ս կարելի է հակադարձել բռնության դրսևորումներին:

Գևորգ Տեր-Գաբրիելյան (ԳՏԳ). Կարևոր է մի քիչ համակարգել բռնության տեսակները: Ես տարբերակում եմ՝

  1. խոսքով բռնություն,
  2. խոսքով անուղղակի՝ ծաղր,
  3. ֆիզիկական,
  4. կառուցվածքային, որն էլ իր հերթին երկու տեսակ է՝ կոնտեքստային և ուղղակի: 

Ուղղակի կառուցվածքային բռնության ձևերից է պետության բռնությունը, ներառյալ՝ լեգիտիմ բռնությունը – արդար պատճառով բանտարկելը, դատելը, պատժելը: Սակայն կա և, իհարկե, պետության ոչ լեգիտիմ բռնություն, հենց դրա մասին ենք մենք խոսում, երբ խոսում ենք գուլագի մասին:

Եվ կա կառուցվածքային ուղղակի բռնություն, որը պետությունը, համենայն դեպս «գիտակցաբար», չի անում, հասարակությունն է անում, դա սոցիալական բռնությունն է, օրինակ՝ անարդար հաշվեհարդարը, եթե, ասենք, կինն, իբր, «դավաճանել» է ամուսնուն: Եվ դա կարող է լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ այլ կերպերով՝ օստրակիզմի, ծաղրի, հանրային պարսավանքի: Կարող է լինել նաև կառուցվածքային ուղղակի, ոչ պետական, սոցիալական, սակայն՝ արդար բռնություն. ասենք՝ տրոլլին աղբարկղը նետելը, կամ՝ պարզապես նրա ձեռք սեղմելուց հրաժարվելը համատարած կերպով: Հանրային պարսավանքը, եթե արդար է: Ավաղ, դա մեզանում գրեթե չի պատահում և չի հանդիսանում ընդունված միջոց: «Հանրային կարծիք» հասկացությունը մեզանում գրեթե անհետացել է, և դա էլ իր պատճառներն ունի: Այսինքն՝ կառուցվածքային, սոցիալական բռնության արդար տեսակը մեզանում թույլ է:

Այսպիսի պատիժը, ավելի շուտ, մարդկանց կողմից իդեալականացված անցյալում կար, երբ, իբր, կար «առաջադեմ» հանրային կարծիք: Այժմ դա կարող է լինել ոչ համատարած. մի խմբի կողմից կարող է տեղի ունենալ: Սակայն համատարած արդար հանրային կարծիք այսօր գոյություն չունի: Ասենք, որոշ մարդիկ ստալինիզմի դարաշրջանից հետո, այն ժամանակ դավաճանի, «գործ տվողի» դեր կատարելուց հետո, կամ՝ կագեբեում աշխատելուց հետո, չենթարկվելով, այսպես ասած, վեթինգի կամ լյուստրացիայի, զգում էին իրենց հանդեպ բացասական վերաբերմունքը հանրային որոշ շրջանակների կողմից: Սակայն սա համատարած ձև չէր՝ մարդուն այդպես հասկացնելը, որ նա խոշոր սխալ է գործել: Եվ սա իմաստ ունի միայն այն դեպքում, եթե կա նրա համար արդարանալու, պաշտպանվելու միջոց: Որովհետև եթե չկա՝ ապա այդ մարդը հեշտությամբ վերածվում է նույն կերպ հալածվողի, ինչ որ անմեղ զոհը: Եվ անմեղին էլ կարող են սկսել նույն կերպ հալածել՝ բամբասանքի հիման վրա:

Այստեղ մենք մտում ենք մեղավորության և անմեղության դաշտը, որը դեռ Դոստոևսկին էր քննարկում. արդյոք մարդասպանը, որ սպանում էր, և որը դատվում է երկու տարի հետո (կամ՝ վեց, երբ նրա բոլոր բջիջներն այլ են), նու՞յն մարդն է: Արդյոք մարդը, որ անարդար բռնություն է կիրառել ուրիշների նկատմամբ, իսկ հետո՝ ինքն է բռնության ենթարկվել, բայց այլ, էլի մտացածին պատճառով, քավե՞լ է իր մեղքը: Իհարկե, պետության ճիշտ օրենքների ճիշտ կիրառման և արդար դատական համակարգի գոյության դեպքում կան սրա քիչ թե շատ հստակ պատասխանները:

Սակայն այստեղ լիքը չհաշվարկված իրադրություն է մնում. ասենք՝ մարդասպանը բանտում ենթարկվում է հալածանքի, կամ՝ ոստիկանությունում՝ կտտանքի: Արդյո՞ք դա ազդում է իր ոճիրի գնահատականի վրա: Կան իրավաբանական պատասխաններ, և հաճախ դրանք քիչ են հարցը սպառելու համար: Այդ է պատճառը, որ լավ դատական համակարգը երբ բացակայում է, երբ դատավորները չունեն հեղինակություն՝ մենք անընդհատ լողում ենք կիսաիրավական, և ուրեմն՝ սուտացված իրավական կոնտեքստում:

«Հանրային կարծիք» լավ իմաստով այսօր ինչու՛ չկա: Երբեմն՝ կա: Կարելի է, օրինակ, համարել, որ 2018 թ. ապրիլյան հեղափոխությունը միահամուռ հանրային կարծիքի արտահայտում էր. որ ռոբասերժական համակարգը պիտի թողնի-գնա: Սակայն այդպիսի դեպքերը, մանավանդ, եթե ոչ բռնի վախճան են ունենում, պատմական բացառություն են: «Հանրային կարծիք» ասելով, մենք հասկանում ենք, որ հանրության մեծամասնությունը, իսկ ավելի լավ է՝ գերագույն մեծամասնությունը համարում է այսպես: Հին ժամանակներում դա վերաբերվում էր էլիտային, այժմ՝ ողջ հանրությանը: Ուրեմն, արդար ընտրությունները, եթե հստակ մեծամասնական դիրքորոշում է արտահայտվել, հանրային կարծիքի դրսևորում են: Իսկ ամենօրյա վարքով հստակ հանրային կարծիք արտահայտելն այսօր շատ դժվարացած է, քանի որ ամեն ոք ունի խոսքի հնարավորություն, մանավանդ՝ համացանցում: Եվ շատերն այդ հնարավորությունն օգտագործում են, որպեսզի ճշմարիտ հանրային կարծիք չձևավորվի, որպեսզի այն խաթարվի: Մանավանդ մեր հասարակությունում, որը խորհրդային կարգերի արատները, ինչպես ասացինք, կրում է իր մեջ. արժեքների մասնատվածությունը, բռնության հակամշակույթի մեջ ընկղմված լինելը:

Կառուցվածքային ոչ ուղղակի բռնություն է անարդար հասարակությունը. երբ մարդուն հնար չեն տալիս լավ և ճիշտ զարգանալ, արդյունքում՝ նա ապերջանիկ է, վատառողջ, կամ հավանականությունը մեծ է, որ քրեական ուղին կընտրի: Կամ՝ ինչպես ամերիկյան սևերի դեպքում՝ նրա նկատմամբ կա կանխենթադրույթ, որ նա ավելի հակված է ապօրինի արարքի, քան՝ սպիտակը:

Ինչ վերաբերվում է ֆիզիկականին, դա էլ է դասակարգված մարդկային օրենքների կողմից:

Ամենաքիչը, որքան հասկանում եմ, դասակարգված և հասկացված է խոսքային բռնությունը: Բացի սոցիալական անուղղակի կառուցվածքայինից, որը բոլորին է վերաբերվում և կապված է սոցիումի խորքային կառուցվածքի հետ՝ ամենաշատ տարածվածը՝ անհատին ուղղված դեպքերից, խոսքայինն է, քանի որ թվում է «ամենաանհետևանքը», օդում տարրալուծվողը, ամենադժվարը՝ պոչից բռնել, համակարգել: Հենց այդ է պատճառը, որ ատելության խոսքի վերաբերյալ աշխարհը նոր-նոր է սկսում միջոցներ փնտրել:

Մարդն ինտեգրալ, հոլիստիկ, ամբողջական երևույթ է: Աստվածային, աստծո կերպով: Խոսքային բռնությունը (ասենք՝ մայր հայհոյելը) ձգտում է քանդել նրա ամբողջականությունը: Ամբողջականությունն ագուցված է արժանապատվությանը: Արժանապատվությունը քանդվում է, երբ քեզ անպատվում են, և դու ունես ընտրություն. կա՛մ կուլ տալ, ինչի արդյունքում ինքնագնահատականդ և սոցիալական գնահատականդ կտուժի, քո կարծիքով, այսինքն՝ ամբողջականությունդ կվնասվի, քանի որ արժանապավությունդ կխոցվի: Կա՛մ՝ պատասխանել:

Այս դեպքում հարց է առաջանում, թե ո՛րն է համազոր պատասխանը:

Հաճախ պարզապես քո մայրիկին հայհոյածի մայրիկին հայհոյելը քիչ է թվում: Ինչու՞: Որովհետև կա նաև հարձակման հանգամանքը, ագրեսիայի էներգիան. անսպասելիորեն մայրիկիդ հայհոյելն ավելին է, քան եթե դու ի պատասխան պարզապես նրա մայրիկին հայհոյես: Դու այդպիսով, շատերին թվում է, չես հավասարակշռի իրադրությունը:

Բալանսավորելու համար պետք է ավելին. նախ՝ բալանսավորել բուն արարքը, երկրորդը՝ պատժել ագրեսիայի փորձը: Քանի որ հենց այդ հանդգնությունը, ագրեսիայի հակված լինելն է, որ թույլ է տվել նրան քեզ անպատվել: Եվ ահա այդ ավելի՛ն է խնդիրը, ինչը բերում է նրան, որ հաճախ մայրիկին անպատվելու դիմաց փորձում են անցնել ֆիզիկական հաշվեհարդարի:

Իրադրությունը նույնիսկ ավելի բարդ է. ինչպես ասացինք՝ խոսքային (իրականում՝ ցանկացած) բռնության թեկուզ մեկ դեպքը հանրային նշանակություն է ձեռք բերում, ողջ հասարակությունը մի կաթիլ ավելի «ցածրացնում», դարձնում բռնի ու բռի: Այդ պատճառով էլ ներքին մղում է առաջանում՝ դրան ի պատասխան այնպե՛ս վարվել, որ այդ հասարակական ազդեցությունն էլ հակակշռվի: Սակայն հաճախ այդ հակակշռելը՝ ընդհակառակը, է՛լ ավելի է խորացնում բռնության մշակույթը:

