Ընտրական օրենսգիրքն ու «կնիկ պահելու կայֆերը»՝ ԱԺ դահլիճում
«ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության ներկայացրած օրինագիծը եւ իրավաբանական անձանց պետական գրանցմանն առնչվող հարակից օրենսդրական փաթեթի քննարկումը քիչ առաջ ցրեց Ազգային ժողովի դահլիճում տիրող «տխուր» մթնոլորտը: Կառավարությունն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել 2011 թվականի մայիսի 26-ի ընտրական oրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը, այն է՝ դիտորդների վկայականները Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպությունների դեպքում կարող են կնքվել նաեւ այդ կազմակերպությունների կնիքով:
Օրենքների նախագծերով առաջարկվում է իրավաբանական անձի անունից ցանկացած գործողության կատարում՝ առանց կնիքի օգտագործման: Այս սկզբունքով կառավարությունն առաջարկել է նաեւ օրենսդրության փաթեթային փոփոխություն, որի նպատակն է հեշտացնել գործարարությամբ զբաղվելը:
Նշենք, որ առկա օրենսդրության համաձայն՝ մի շարք փաստաթղթեր լրացնելիս կամ կազմելիս իրավաբանական անձը պարտավոր է դրանք հաստատել կազմակերպության կնիքով, իսկ որոշ դեպքերում կնիքով վավերացնելը թողնված է կազմակերպության ղեկավարի հայեցողությանը:
«Սույն օրենսդրական փոփոխությունների արդյունքում իրավաբանական անձանց գրանցման եւ գործարարություն սկսելու գործընթացները կարագանան եւ զերծ կլինեն ավելորդ քայլերից: Գործարարությամբ զբաղվելու մատչելիության բարձրացման հետ մեկտեղ կստեղծվի լայն դաշտ տնտեսության զարգացման համար: Նշված բարեփոխումների արդյունքում կբարելավվի նաեւ գործարարությամբ զբաղվելու մատչելիության գործակիցը համաշխարհային սանդղակում»,- օրենքի ընդունման անհրաժեշտությունը պատճառաբանում է կառավարությունը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանը հակասություն գտավ արդարադատության եւ էկոնոմիկայի նախարարների հայտարարությունների միջեւ եւ իրոք ավելորդ համարեց կնիք պահելը՝ ասելով, թե այն պահելը «կայֆի բան չի»:
Հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էլ հասկացավ, թե «կնիկ պահելը կայֆի բան չի», եւ փորձեց ճշտել:
«Կնիկ չէ, կնիք՝ печать»,- հստակեցրեց Էռնեստ Սողոմոնյանը: Պատգամավորական «կայֆերին» անմասն չմնաց նաեւ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Այդ հաճույքներին կարելի է աշխատանքից հետո...»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել