
Իրանում կործանվել է ուկրաինական ուղևորատար ինքնաթիռ
«Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ընկերությանը պատկանող «Բոինգ-737» ուղևորատար ինքնաթիռը կործանվել է Թեհրանի «Իմամ Խոմեինի» օդանավակայանից մեկնելուց րոպեներ հետո: Կիև մեկնող օդանավում տարբեր տվյալներով եղել է 167-180 մարդ:
Դեպքի վայր են մեկնել բազմաթիվ փրկարարական խմբեր: Իրանի փրկարար ծառայության ղեկավար Փիրհոսեին Քուլիվանդը երկրի պետական հեռուստաընկերությանը հայտնել է, որ օդանավում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են, և փրկարարները հիմա որոնում են զոհվածների մարմինները:
Հաղորդվում է, որ «Բոինգ-737» ուղևորատար ինքնաթիռը Թեհրանից մեկնել էր վաղ առավոտյան, և օդանավից վերջին հաղորդումը եղել է թռիչքից ընդամենը երկու րոպե հետո:
Համացանցում տարածվել է օդանավի կործանման տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը, օդում այրվելով, վայր ընկնում: Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարությունը, որը համակարգում է նաև քաղաքացիական ավիացիայի ոլորտը, հայտնել է, որ օդանավի կործանման պատճառը եղել է տեխնակական խնդիրը, ինչի պատճառով շարժիչներում հրդեհ է բռնկվել է, և ինքնաթիռը սկսել է վայր ընկնել:
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ կործանված օդանավում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առկայության մասին տեղեկությունը ճշտվում է:
Մեկնաբանել