Ի միջի այլոց, պարադոքսալ կերպով՝ խոսքային բռնությունը կարող է նաև լռությամբ՝ վարքով արտահայտվել, հենց նույն, վերևումս նշած՝ օստրակիզմը, երբ մարդ վարքով մյուսի գոյությունը չնկատելու է տալիս, ինչ էլ վերջինս ասի: Բայց շարունակական խոսքային բռնության դեպքում, երբ հասարակությունը բավական միահամուռ կերպով դրա դեմ դուրս չի գալիս, սա կարող է չաշխատել:

Սակայն անդրադառնանք անուղղակի խոսքայինին՝ ծաղրին: Սա մարդու աստվածային ամբողջականությունը քանդելու շատ տարածված ձև է: Նրա սահմաններն անմեղ կատակի և խոսքային վիրավորանքի միջև՝ շատ ծորուն են: Ծաղրողները հաճախ նպատակ ունեն մարդու արժանապատվությունն իջեցնել ուրիշների՝ շրջապատի կարծիքում, սակայն բուն մարդուն այնպես են մատուցում, ասես սա անմեղ կատակ է: Դպրոցական հալածանքի հիմքերից մեկն է սա, նաև՝ «կիսագողական» շրջապատների՝ պարոդիական, ֆարսային «գողական» շրջապատների, ասենք՝ թաղի «խառոշիների», «քյառթերի» և այլ խմբերում տարածված:

Եթե մայրիկ հայհոյողը կարող է և դեմառդեմ դա անել, քանի որ իր նպատակն է՝ ստուգել դիմացինի ամբողջական արժանապատվության անխոցելիությունը, ապա ծաղրողին դեպքերի մեծ մասում անհրաժեշտ է շրջապատ՝ գնահատող, այլապես ծաղրը կարող է չաշխատել:

Դա ցույց է տալիս, որ ծաղրողը մեծ մասամբ հակված չէ անցնել ֆիզիկական բռնության, ֆիզիկական մարտի: Այդ իմաստով ծաղրը մարդկային քաղաքակրթության զարգացման փուլ է նշանակում. ֆիզիկականից հնարավորինս հրաժարվել: Դա նաև ցույց է տալիս ծաղրողի իշխի՝ իր սեփական տեսակետից «քանակը»: Եթե բանտում քեզ ծաղրում է ուրկան՝ բլատնոյը, դու դժվարանում ես պատասխանել, քանի որ նա, ըստ համբավի, կանգ չի առնի ֆիզիկականի անցնելու առջև, իսկ դրանում դու, գուցեև, ավելի թույլ ես, կամ՝ նա ավելի հակված կլինի բեսպրեդելի, կամ՝ նրան օգնության կգան: Ահա մի պարբերություն՝ ռուսերեն, չեմ էլ հիշում, որտեղից եմ այն քաղել, ում ասածն է, սակայն կապված է Մոսկվայի՝ 2019 թ. ամռան իրադարձություններին, «հանուն արդար ընտրությունների» շարժումին, երբ թղթյա բաժակը ոստիկանի վրա շպրտելու համար մարդուն դատապարտեցին տարիների բանտի: Հեղինակն այստեղ ռուսական այսօրվա պետության բարքն ու վարքը համեմատում է բլատնոյների վարքուբարքին՝ գուլագում: Շատ խոսուն է.

Вот урка, он всегда накручивает сам себя, когда общается с терпилой. Он всегда говорит: «Да как ты смел? Да как ты себя ведешь? Да почему ты не спросил о здоровье моей мамы?» При этом сам урка считает возможным всё: бить, издеваться, убивать, грабить. Но он честно страдает, когда в него бросили стаканчиком.

Իսկ սովորաբար ծաղրողը բոլորովին հակված չի լինում անցնելու ֆիզիկականի: Այդ առումով հետաքրքիր է, որ, երևի, ծաղրողների գերագույն մեծամասնությունն ինքնավստահ չէ, հակառակ թվացյալի: Նրան պետք է «խոռը»՝ «ձայնակցող» շրջապատը, նա իր իշխը քաղում է այդ շրջապատից:

Այդ է պատճառը, որ ծաղրին խելոք և զարգացած անձնավորությունը կարող է հակադրվել, «աբառոտկա» ֆռռալ, և կան բազում մարտավարություններ ծաղրին հակադրվելու համար:

Նաև նկարագրածս իրադրությունն է պատճառը, թե ինչու՛ է մարդը, որի վրա հարձակվում են, երբեմն ընտրում «անհավասարակշիռ», «ոչ-սիմետրիկ» պատասխանը՝ գնում է դեպ «բեսպրեդել», կամ, ասենք, խոսքին միանգամից պատասխանում է հարվածով, էսկալացնելով իրադրությունը. քանի որ աներևույթ բալանսը խախտողներից, «գժերից» վախենում են և նրանց հարգում են:

Ինձ անձամբ և՛ այսպիսի «գժական» մարտավարությունը, և՛ խոսքով բացատրվելը երբեմն օգնել են հարցը լուծել: Խոսքով բացատրվելը (սակայն ոչ «ռազբիրատի» իմաստով) բարձրագույն ձևերից է. դա նշանակում է հենց այն, ինչ ես այստեղ եմ պատմում. իրադրության ռեֆլեքսիան նկարագրել հավաքվածներին, և նախ և առաջ՝ ագրեսորին: Սկսելով նրանից, որ մարդս աստվածային հոլիստիկ արժանապատիվ երևույթ է: Երբ ագրեսորին և մյուսներին պարզ է դառնում, որ դու հասկանում ես ագրեսորի մոտիվացիաները, իրադրությունը հաճախ «փսկում» է: Ագրեսորը եթե քեզ չի էլ սկսում «հարգել», հասկանում է, որ իր մարտավարությունը պարտվեց:

«Դու այժմ այդպես փորձում ես ինձ ծաղրել, որպեսզի քո սեփական խոցելի տեղերը և կոմպլեքսները թաքցնես: Դու սխալ ես ընտրել ինձ՝ որպես քո «զոհ». իրականում դու վախենում ես, որ քո թուլությունը կնկատի Իքսը, և այդ նպատակով՝ փորձում ես ուշադրություն շեղել և նրա աչքում «խառոշի» երևալ, իբր՝ դու էլ ես ուժեղների, բռիների, «խառոշիների» էլիտայից, որ նա քեզ «չկպնի»: Մինչդեռ եթե դու ինձ ծաղրելու փոխարեն նրանից պաշտպանվելու օգնություն խնդրեիր՝ այդ խնդիրը չէիր ունենա»:

Իհարկե, այսպիսի մարտավարությունը հնարավոր է միայն, եթե կա պարարտ հող, այսինքն՝ ծաղրողը և «խոռը», ինչպես նաև իբր «չեզոք» «դիտողները»՝ «ավարա անբանները», ընդունակ են այս մարտավարությունն ընկալելու: Հաճախ դա հնարավոր է ավելի շատ դեպքերում, քան կարող է թվալ: Իհարկե, այս դեպքի համար պետք է արագ մտածողություն ունենալ, վերլուծելու համար, արդյոք հնարավո՞ր է այժմ այս մարտավարությունը կիրառել, և կոնկրետ ո՛ր տարբերակն ընտրել: Պետք է նաև նախապես դիտողականություն և վերլուծության ու ռեֆլեքսիայի կարողություն ունենալ: Հաճախ հալածանքի տանող իրադրությունները շատ արագ են զարգանում, և այդ է պատճառը, որ այսպիսի մարտավարությունների փոխարեն տագքլխությունն է գերակշռում:

Չնկատելու տալը նույնպես հնարավոր մարտավարություն է, հատկապես եթե դա թուլություն չի ընկալվում շրջապատի կողմից: Ագրեսորին լռեցնելը չնկատելու տալով, եթե դա արտահայտվում է փոքր արժեքին մեծը գերադասելու ձևով, ասենք՝ «հանուն մեր կոլեկտիվի միասնության ես այդ փոքրիկ հարձակումը զանց եմ առնում», կարող է, իրոք, պտտեցնել մակընթացությունը և ագրեսորին լռեցնել ու դնել, ընդհակառակը, անհաջողակի դիրքում, որից նա, գուցե, դաս քաղի: Դա հատկապես ճիշտ մարտավարություն է այն դեպքերի համար, ինչպես, օրինակ, տրոլլիզմը համացանցում (եթե, իհարկե, մուծված չէ), այսինքն այն դեպքերի, երբ նախանշված «զոհի»՝ իրադրության մեջ ընդգրկվելը շատ կարևոր է հարձակման «ջերմաստիճանը» պահպանելու համար: Լռիր՝ և հարցը վերացավ: Սրա է՛լ ավելի ուժեղ տարբերակն է արհամարհանք դրսևորելը, քանի որ նախորդ դեպքում ագրեսորը, արժեքայնորեն, շարունակում է դասվել կոլեկտիվի մաս, իսկ արհամարհանքի դեպքում նա դուրս է մղվում այն կոլեկտիվից, որը դու կերտեցիր քեզնից և շրջապատից՝ արդեն առանց նրա:

Իհարկե, վրեժը՝ հատուցումը, շատ տարածված մարտավարություն է, սակայն ամենաարխայիկն է և այդ իմաստով՝ ամենաանգերադասելին. վրեժի լավ տեսակն այն է, երբ ագրեսորը դաս է քաղում, այսինքն վրեժն ագրեսորի աստվածային ամբողջականությունը խոցելու վնասից դառնում է այդ ամբողջականության վերականգնման ձև, նրան առաջարկ՝ դառնալ աստվածակերպ, ապաշխարել և միանալ աստվածակերպերին: Դա արդեն վրեժ չէ, դաս է, թեև երբեմն «դաս» ասելով հենց վրեժը նկատի ունեն:

Վերջապես, կատակի տալը նույնպես նշենք. ագրեսորը շատ անվստահ է, քանի որ իր ագրեսիան ձեռնարկելու համար հսկայական եռանդ է ներդրել, նա չգիտի, հաջողության կհասնի, թե ոչ, նա ռիսկի է դիմել, և սովորաբար առաջին հարձակվողն ավելի թույլ է իրեն զգում, քան իր նախանշած զոհը, դրա համար էլ առաջինն է հարձակվում, որ իր թուլությունը կոմպենսացնի անսպասելիությամբ: Եվ շատ հաճախ նրանք պատրաստ են ընկրկել, եթե արժանի ձևով ոչ թե հակահարված, այլ՝ իրադրությունը «ջրելու» հնար եղավ:

Ընդհանրապես, ագրեսիայի էությունն է՝ կենտրոնացնել իրադրությունը հենց տվյալ դեպքի շուրջ, տանել դեպ զրոյական գումարի իրադրություն, երկու հանդիպադրվող վեկտորների: Մինչդեռ կա 359 աստիճան տարատեսակների հնարավորություն՝ սադրանքի չենթարկվել, չնեղացնել կոնտեքստը[1], չընդունել ագրեսորի առաջարկած վեկտորայնությունը:

Կարևոր եմ համարում բռնության տարատեսակների և նրանցից որոշ դեպքերին հակադրվելու մարտավարությունների այս փոքրիկ ու նախնական վերլուծությունը, քանի որ այս իրադրություններին մարդ սկսում է բախվել շատ վաղ տարիքից: Եվ հետագայում ցանկացած պրոտոհալածանքային կամ պրոտոանարդար իրադրություն կարող է վերլուծվել էլի այս տերմիններով, քանի որ մարդու արժանապատվությունը ցածրացնելու կամ ամբողջականությունը խախտելու տակտիկաները գրեթե չեն փոխվում մարդու ողջ կյանքի ընթացքում: Մարդն աստվածային է, նրան տրված է խոսք, նա կարող է օգտագործել խոսքը: Նրան տրված է դատողություն, ուրեմն՝ ռեֆլեքսիայի կարողություն նույնպես, եթե զարգացրեց: Նրան տրված է դիտողականություն. դիտել, թե ի՛նչ է լինում, և իմաստային կապեր ստեղծել դիտած երևույթների միջև: Հենց այդ հատկանիշները, ի թիվս այլոց, պիտի դաստիարակվեն ու ձևավորվեն, կրթվեն, զտվեն մարդու մեջ: Իհարկե, նաև՝ հենց այն արժեքը, որ մարդս աստվածային և ամբողջական, արժանապատիվ երևույթ է: Նաև՝որպեսզի ի՛նքդ անարդար ագրեսորի դերում չլինես:

ԳՀ. – Իսկ ինչպե՞ս բռնության մշակույթը ներմուծվեց մեր հասարակություն:

ԳՏԳ. - Ինչու՛ մենք մանկապարտեզում, դպրոցում և բակում հանդիպում ենք երեխաների, որոնց վարքը՝ և՛ հայհոյանքը, և՛ դիմացինի նկատմամբ վերաբերմունքը հիմնական մի ուղղվածություն ունեն՝ դիմացինին արժանապատվությունից զրկել, կամ գոնե այն խոցել: Ֆիզիկապես թե բառերով, նույնիսկ՝ սոցիալ-տնտեսական ստատուսն օգտագործելով և այլն:

Հալածանքի, բռնությունների, սադրանքների ամենատարբեր տեսակների այդ միտումը մեր հասարակության գլխավոր միտումներից էր, որ, մինչև հիմա տեսնում ենք, երբեմն-երբեմն արտահայտվում է:

Ավաղ, ով որ վերապրել է գուլագում, մեծ մասը կա՛մ վերապրել է, որովհետև շատ խորամանկ է եղել, կա՛մ ծառայել է ամենաստորին կերպով: Արժանապատիվ վերապրածները քիչ են, թեև մարդ ի՛նքն է որոշում, արդյոք արժանապատիվ էր, թե ոչ: Այստեղ՝ անարգանքի ենթարկված մարդու դեպքում, արդար դատավոր չի կարող լինել հաճախ:

Ճիշտ ինչպես որ մենք ունենք մի զանգված, որը պնդում է, որ ինքը ղարաբաղյան պատերազմի ժամանակ հերոսություններ է արել, նույն կերպ էլ գուլագից վերադարձածները, թեկուզև «ընկածները», ամենատուժածները, իրենց վերադարձից հետո, չունենալով՝ փաստորեն զրկված լինելով մասնագիտությունից, փող սարքելու միջոցից և այլն, պիտի մի կերպ ինքնահաստատվեին արդեն իրենց խաղաղ շրջապատում՝ թաղում և այլն: Եվ մի կողմից ինքնահաստատվեին, մյուս կողմից՝ ամբողջությամբ ներշնչվել էին գուլագային արժեքներով. «Մեռիր դու այսօր, վաղը՝ ես» և այլն: Սա Ստոկհոլմյան սինդրումի պես բան է. մարդը, նույնիսկ տուժած լինելով բռնությունից՝ ընկալում է բռնության արժեքները որպես իրենը, միակ «աշխատող» արժեքներ:

Այդ պատճառով էլ մարդիկ, որոնք գող չէին, չէին պատկանում այդ «օրենքով գողերի» կաստային, այդ գողականության մշակույթն իրենց հետ բերեցին: Տրավեստի արված ձևով, այսինքն՝ ավելի շատ ֆարսային ձևով, հաճախ՝ պարոդիայի ձևով: Այսինքն՝ այդ մշակույթը «ներքևից» է գալիս: «Օրենքով գողերը» երբեք այդքան որակական ազդեցություն չէին ունենա, եթե տասնամյակների ընթացքում այդ գործելակերպը սոցիումի կողմից կառուցվածքայնորեն չմարսվեր և վերևից՝ իշխի կողմից չթիմարվեր ու քաջալերվեր:

Դա շատ ուժեղ արտահայտվում էր ամենօրյա բարքերի վրա: Այսինքն՝ դու ատոմացված էակ ես. հասարակություն չկա, վստահելի հենարան չկա. ոչ մեկի հետ կապի մեջ չես, բացի քո ամենամոտիկ մարդկանցից՝ մայրիկից և հայրիկից, որից էլ վախենում ես, որովհետև նա քեզ ծեծելու է. բանտից նոր է եկել և «էդպես գիտի», կամ՝ անընդհատ հարբած է, մայրիկին է ծեծում և այլն: Եվ նրանցից բացի (այն էլ՝ լավագույն դեպքում միայն նրանց հարգելով)՝ ոչ մեկին բանի տեղ չես դնում, մարդկանց հարգել չես սովորել: Ընդհակառակն ես սովորել:

Այդ հաղորդագրությունը՝ «Մեռիր դու այսօր, ես՝ վաղը», դառնում է, տրավեստի իմաստով՝ «ես քեզ հիմա խփեմ, թող վաղը հայրդ գա, ինձ ծեծի, ոչինչ, եթե կարող է»:

Մյուսը՝ «քեզ ձեռք չեն տալիս՝ մի՛ խառնվիր», նույնպես շատ գործածական է. ուրեմն դու խաբար տվող ես, «գործ տվող» ես, եթե ինչ-որ արդարության հարցի դեպքում խառնվես դրան. ո՛չ մի դեպքում, իբր, չի կարելի խառնվել:

Այդ կոդեքսը գործում էր, քանի որ մեր հասարակությունն էլ դրան լավ «նախապատրաստված» էր: Նույնիսկ եթե մարդը չէր արտաքսվել շնորհիվ մի շարք հանգամանքների՝ ավանդական ընտանիքը նախ այլասերվել էր Ցեղասպանության պատճառով: Ինչքան հասկանում եմ՝ մենք 15 թվից հետո Հայաստանի այսօրվա տարածքում ունեինք 300 հազար փախստական և որբ և ընդամենը 700 հազար բնակիչ, այսինքն՝ բնակչության մի հսկա մասը փախստական և որբ էր, և այդ բոլորի սերունդն ենք մենք: Այսինքն՝ հասարակության բնական դրվածքի այլասերվածացում էր եղել արդեն Ցեղասպանության պատճառով: Հետո դրան ավելացել էր նաև բոլշևիկյան այլասերվածացումը:

Դրա համար էլ եթե այդ թաղում կային քիչ թե շատ նորմալ մարդիկ, մեկ է, հաճախ դիմադրողականություն այդ գողական բարքերի նկատմամբ չկար:

Առավել ևս, որ դա նաև խորհրդայինը չընդունելու դրական լիցքն ուներ: Ճիշտ ինչպես որ ես պատմում էի կովկասցիների և այլնի մասին: Այսինքն՝ դու Սովետի այդ խաղի կանոնները չես ընդունում:

Որպեսզի մի քիչ շատ փող ստանաս, դու պիտի լինես գիտությունների սուտի դոկտոր, շատ լավ, ես գիտական աստիճան կգնեմ, կաշառք կտամ, որպեսզի փող ստանամ, ինձ չեն հետաքրքրում նրանց խաղի կանոնները, որ կա ինչ-որ գիտություն, կա գիտության էթիկա և այլն, ինձ պետք է սոցիալական զարգացումը:

Նույն կերպ էլ այստեղ. ավելի լավ է գողական բարքերին հետևել, քան կոմերիտական կամ սովետական այլ՝ կոմունիստական և այլն: Այսինքն՝ դրա մեջ կա նաև համակարգի բացասման հեղափոխական լիցք: Հենց դրա համար էլ նրանք սկզբնական շրջանում կոչվում էին «սոցիալապես մերձավոր» բոլշևիկներին, որովհետև երկուսն էլ չէին ընդունում առաջարկված հիերարխիաները, մինչև որ ստալինիզմը չզմռսեց հակամարդկային հիերարխիա:

Այնպես որ դա ֆարսային տարբերակն էր, բայց շատ հետաքրքիր. շատ բաներ ես հետագայում եմ հասկացել, հայտնաբերել: Օրինակ՝ փոքրուց, հենց որ սկսեցինք ծխել (14-15 տարեկան էի, դպրոցում), մի հատ Փուրթուլ կար, ոտք չուներ թե ձեռք՝ չեմ էլ հիշում, և «Սալյուտ» էր ծախում, այսպես ասած՝ «տակից»: Երբ որոշում էինք գնալ-սիգարետ առնել, մեր տղաներից մեկն ասում էր՝ գնանք բառիկից առնենք: Շա՜տ երկար երբևէ մտքովս չէր անցնում հասկանալ, թե այդ բառը որտեղից է գալիս, մտածում էի՝ «բառիկ»-ը «բառմեն»-ի տարբերա՞կ է, ի՞նչ է: Հետո հասկացա, որ դա գողական լեզվի՝ ռուսերենից, «բառիգա» հասկացությունն է, այսինքն՝ գողոն ստացող և վաճառող:

Եվ այդպես շատ հասկացություններ, նաև ոչ այդ ասպարեզի, բայց ռուսերենի ձևափոխման անմեղ դեպքերից մեկը, օրինակ, ֆուտբոլի խաղի ժամանակ որ ասում են՝ պռապըշկա, ամբողջ կյանքում ուզում էի հասկանալ՝ դա ինչ է, պարզվեց՝ пробежка բառի աղավաղված տարբերակն է:

Ստեղծվեց, զարգացավ աղավաղված ռուսերենից եկած մի ամբողջ լեզու, որի հետքերը տեսնում ենք «վուլկանիզացիա» բառում, որը հաճախ է հանդիպում ցուցանակների վրա. կամ՝ «ստերլեձ»: Եվ գողական լեզուն դրա մի խոշոր ու շատ ստեղծագործ մասն է: Ընդ որում բառերն աղավաղվում էին և արդեն առանձին էին կամ կապ չունեին իրենց ծագումնաբանությանը: Սկսած հենց «ռազբիրատ» բառից, որը ռուսերենի երրորդ դեմքի թեքումից է, ռուսերենում որպես այդպիսին չի օգտագործվում այդ իմաստով՝ որպես գոյական, իսկ ռուսերենի разборка-ն շատ ավելի անմեղ է հնչում, քան հայերեն «ռազբիրատ»-ը: Եվ ռուսերենի ինֆինիտիվի ձևը՝ անորոշ դերբայի ձևը, որպես այդ լեզվի հասկացությունների անսպառ աղբյուր. լիվիրիտ, վինիվիտ և այլն:

Ահա մի կես-կատակ կես-լուրջ հատված ֆեյսբուքյան մի քննարկմանն իմ խոսքից, փոքր-ինչ ձևափոխված [2].

Տինտիրիտը լիվիրիտի թեթև ու մեծահոգի դեպքն է, լիվիրիտը՝ վազնիկատի նիսյա տարբերակը, այսինքն՝ խլրտալ, թպրտալ ուշադրություն գրավելով, առանց դրա իրավունքն ունենալու (երկրորդ «պատվիրանի» խախտում): Եթե վազնիկատը հայտ է ու հավակնություն, ապա լիվիրիտ անում են ստորին կաստաները կամ ստորինացվածը/ստորինացվողը, ու դրա համար, եթե առանց թույլտվության ես արել, սովորաբար պատասխան կպահանջվի: Իսկ տինտիրիտն այն դեպքն է, երբ այնքան սրամիտ ես կամ բարի միջավայր է, որ լիվիրիտ ես անում բայց քու լիվիրիտին տեր կանգնել երևի չեն պահանջի քեզնից, թեև միշտ էլ կա շանս, որ տինտիրիտը կվերածվի լիվիրիտի որևէ մեկի աչքում, ու պըտի ատվեչայ պահես, որ դա արեցիր չնայած քո՝ ստորին կաստային պատկանելուն կամ այլ պատճառով իրավունք չունենալուն տվյալ հանգամանքներում ուշադրություն գրավել, այսինքն սխալ վազնիկատ ես ըլնում:

Ես դեռ չանդրադարձա այդ շղթայի ևս երկու օղակին՝ վինիվիծ ու շեբուռշիծ: Դե վերջինը պարզ է, իսկ վինիվիծը (երևի, ռուսերեն винить, виноватить – «մեղադրել, մեղսագրել» բառից) նույնպես շատ կարևոր է՝ այն վազնիկածի ու լիվիրիծի միջև է ու նշանակում է «սխալ» ռազբիրատ սկսել (մեղավորին փնտրել ուրիշների մեջ) գուցե անտեղի տեղը, ինչի համար, կրկին, պիտի ատվետ պահես, թե սկսել ես: Այդպիսով լիվիրիտը վինիվիծի հաջորդ փուլն է, երբ վինիվիծ էլ անել չէիր կարող (կամ ռիսկ չարիր), բայց փոխանակ սսկվես լիվիրիտ սկսեցիր անել ու դե հիմա...

Այդ մշակույթի և բառապաշարի մի հոյակապ, թեև սահմանափակ, օրինակ է տալիս «Մեր բակը» առաջին ֆիլմի այն երաժշտական դրվագը՝ ռազբիրատ-ին նվիրված[3]: Կարող ենք նկատել, որ –իտ վերջավորությամբ հայերեն լեզվաստեղծագործությունն իրականում անսպառ է: Իհարկե, այդ դրվագի նպատակն է «մերել» այդ մշակույթը մեր քաղաքային կյանքի բարքերին, «անմեղացնել» այն, և այդ պատճառով էլ անտրամաբանական թռիչք է տեղի ունենում «ռազբիրատ»-ից՝ հաշտության, հակառակ այն մյուզիքլի, որին ընդօրինակում են այդ դրվագում («Վեսթսայդյան պատմություն»): Նախաօրինակում, ինչպես և Ռոմեո և Ջուլյետում, միայն մահն է դարարեցնում պառակտումը:

«Մեր բակի» դրվագը շատ տաղանդավոր է, նպատակն էլ, կարելի է ասել՝ ազնիվ, սակայն այդ գաղափարախոսությունը՝ որ «սա էլ քաղաքային տղայական մշակույթի նորմալ մաս է», անընդունելի է, քանի որ այդպիսի պատանեկան բարքերով անցած մեր ժողովուրդն է, որ հետո, այդ ֆրուստրացիան, տրավման մեջը կրելով, ճգնում է և չի զորում ձերբազատվել բռնության մշակույթից: Դա, ընդհակառակը, եթե այդպես, անցողիկ տղայական պահ է համարվում՝ արդյունքում դրա առաջացրած ազդեցությունը ճմզվում, ետին պլան է մղվում և դառնում մեր ժողովրդի համատարած սթրեսի աղբյուրը:

Այդպես, այդ հսկայական լեզվական և այլ ստեղծագործությունն այսբերգի կատարն էր՝ մի ողջ բլատնոյ, գողականացված, գողականացվող մշակույթի, որն ավելին էր, քան ենթամշակույթ, իրոք որ հակամշակույթի պես՝ «նորմալ» մշակույթին հսկայական հակակշիռ էր: Դա վարքային մշակույթ էր և է, և այդ իմաստով՝ հսկայական ու շատ լավ մտածված ճիգեր են պետք, որ այն վերանա:

ԳՀ.- Իսկ 90-ականներից հետո՞. ի վերջո, եթե մշակույթն այդ համակարգի դեմ էր, և եթե այդ համակարգը վերացավ, այդ մշակույթը պիտի մարեր: Բայց այն չմարեց, այլ ուրիշ զարգացում ստացավ:

ԳՏԳ.- Մենք միֆոլոգիզացված ենք վերաբերվում մեր պատմությանը: Հիմա համարվում է, որ հայ ժողովուրդն իր գիտակցական կամքով որոշեց անկախանալ և Անկախության հռչակագիր ընդունեց և մի տարի հետո էլ գնաց և քվեարկեց և այլն: Չէ՞ որ այդպես չէր իրականում: Կային հոսքեր, հոսանքներ, տարբեր մոտեցումներ, տարբեր վերաբերմունքներ, և այդ կարևորագույն հոսքերից ու հոսանքներից մեկն ազգայնականությունն էր, որը լռեցվել էր ստալինիզմի օրոք՝ քսանական-երեսնականներին ջարդուխուրդ արվել, սակայն կրկին ամրապնդվում էր Երկրորդ համաշխարհային պատերազմից սկսած, կոմունիստական վարչակարգի կողմից, որոշակի նպատակներով:

Հայաստանի դեպքում՝ որպեսզի Հայաստանին սանձված պահեն, սակայն ազգայնականության ուժն օգտագործեն, եթե պետք է, ռազմի դաշտում կամ Թուրքիայի դեմ: Որպեսզի, նաև, կառավարելի «փական» ունենան՝ սովետական սոցիալիզմի գաղափարական սնանկությունը գոնե ինչ-որ կերպ հակակշռելու համար: Որպեսզի իմանան՝ ով ինչ է մտածում: Որպեսզի եկեղեցու և ավանդական կուսակցությունների ցանցն ու սփյուռքն օգտագործեն աշխարհով մեկ, ինչպես կարող են:

«Ես ինքս զարգացնեմ ազգայնականությունը, տեղ տամ դրան, բայց իմանամ՝ ինչքա՛նը կարելի է, ինչքա՛նը՝ չէ», - դա էր մոտեցումը:

Մի կողմից ամրապնդվում էր ազգայնականությունը, մյուս կողմից՝ իրականությունը բերում էր այդ գուլագային հոգեբանությունը և բարքերը և, ասենք, ցեխավիզմի մշակույթը, որը էլի նույն այդ բռնի գործելաոճի կոռուպցիոն տարբերակն էր, նույն գուլագային տուֆտայի շարունակությունը: Այսինքն՝ իմաստ չուներ և հարգանք չէր հարուցի պետության համար աշխատելը: Պետք էր ցեխը վերցնել, պետությանը տալ կաշառք և զուգագուլպա արտադրել, կրծկալ կամ այլ բան և վաճառել «ձախ» (налево): Սպեկուլացիան՝ արտասահմանից ջինս բերելն ու թանկ ծախելը, արգելված է, սակայն պատվավոր ձև՝ փող վաստակելու: Քանի որ փող վաստակելը, մասնավոր սեփականությունը մարդկության և հայի համար բնական բան է, և դրա արգելքը, մանավանդ հայրենադարձների գալուց ի վեր, չի կարող բնական համարվել: Ուրեմն՝ պետությանը խաբելը դառնում է «ճիշտ»: Իսկ դա այլասերում է ողջ հասարակությունը: Որովհետև չէ՞ որ եթե զուգագուլպա արտադրելու համար դու, ասենք, թել ես գողանում, ապա սեփական կամ որևէ ցեխավիկի դաչան կառուցելու համար՝ ցեմենտ ես գողանում: Իսկ հետո գալիս է երկրաշարժը և սպանում 25 հազար մարդ՝ քո գողացած ցեմենտի բացակայությամբ կառուցված և երկրաշարժից փլուզված շենքերի փլատակների տակ:

Եվ այդ գրեթե տոտալ կերպով, գրեթե խորքովին այլասերված համակարգը հետո դառնում է անկախություն: Այն, որ փողոցում կանգնած վանկարկում էին մի պահ, բոլորը՝ տոգորված, - առանձնապես բան չի նշանակում դեռևս այդ պահին: Եվ գուցե հիշեք, որ գողերն ասում էին, որ, «ժողովուրդ ջան, հանգիստ կանգնեք, այսօր մենք որոշել ենք, որ ոչ մեկիդ տունը չենք մտնելու»: Այսինքն գողականությունը հենց սկզբից հաճույքով մերվում էր ազգայնականությանը, իբր՝ հայրենասիրությանը, լեգիտիմացնում իրեն ազգայնական պարադիգմում:

Ինչո՞վ է դա պայմանավորված: Նախ՝ ազգայնականությունը նույնպես «նախնական բնազդների» հետ կապ ունի, ինչպես և, ասենք, «մայրիկի կուլտը»: Հեշտ գաղափարախոսություն է: Ավելի հեշտ է աշխարհը բացատրել որպես «օջախ» կամ «ընտանիք», քան թե՝ որպես իրար հետ ազգակցական կապեր չունեցող մարդկանց փոխհամագործակցություն, որոնք թեև ազգական չեն՝ սակայն պիտի հարգես նույնպես, որպես որ ազգականներիդ ես հարգում: Մեր ողջ հանրային դաստիարակությունը, գուլագից ներշնչված, տասնամյակներով հակառակն է ասել. մարդը (եթե ազգականդ չէ, կամ նույնիսկ եթե՝ է) մարդուն գայլ է, ոչ թե բարեկամ: Դու մենակ ես: Ազգականիդ դեռ կարելի է հասկանալ, ինչու չհոշոտել: Բայց՝ ոչ ազգականի՞դ: Ի՞նչ պատճառ կարող է խանգարել:

Չէ որ ազգայնականությունը տոհմացեղային միասնականության տրավեստի արտահայտումն է: Այն հակադիր է հասարակայնությանը, այն հակադրում է սեփական ազգը, իսկ մեջը՝ սեփական կլանը՝ մնացածներին: Այդ առումով՝ իր էմոցիոնալ հեշտությամբ, այն հարազատ է դառնում քրեականությանը, հեշտ ընկալվում նրա կողմից. չէ որ քրեականությունը գաղափարական դատարկությունը պիտի ինչ-որ բաներով լրացնի: Բայց կա է՛լ ավելի խորքային պատճառ:

Քրեականությունը սերտաճած էր սովետական պետությանը: Իսկ անարդար պետության՝ իշխի տեսակետից, ինչպես ասացի, շահավետ էր ազգայնականության բորբոքումը, քանի որ դա հնար էր տալիս «բնազդային» ստեղնին խփելով՝ կառավարել, այսինքն՝ իշխել և շահագործել հանրությանը:

«Ես-ընտանիք-տոհմ-կլան-ցեղ-ազգ» շարքը հեշտ է երևակայել, այն բան հասկանալու, վերլուծելու, ճիգ գործադրելու պահանջ չի դնում: Մանավանդ մի ազգի համար, ում սկզբում կոտորել են, հետո՝ փորձել բոլոր ընտանեկան և տոհմական կապերը քայքայել, քանդել՝ ինչպես և Սովետական Միության ողջ բնակչության – բռնի կերպով: Մանավանդ, երբ քրիստոնեական ավանդույթը՝ «չկա հույն և հրեա», այլասերվել էր և՛ ներքին եկեղեցական պատճառներով, և՛ դարերի ընթացքում շրջապատի պատճառով, որը քեզ թշնամի էր համարում, անկախ քո քարոզից, և՛, հետո էլ, բռնի կերպով ոչնչացվել՝ քսաներորդ դարի սովետական տասնամյակների ընթացքում: Մանավանդ, երբ ցանկացած տիեզերական՝ կաթողիկե գաղափարախոսություն սնանկ է հնչում, քանի որ մեկ այլ տիեզերական գաղափարախոսություն՝ կոմունիզմը, օգտագործվեց բռնության համար և սնանկացավ: Մանավանդ, երբ «Մի՛ սպանիր» քարոզին հակադրվում է հարձակումը սեփական կացութաձևի վրա՝ «թշնամի» ազգերի կողմից, և հասկանում ես, որ տանուլ ես տալու, վերանալու ես կրկին, թե պացիֆիստական դիրք բռնեցիր: Մանավանդ, որ տիեզերական այդ գաղափարախոսությունը, համարում ես, օգտագործվել է հենց քո՛ ազգը ճնշելու և մեկ այլ ազգին քո հաշվին ուժգնացնելու նպատակով: Մանավանդ, որ ազգայնականությունը «վերից» պարտադրվում է Սովետի հենց այդպիսի՛ կոլապսի տարբերակով և ամենամեծ ազգի՝ ռուսների ետկայսերական ինքնության փնտրտուքի՝ քեզ հասնող հենց այդպիսի՛ ճառագայթների ազդեցությամբ... Եվ այլն...

Շատ ավելի դժվար է, այդպիսի պայմաններում, երևակայել, հասկանալ «աննյութ» և վարկաբեկված «հասարակությունը» որպես գլխավոր արժեք, ծառայել քեզ փոքր, թույլ և այլասերված թվացող «պետությանը», այլ ոչ թե «ազգին»: Դարեր շարունակ չգիտեիր, պետությունն ինչ է, և կարծում ես՝ քոնը հաջող չի ստացվելու, մեկ է, թաքնված կերպով՝ անկախ չի լինելու. քանի որ չգիտես, անկախությունն ինչ է, կարող ես միայն երևակայել «գայլային» անկախություն՝ ֆիզիկական ուժի, բռնության, հսկա տարածքի անկախություն: Բարդ թեմա է...

Պիտի ասեմ, որ կարևոր հանգամանք էր նաև այն, որ պատերազմին, ասենք, գեներալ Մանվելի ֆենոմենը կար: Դա ինչի՞ մասին է: Որ պատերազմին մասնակցողների «ամենաուժեղ» և «հաջողակ» խմբերից մեկը գուլագային բարքերը կրողներն էին, և շատ մասնակիցների կողմից համարվում է, որ առանց նրանց դերի պատերազմը նույնպիսի հաջողություն չէր ունենա: Որովհետև համարվում է, որ դու պիտի մի քիչ խելառ լինես, ուղեղդ՝ գուցեև մթագնած, որպեսզի համաձայն լինես արշավել դեպի մահը և համաձայն լինես դաժանորեն հաշվեհարդար տեսնել մարդ արարածի հետ, նույնիսկ եթե այդ մարդ արարածը քեզ թշնամի է դեկլարացված տվյալ պահին: Սա հայտնի մոտեցում է, ավաղ:

Համարվում է, որ այդ բարքը, այդ մոտեցումը մեծ դեր կատարեց պատերազմի ժամանակ, և արդյունքում քրեական մշակույթն է՛լ ավելի ամրապնդեց իր պատվանդանը, իր հարգանքը պատերազմած հասարակությունում: Մենք ունենք օրինակներ, որոնց մասին շատ չի խոսվում, բայց նշվում են նրանք բանավոր խոսակցություններում, նաև՝ Մոնթե Մելքոնյանի պայքարի մասին հուշերում են նշված և այլուր. «մարադյորության»՝ ավարառության օրինակները, ներառյալ երբ ինքներս մեր ժողովրդի գյուղերն էինք թալանում: Պատմվում են նաև երկրաշարժից հետո այդ դեպքերը:

Իրականում տարբերություն չկա, քո՛ ժողովրդին ես թալանում, թե ո՛չ քո ժողովրդին ես թալանում. երկուսն էլ անիրավություն է: Հենց տարբերակում դնելն արդեն հիվանդագին ազգայնականություն է, մինչդեռ՝ հին ժամանակներից համարվում է, որ գրավված տարածքը թալանի հանձնելը պատերազմի սովորական բարք է: Այսինքն սա հենց այն արժեքներից է, որ պիտի նորացվի, վերաիմաստավորվի, այլապես այդ երկատվածությունը՝ հերոսության և ստորության՝ միասնաբար հանդես գալը երբեմն մարդկանց ուղեղներում, երբևէ չի լուծվի և հասարակությունն արժեքային աքցանից դուրս չի բերի:

Այդտեղ կա պատմական զուգահեռ ֆիդայինների շարժման հետ, խմբապետ Շավարշի պես մարդկանց անօրինությունների: Բռնության բարքը դեպի դիմացինը որոշակի խմբերում և հատկապես դժվար վիճակներում՝ պատերազմի ժամանակ, և կոնտեքստային անիշխանության ու սոցիալ-քաղաքական համակարգի կոլապսի իրադրության մեջ: Այդ ատոմացված միայնությունդ ու գայլային հոգեբանությունդ. խմբեր կան հասարակության մեջ, որտեղ դրանք գերադրական դեր են ստացել:

Եվ մեզ մոտ դրա շարունակությունը ճաշակեցինք. իշխողների սերունդներն այդ բարքին պատկանող մարդկանց բերեցին իշխանության: Եվ դրանով է բացատրվում մեր անկախության ժամանակ գողականության բարքերի, համատարած ապաբարոյականության այդ մշակույթի ամրապնդումը:

Մենք մի հետազոտություն էինք պատվիրել՝ «Քյառթուի կերպարը որպես անհանդուրժողականության ներկայացման միջոց արդի հայ արձակում»[4], որ արել են Արքմենիկ Նիկողոսյանը և Աշոտ Գաբրիելյանը, և որը տպագրվել է «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ» գրքում[5]: Այնտեղ խոսակցությունը սկսվում է «ռաբիզի» երաժշտությունից, «ռաբիզ» մշակույթի գոյացումից, որի հետագա զարգացումը «քյառթուի» սովետական տարատեսակն էր կամ շատ մոտ դրան: Եվ այնտեղ էլ նույն այդ պահպանողականությունը, տաբուականությունը, որոշակի իմաստով (իհարկե, դրանք նաև տարբեր էին), կար…                    

ԳՀ. - Քյառթուն որպես արդեն այդ գուլագային մշակույթի տրանսֆորմացված դրսևորում…

ԳՏԳ. - Արդեն շատ տրավեստիացված և ոչ պարտադիր գուլագային, ավելի շուտ այն իմաստով, որ նա նույնպես ասում է՝ ես «լավ տղայի» կոդեքս ունեմ, նույնը, ասենք, «գողն» է ասում, բայց եթե նույնիսկ դա միայն գուլագից անմիջականորեն չէր ժառանգված, այստեղ տեղին է այն բառը, որ Սովետի ժամանակից է գալիս՝ деклассированный, ապադասակարգայնացված մարդիկ՝ «լյումպեն-գողականություն», այսինքն՝ էլի միավոր դարձած, նույնիսկ ոչ միավոր,  տարր՝ ատոմ դարձած, ատոմացված մարդիկ: Համայնքից դուրս: Իրական համայնք չկա:

Իրենց համայնքից իրականում, արժեքային իմաստով զրկված. այդ մարդիկ պիտի ստիպված ավելի՛ տաբուացված, ավելի՛ կոշտ կարծիքներ ձեռք բերեն և վարք առաջարկեն, որպեսզի գոնե ինչ-որ չափով ինքնություն ձեռք բերեն: Եվ՝ միավորվում են «հակահամայնքի» մեջ:

Որովհետև մշակութային ինքնությունը, հիշողության ինքնությունը, հեղինակությունների (լավ իմաստով, ոչ թե գողական), օրինակի՛ ինքնությունը նրանք չունեն: Եվ պատահական չէ նաև, որ հենց հեղինակություն բառն է հափշտակվել, գողականների հասկացություններից դարձել, մինչդեռ դա կարևորագույն բառն է մարդկային քաղաքակրթության մեջ. մարդն իր ձևավորման ընթացքում անընդհատ հենվում է հեղինակությունների վրա: Իսկ մեզ մոտ, ամբողջ հետսովետական շրջանում, «ավտորիտետ» նախևառաջ «գողական հեղինակություն» իմաստով է սկսել ընկալվել: Այդպես շատ բաներ այլասերվել են: Նույն՝ «հասկացություն» բառը, որ փիլիսոփաները դարերով փորձում են բացատրել՝ դարձել է գողական արժեքների կրարևորագույն հասկացություններից (sic!). понятие («պանյատները»). Объясниться по понятиям – այսինքն՝ օրենքի բացակայության կամ ավելորդության պայմաններում, երբ բեսպրեդելից ուզում ես խուսափել՝ գողական աշխարհի արժեքային համակարգին հենվել, «արդար» «ռազբիրատ» անել...

Արդյունքում մենք ստացանք, փաստորեն, պետականության առևանգում այլասերված գողական մշակույթի կողմից, որն ուներ մի նպատակ՝ «իջեցրած», «քցված», «կըզըցված» պահել ժողովրդին, ապադասակարգայնացնել այն, գաստարբայթըրների վերածելով, այնպես անելով՝ որ այս երկրում գրեթե ոչ ոք չկարողանա ապրել արժանապատիվ՝ առանց կրիմինալ արարքներ կատարելու: Եվ մեկ այլ նպատակ. օգտագործել սուտ ազգայնականությունը (նաև օբյեկտիվ տենդենցները՝ այն, որ ազգայնականությունը բնականորեն ուժգնացել էր ղարաբաղյան պատերազմի և դրա չլուծված լինելու պատճառով), ամեն կերպ այն տարփողել՝ շահագործման, ժողովրդին քամելու այդ սխեման ամուր պահելու նպատակով: Պարզ է, որ կոնֆլիկտը լուծելու ոչ մի կարիք իրենք չէին զգալու, էլ չասած՝ այդ մշակույթը փոխելու ոչ մի կարիք չունեին, ընդհակառակը՝ պիտի այն ամրապնդել շարունակեին, որքան կարող էին:

Բայց եկավ 2018-ը...

 ԳՀ. - Դա ինչպե՞ս կարող ենք փոխել: Պատմությունը՝ հնարավոր չէ, այսինքն՝ ի սկզբանե անցումը, որ տեղի ունեցավ Խորհրդային միությունից անկախ Հայաստան, կամ ձևավորվեց այն, ինչ որ ձևավորվեց. հետ գնալ դեպի պատմություն՝ փակուղի է, չէ՞, եթե մենք ասենք՝ ի սկզբանե սխալ հիմքերով ենք եկել: 

ԳՏԳ. - Նախ պիտի ուսումնասիրենք պատմությունը: Միֆոլոգիզացիայից դուրս բերենք: Այդ գուլագային մշակույթն ուսումնասիրենք լրջորեն:

Այսօրվա խոսակցությունները՝ գենդեր, ԼԳԲՏ համայնք, Ստամբուլյան կոնվենցիա և այլն, և՛ կրկնություն են այն խոսակցությունների, որ եղել են Ռուսաստանում, Մոլդովայում և Վրաստանում մի քանի տարի առաջ, և՛ Իտալիայում, Բրիտանիայում, Շվեդիայում, Նիդերլանդներում 1960-ականներից սկսած մինչև 90-ականները: Ամենուր նույն ձևի է ընթանում տոլերանտության այդ ձգտումը, այդ բռնությունը հաղթելու փորձը դեպի մարդու այլ տեսակը, «իջեցված, կզցված (опущенный) մարդ» հասկացությունից դուրս գալը՝ այդ կաստայական իմաստով, գառլախացած՝ ինչպես մեր բանակում են ասում: Մինչև հիմա բոլորը փորձում են գուշակել, թե այդ «գառլախ» բառը որտեղից է գալիս, և չեն կարողանում: Մի վարկածն այն է, որ girl բառից է, այսինքն՝ աղջկացրած, բայց հաստատ չէ, կան տարբեր վարկածներ:

Նույն կերպ տեղի ունեցող այդ բոլոր պրոցեսներն ինչի՞ մասին են. բռնության մասին են: Եթե դու բռնությանդ պատմությունը լավ չես ուսումնասիրել, եթե դու կարծում ես, որ դուք միայն հերոս էիք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, պապդ պատմություններ չէր պատմում, որովհետև չէր ուզում գլուխ գովել, իսկ հետո պարզվում է, որ բանակը բռնաբարելով գնացել է Լեհաստանից մինչև Բեռլին ու Ռայխստագի պատերի տակ շարունակել է կանանց ու աղջիկների բռնաբարել... Եթե դու չես ուզում դա իմանալ ու հասկանալ, թե ինչու՛ էր պապդ լուռ իրականում... Ինչու՛ էր գուլագում նստածը լուռ, և ինչու՛ էր հաղթական պատերազմից վերադարձածը լուռ:

Եթե չես ուզում հասկանալ, ինչու՛ տատդ չէր ուզում խոսել իր մայրենի լեզվով, որը թուրքերենն էր, որովհետև վախենում էր, որ քո պապիկին կարտաքսեն՝ ասելով, որ «շպիոն» է թուրքական, - եթե այս հարցերի մեջ չի ուզում մտնի մեր հասարակությունը և հատկապես նոր սերունդը՝ նրանք չեն հասկանա, թե ի՛նչ անեն հաջորդ քայլը:

Քսաներորդ դարի պատմության այսբերգի հսկայական ստորին մասը, որն այժմ կամաց-կամաց վեր է հանվում աշխարհում և նույնիսկ Ռուսաստանում, չնայած դրան կատաղի դիմադրությանը, Հայաստանում և հայկական դիսկուրսում շա՜տ քիչ է քննարկվում, և հաճախ էլ քննարկվում է սխալ մեթոդաբանական դիրքերից ելնելով, ասենք՝ մեթոդապես առանձնացնելով Հայաստանում կատարվածը ԽՍՀՄ-ում կատարվածից: Դա մեր «ազգայնական» կանխենթադրույթի սխալներից մեկն է, ասենք՝ կարծել, որ բոլշևիկները դաշնակներին հետապնդում էին, որովհետև «դավաճան էին ազգային գործին», այլ ոչ թե որովհետև բոլշևիզմը մի համընդհանուր ընթացք էր՝ սոցիալիզմի գաղափարախոսության ուրույն մաս՝ բռնությանը սերտաճած, ողջ նախկին Ռուսական կայսրության տարածքով մեկ... Շատ կան այդպիսի խնդիրներ:

Պատմական հայացքի այդպիսի փոփոխությունը՝ իշխի՝ պարտադրվող դիսկուրսից դեպ այդ դիսկուրսի «հերոսականությունը» քանդելը, օգնում է նաև սկզբունքորեն հասկանալ և՛ իշխի կողմից գրված, պատվիրված կամ գրաքննված պատմության սահմանափակությունը (և ուրեմն չի կարելի այդպես գրել պատմությունն այսուհետ), և՛ այն, թե ինչպես վարվել իշխի հետ, ինչպես այն սանձել՝ թափանցիկության, քննադատության միջոցով, - ապագայում այդպիսի թակարդային պատմական իրադրություններից խուսափելու համար: Պատմության մեթոդաբանության, ճիշտ հայացքի, խնդիրների ճիշտ ձևակերպման այդ աշխատանքը՝ երբ խոսքը հայոց պատմության մասին է, գրեթե չի արվում: Ես մի քիչ անդրադարձել եմ[6] այդ խնդիրներին, բայց դեռ շա՜տ գործ կա անելու: Ընդհանուր առմամբ՝ առաջարկում եմ հետազոտել արժեքների վերափոխումը մեր մշակույթի մեջ. ա՛յդ տեսակետից դիտարկել պատմությունը: Դա փորձել ենք անել ժողովրդավարության[7], հանդուրժողականության[8] վերաբերյալ մեր հետազոտություններում, հիմա էլ՝ բռնության վերաբերյալ ենք անում:

Անընդհատ ես հանդիպում եմ Երկրորդ Հանրապետության վերաբերյալ աղավաղումների: Հենց նույն այդ հոդվածում, որ ես հիշատակեցի, սևագրում ասվում էր՝ քյառթու մշակույթը ստեղծվեց 50-ական թվականներին Սովետական Հայաստանում: Այդպիսի բան չկա: Քյառթու բառն օգտագործվում էր 70-80-ականներին, շա՜տ քիչ, բայց որպես ենթամշակույթի բնորոշում՝ զուտ անկախության պատմությանն է վերաբերվում:

Նույնը՝ այն օրը հայտնաբերում եմ մի՝ էլի շատ պատվավոր, հետաքրքիր, հարգարժան երիտասարդ փիլիսոփայի, մտածողի տեքստում. ասում է՝ սովետական ժամանակ մարդիկ իրար դիմում էին պարոն, տիկին, իսկ անկախոթյան ժամանակ, այդ գռեհկացման հետ, սկսեցին ասել՝ «ձյաձ», «ծյոծ», «քուր», «ախպեր»: Ա՛յ մարդ, սովետական ժամանակ չէին կարող դիմել «պարոն», «տիկին», կարող է՝ հատուկենտ դեպքեր կային, Ռուբեն Զարյանն էր այդպես դիմում, բայց ընդհանուր առմամբ «ընկեր» էին դիմում, և արգելված էր, և հոգեբանորեն անհարիր կլիներ, վտանգավոր կհնչեր այդպես դիմելը՝ «պարոն», «տիկին», «օրիորդ»:

Ա՛յ, այդպիսի անընդհատ աղավաղումներ են լինում: Դե, ռուսաստանյան այսօրվա դիսկուրսը՝ է՛լ ավելի, բնականաբար. Ստալինը մեծություն է դարձրել… Երբ համեմատում ես գուլագային բարքերն այսօրվա ռուսաստանյան որոշ ճամբարների բարքերին՝ բան չի փոխվել[9]... Մերը գոնե մի քիչ ավելի առողջ է, բայց շատերը քիչ գիտեն մեր անցած ուղու վերաբերյալ:            

ԳՀ. - Այսինքն՝ շատ կարևոր է այդ ուղին հասկանալ, ուսումնասիրել, եթե մենք ուզում ենք այս կետից փոխել:

ԳՏԳ. - Եվ ճշմարտությունները վերարտադրել անընդհատ, պարբերաբար: Որովհետև, ինչպես ասացի՝ աղավաղվում և մոռացվում է, նոր սերունդը գալիս է և տեղյակ չէ:

2006 թվականին բացվեց բռնադատվածների հուշարձանը: Հայաստանի խորհրդայնացման 50-ամյակի հուշասյան կողքին, Կասկադի վերևում, էլի նույն ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ջանքերով, որի հայրը նույնպես բռնադատված էր: Բայց այդ հուշարձանը բացվում է ընդամենը տարին մեկ օր՝ հունիսի 14-ին:     

ԳՀ. - Եվ ոչ մեկը դրա մասին չգիտի…

ԳՏԳ. - Դա Բռնադատվածի օրն է: Մնացած ժամանակ այն փակ է, որովհետև չկա պահակ, և վախենում են, որ այնտեղ կաղտոտեն, եթե ներսը հասանելի լինի. այդպիսի կառույց է:

Եվ հենց այդ է. ոչ ոք չի լսել, ոչ ոք չգիտի, ոչ ոք տեղյակ չէ, և այդ օրը գալիս է մի 30 մարդ՝ բռնադատվածների ընտանիքներից, և հանրությունը գրեթե տեղյակ չէ այդ ամենին: Չկա թանգարան:

Դա զուտ միայն պատմության վերաբերյալ՝ մեր դպրոցներում դասավանդվելիք, հետազոտությունների և այլն, և մշակույթի փոփոխումը դեպի սեփական անցյալը հարգելը: Շատ կարևոր էր ԱԱԾ-ի նամակը՝ Վանեցյանի անունից, որ «մենք մեզ չենք համարում սովետական ՉԵԿԱ-ի և ԿԳԲ-ի իրավահաջորդը»: Թեև ձևական բան է դա, բայց հազար ու մի հարց է առաջանում: Լավ, իսկ արտաքին հետախուզությամբ զբաղվողների՞ն էլ հիմա չպիտի գովերգեք այլևս, թե՞ ինչպես… Հազար ու մի հարց է առաջանում, բայց ասաց՝ «Մենք իրավահաջորդ չենք: Մենք 18 թվին երկու տարի գոյություն ունեցած վարչության շարունակություն ենք, դրա համար 100-ամյակ ենք նշում, բայց խորհրդային ժամանակաշրջանի КГБ-ն, այսպես ասած, չենք վերցնում որպես մեր նախորդ»:   

 ԳՀ. - Հնարավո՞ր է դա:

ԳՏԳ. - Դե, գոնե արժեքային առումով պիտի հնարավոր լինի:   

ԳՀ. - Այսինքն՝ պատմական փաստը իմանալ, բայց արժեքային համակարգում չվերցնել:

ԳՏԳ. - Հակառակը. իմանալ և հենց արժեքային առումով ճիշտ տեսակետի՛ց դիտարկել դեպքերը:

ԳՀ. - Այսինքն՝ այդ դիտակետից նայել և ըստ այդմ որոշել հետագա քայլերը: Հանրային քաղաքականության մեջ ինչպե՞ս է լինելու:

ԳՏԳ. - Բարեփոխել ԱԱԾ-ը: Գողականության լեզվի բառարան կազմել: Հետազոտել այդ մշակույթի հոգեբանությունը, որ այդ ճյուղավոր համակարգի՝ գողական «օրենքի» համակարգի մեջ այդպես լավ արտացոլված է: Դրան հակադեղեր գտնել:

Այն տակտիկաները, որ ես նշեցի վերևում՝ կենցաղային մակարդակում բռնությանը հակազդելու, մշակել, դասագրքեր ստեղծել դրա վերաբերյալ, միջազգային փորձն ուսումնասիրելով, սկսել դասավանդել՝ դպրոցից մինչև ծնողներին ներառյալ... Նույնը՝ ընտանեկան բռնության վերաբերյալ... Արժեքները դասավանդել՝ որ մարդս հոլիստիկ երևույթ է, և ինչու՛ չի կարելի նրա արժանապատվությանը ձեռք տալ՝ ծնված օրից սկսած:

ԳՀ. - Այսինքն՝ դրված է այդ խնդիրը, դուք ասացիք, որ Նիկոլ Փաշինյանի ելույթում, ընդհանրապես, տարբեր ռազմավարություններում այդ խնդիրը՝ բռնության խնդիրը, ինչ-որ ձևով արտացոլվում է: Հանրային քաղաքականության մեջ ի՞նչ ձևով է գնալու, ի՞նչ քայլեր է պահանջում պատկան մարմիններից:   

ԳՏԳ. - Ինձ թվում է՝ մեր այս թավշյա հեղափոխությունը, էլի եմ ասում, վերացրեց այն վտանգը, որ այդ դիսկուրսը և այդ վարքը կարող էր դառնալ մեյնսթրիմ, կարող էր դառնալ դոմինանատ:

Ես չունեմ հստակ պատասխան, բայց իմ մոտեցումն այն է, որ բռնության մշակույթը վերածնվում է այն ժամանակ, երբ մարդն իրեն զգում է անպաշտպան, մեկուսացած տարր:

Ես շատ լավ դա նկատել եմ անձնական փորձովս: Ես ապրում եմ մի տեղ, որտեղ երկու դպրոցի ետնաբակ է: Եվ այն պահին, երբ հանրային տրամադրությունները բարձր էին, գեղեցիկ հագնված տղաները և աղջիկները դուրս էին գալիս թևանցուկ, սիրահետում, սեթևեթում, հանգիստ իրար հետ խոսում, խաղում միասնական խաղեր և այլն: Այն պահերին, երբ հանրային տրամադրությունները ներքև էին իջնում, սև հագնված տղայական ոհմակիկները դուրս էին գալիս և սկսում էին «ռազբիրատներ» անել ու իրար վրա հարձակվել ու գոռալ և հայհոյել[10]: Շատ հստակ. եղավ Ցեղասպանության 100-րդ տարելիցը, որը դրական լիցք պարգևեց մեր երիտասարդությանը, և Թանկյանի այդ համերգը՝ գունավոր հագնվեցին, ասենք, Էլեկտրական Երևան՝ գունավոր, հետո Ապրիլյան պատերազմ՝ սև հագնվածները եկան, «Սասնա Ծռեր»՝ սև հագնված, Սահմանադրության սուտի քվեարկություն՝ սև հագնված, և հետո՝ հեղափոխություն՝ գունավոր (գույնով, ոչ թե բնույթով:))...

ԳՀ. - Այո, ուրիշ էներգիա էր:

ԳՏԳ. - Մութ ուժի հաղթանակի ժամանակ, որպես դերային մոդել, մութ ուժին են սկսում հետևել պատանիները: Երբ որ մութ ուժը տեղի է տալիս, իսկույն, որպես դերային մոդել, սկսում են հետևել գունավորին, ազատին, գեղեցիկին:

Եվ այստեղ աղջիկների դերն է շատ մեծ, չէ՞, կանանց ընդհանրապես: Իսկ կանանց հարցը, իհարկե, էլի սարսափելի կարևոր է, որովհետև նրանք սովորաբար ընտրել են՝ շատերը, որպես ռազմավարություն՝ դա անվանենք ադապտացիոն ռազմավարություն, թողնելով տղամարդկանց հիմնականում պրոտագոնիստի՝ գլխավոր գործող անձի դեր: Այդ ադապտացիոն ռազմավարության շրջանակներում մենք կարող ենք տեսնել տակտիկական ամենատարբեր տարբերակները: Չհնազանդվել այդ բարքին: «Իմ ամուսինը գողական է, բայց ես շատ բարի, կրթված եմ». «Իմ ամուսինը ցեխավիկ է, բայց ես Գիտությունների ակադեմիայում եմ աշխատում». «Իմ ամուսինը գող ու ավազակ է, ժամանակակից օլիգարխ, ես՝ բարի, բարեգործ, կիրթ, երգեր սիրող տիկին եմ», և այլն: Այդպիսի տակտիկական տարբերակներ են ընտրում վարքային: Չնկատել կամ՝ հնազանդվել ամբողջությամբ, կուլ գնալ, կամ՝ մեկուսացված լինել այդ ամենից: Եվ ընդհանուր առմամբ՝ ընդունել հասարակությունում տարածված կարծրատիպերը, ընդունել այդ խաղի կանոնները:

Վերջերս աղջնակների մի խումբ էր դպրոցից դուրս եկել՝ մոտ տասներկու տարեկան, քայլում էին, հինգ-վեց աղջիկ: Հանկարծ լսեցի.

- Ա՛յ տղա, հերի՛ք բրդես:

- Արա, դե ո՞վ ա բրդում...

Նայեցի՝ մեջները տղա չկար: Այսինքն այդ տղայական, մասկուլինային մշակույթն այնքան դոմինանտ է, որ աղջիկները նույնիսկ միմյանց հետ խոսելիս օգտագործում են այդ մշակույթի կարծրացած արտահայտությունները:

Մեր ժամանակակից երիտասարդ կանանց և աղջիկների ուժը նրանում է, որ նրանք գոնե այդ խաղի կանոնները հաճախ չեն ընդունում: Եվ դա երևաց նաև հեղափոխության ժամանակ: Ուրեմն՝ ավելի ըմբոստ լինել:

Ընդհանրապես, ինձ թվում է, շատ մեծ դեր ունի գենդերային կոմպոնենտը, կանայք ինչպե՛ս են հարմարվում: Որովհետև ես ասում եմ,- ես իմ պատմվածքներում էլ եմ գրել,- երբ տղաները իրար հետ կռվում էին ամենաբռնի ձևով, ասենք, իմ դպրոցական ժամանակներում, աղջիկները հետևից խունջիկ-մունջիկ նայում էին կամ ձև թափում, թե չեն տեսնում. ռեակցիա չէին տալիս կատարվածին: Այ, ճիշտ ինչպես ձեր օրինակը, որ տղաները, երբ թվում է, թե մեկուսացված շրջանակներում են և հայհոյանքներով են խոսում, և կանայք, որոնք կողքով անցնում են, ձև են թափում, թե չեն լսում և չեն էլ խառնվում: Նույն կերպ աղջիկներն էին վարվում մեր դեպքում և ուսուցչուհիները (իսկ նրանք մեծ մասամբ ուսուցչուհի էին, ուսուցիչ՝ հազարից մեկ): Եվ բարքը դա էր: Նույն գուլագային վարքը: Քեզ չեն վնասել՝ մի՛ խառնվիր: Այսինքն՝ նույն «օրկեստրովկայի» մեջ: Տղամարդու վարքն էլ է գուլագային, կնոջ վարքն էլ է գուլագային, այնպես որ կանանց դերը շատ մեծ է:

ԳՀ. - Շատ լավ: Եթե ամփոփենք… Համենայն դեպս քաղաքական փոփոխությունները հնարավորություն են տալիս այդ մշակույթը ի վերջո կա՛մ մի կողմ դնել, կա՛մ ավելի քիչ լինել դրա կրողը: Չնայած՝ ինքս 10 օր առաջ Գյումրիում էի, և մարզերում դա շատ ավելի ակնհայտ է: Այսինքն՝ նույն բռնությունը՝ սկսած ծնողից, որն ասում է՝ «ինչըղ, չե՞ս խփէ էրեխուդ, օրինակ, եթե վադ կըսորվի»… Դա ասում է պաշտոնատար անձ:    

ԳՏԳ. - Մենակ այնտեղ չէ, այստեղ էլ: Ես այն օրը ռեստորանում նստած էի, տեսնեմ՝ մաման իր պուճուր երեխուն սիլլում էր: Դա համատարած է, մեր մշակույթի մասն է: Ուզում եմ ասել, որ փոքրամասնությունը, որն այդպիսին չէ, մեծացել, ուժգնացել, ամրապնդվել է: Ես չունեմ էլի համատարած քաղաքական պատասխաններ տվյալ պահին ինչ-որ ոլորտային, բայց, օրինակ, մի բան ասեմ. եթե հայ ոստիկանը, հայաստանցի ոստիկանը սովորի խոսել այն լեզվով, որով այս ընթացքում ես եմ փորձում խոսել՝ հսկայական քանակության հարցեր մեջտեղից դուրս կգան: Պարզապես՝ գրական հայերենի և գեղեցիկ խոսքի դասընթացներ ոստիկանների համար: Այսինքն՝ դա հենց այն կոնտինգենտն է, այն պատանիները, որոնք շատ ուժեղ ենթակա են այդ ճնշումներին, այդ գործընթացներին, հետո նրանք ընդամենը երկու տարով գնում են ոստիկանական դպրոց և դառնում պետության առաջնային ներկայացուցիչը քաղաքացու համար: Եվ նրանք չեն ուսումնասիրում այդպիսի բաներ: Եթե նա բնականից նորմալ լեզվով խոսող էր՝ մի բան է, իսկ եթե նա բռի լեզվով խոսող էր, իր ընտանիքում, շրջապատում այդպես էր սովորել՝ նա շարունակում է:

Եվ գիտե՞ք՝ ես, մեկ է՝ դրականը նկատում եմ, որովհետև ինչ Օսիպյանը փորձում էր նորմալ լեզվով խոսել, նրա օրինակին հետևում էին շարքային ոստիկանները: Բայց նրանք հաճախ չունեն այդ հմտությունները, նրանց պետք է սովորեցնել: Եվ եթե դու սկսում ես խոսել այլ լեզվով՝ հոգեբանությունդ էլ է փոխվում:

Եվ գիտե՞ք ինչն է կայֆը: Մի անձնական բան էլ ասեմ: Շատերն Ապրիլյան հեղափոխությունից հետո իրենց խոսք էին տալիս ինչ-որ բան, չէ՞. ոգևորված, տոգորված: Շատերը ծխելն էին թողնում, օրինակ: Ես այդքան կամքի ուժ չունեի, բայց ես էլ մի ուրիշ բան արեցի. որոշեցի, որ սրանից հետո աշխատելու եմ գրական հայերենով խոսել: Որովհետև մինչ այդ գրականով խոսելն իմ կարծիքով երեսպաշտությանն էր հաճախ առնչվում, ինչպես և սովետական ժամանակ: Որ եթե դու չես օգտագործում ժարգոնային խոսքեր և խոսակցական լեզվով չես խոսում, ուրեմն դու երեսպաշտություն ես անում, ուզում ես օֆիցիալ երևալ և այլն:

Հեղափոխությունը և Նիկոլ Փաշինյանի դիսկուրսը (ոչ միայն նրա, բայց նաև նրա) ինձ համար ազդարարեցին մի լուր. որ այդ հետսովետականության սինդրոմը մեր հասարակությունն արդեն եզրափակեց. մենք դադարում ենք լինել հետսովետական ժողովուրդ և առաջին անգամ դառնում ենք անկախ Հայաստանի քաղաքացիներ:

Եվ ուրեմն այն, որ սովետական ժամանակ գրական հայերենն ասոցացվում էր երեսպաշտության հետ, «Կոմունիստ» թերթի կամ «Սովետական Հայաստան» թերթի թերթային լեզվի հետ, սոցիալիզմ, կոմունիզմ բառերի և այդ գաղափարախոսության հետ, որովհետև իրական կյանքը՝ գուլագն էր, ժարգոնը, խոսակցականը, չգրված օրենքները և այլն, - այդ անջրպետը վերացավ: Հիմա դու կարող ես լինել անկեղծ և ոչ երեսպաշտ և ոչ օֆիցիալ, բայց չխոսել գռեհիկ լեզվով:     

ԳՀ. - Ինձ թվում է՝ շատ կարևոր գաղափար է՝ այդ հետսովետականության սինդրոմի վերացումը, որովհետև մենք 90-ականներից հետո անընդհատ ասում էինք՝ անցում, անցում, հետսովետական… Հիմա մի պահ է, որ պիտի դադարենք, համարենք՝ այդ փուլը վերջացավ:

ԳՏԳ. - Վերջացավ: Պատմականորեն վերջացավ: Մի քանի տարի առաջ մի քանի բան գրեցի և ասացի այն մասին, որ Հայաստանն ընկղմված է երեք տեսակի ճգնաժամերի մեջ. գլոբալ, ետխորհրդային և ազգային[11]: Հիմա ետխորհրդայինը փաստորեն արդեն դադարում է գործոն լինել: Փաստացի՝ դեռ կա, բայց մենք այն որսացել ենք, կարծես մանրադիտակի տակ դիտելիս լինենք, ռեֆլեքսիա ենք անում... Վերանալու վրա է:

ԳՀ. - Իսկ ինչպիսի՞ն եք տեսնում ապագան:

ԳՏԳ. - Ուրիշ խոսակցություն է: Կարճ ասեմ. Հրանտ Մաթևոսյանն ութսուներեքին հրապարակեց իր «Չեզոք գոտի» պիեսը: Այնտեղ իր հերոսն ասում էր. «Խղճի անդրին պիտի դրվի ա՛յս հողին, և խղճի անդրին պիտի ունենա ձե՛ր կերպարանքը»: Առանձնահատուկ հերոս էր՝ Անիի վերջին վանահայրը՝ տեր Միքայելը: Այն ժամանակ՝ 1983-ին, գեղեցիկ էր հնչում, սակայն հետո եղավ պատերազմ, քրեապետությունը կազմավորվեց ու ժամանակավորապես հաղթեց, և ես հույսս կորցրի: Իսկ այժմ կրկին հավատում եմ, որ աշխարհի մի քանի ընտրյալ պետությունների հետ միասին՝ լուծելու ենք աշխարհի գլխավոր հակասություններից մեկը. էթիկայի և քաղաքականության միահյուսման գրեթե անհնարինությունը: Կառուցելու ենք պետություն՝ Կանտի կատեգորիկ իմպերատիվի վրա հիմնված, որ նույն այն հին ասույթն է. «Մի՛ արա ուրիշին այն, ինչ չես ուզի, որ քեզ անեն»: Մեկ այլ ձևակերպմամբ՝ «Մշտապես գործիր այնպես, ասես կուզեիր, որ քո այս արարքը լիներ համընդհանուր օրենք, և բոլորի արարքները լինեին այդ օրենքի վրա հիմնված»: Եվ այլ ձևակերպումներ էլ ունի: Մակիավելլիի ժամանակներից ի վեր և նրա «թեթև ձեռքից»՝ համարվում է, որ քաղաքականության մեջ դա լիովին անել հնարավոր չէ:

Եկեք դա հերքենք:

ԳՀ. - Շնորհակալություն:

ԳՏԳ. - Խնդրեմ: Ես եմ շնորհակալ: Շատ խոսեցինք, բայց երևի կարևոր էր:

Սեպտեմբեր, 2019

[1] Տե՛ս կոնտեքստի ընդլայնման կիրառուկի մասին այստեղ ․

[2] Տես այստեղ 

[3] Տե՛ս 35.31-45.37 րոպեներն այստեղ

[4] Տե՛ս այստեղ

[5] Տե՛ս այստեղ

[6] Տե՛ս «Հայացք անցյալից՝ ապագային» գրքի գրախոսությունը

[7] Տե՛ս այստեղ

[8] Տե՛ս այստեղ

[9] Հմմտ. այս դեպքը՝  Զաբոլոցկու այս տպավորությունների հետ

[10] Տե՛ս նաև «Էլեկտրական Երևան»-ի մասին այս էսսեն

[11] Տե՛ս այստեղ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։