HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ կարիքների համար կեղծ մեդալների ձեռքբերման գործընթացում կատարված չարաշահումների համար երկու անձի մեղադրանքներ են առաջադրվել

2019թ. հունիսի 24-ին Ազգային ժողովի (ԱԺ) իրավական սպասարկման բաժնի գլխավոր մասնագետի կողմից հաղորդում է տրվել այն մասին, որ 2016թ. սեպտեմբերից ՍՊ ընկերությունը, իսկ 2017թ. հոկտեմբերից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում անհատ ձեռնարկատերը պայմանագրով նախատեսված արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն ԱԺ-ին մատակարարել են մեկ այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ՝ պատճառելով համապատասխանաբար` 4.5 մլն դրամի և 3.5 մլն դրամի գույքային վնաս: Այս մասին հայտնում է դատախազության հանրային կապերի բաժինը:

Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչ Ք. Խ.-ն, աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական ոլորտի մի քանի ստորաբաժանումների պատասխանատու պաշտոնատար անձանց հետ, 2015-2017թթ., դիտավորությամբ շրջանցելով «Գնումների մասին» օրենքով սահմնաված մի շարք դրույթներ, հայտարարել և իրականացրել են «ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալի» և «ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալի» գնումներ:

Դրանց շրջանակում մեկ անձից գնում իրականացնելու գործընթացով, մրցույթների անցկացման ընթացակարգերի խախտումներով, ԱԺ աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձանց և ՍՊ ընկերությունից, վերջինիս փաստացի ղեկավար անձի մտերիմ, անհատ ձեռնարկատեր Ս.Ե.-ից, նախնական պայմանավորվածությամբ, ձեռք են բերվել ՀՀ ԱԺ նախագահի հրամաններին և մատակարարված ապրանքների տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող, նախատեսված գնից շուրջ 10 անգամ ցածր արժեքով մեդալներ: ԱԺ աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձինք «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի պահանջի խախտմամբ ընդունել են նախապես հաստատված տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող ապրանքներ:

Մասնավորապես՝ ըստ ապրանքների գնման հայտի` պատվո մեդալը և հուշամեդալը պետք է պատրաստված լինեն արծաթյա մետաղից` պատված ոսկյա շերտով, իսկ մեկ միավորի կատարման համար նախատեսված առավելագույն գինը պետք է կազմեր 38.000-40.000 դրամ:

Մինչդեռ նախաքննության ընթացքում ԱԺ աշխատակազմից առգրավված բոլոր առկա մեդալների ու հուշամեդալների վերաբերյալ նշանակված համալիր դատանյութագիտական և դատաապրանքագիտական փորձաքննության եզրակացության՝ ԱԺ պատվո մեդալներից յուրաքանչյուրի շուկայական արժեքը կազմել է 3700-ից մինչև 4000, իսկ ԱԺ նախագահի հուշամեդալներից յուրաքանչյուրի արժեքը՝ 4000-ից մինչև 4200 հազար ՀՀ դրամ, բոլորը պատրաստված են պղինձ-ցինկ համաձուլվածքից, երեսպատված ոսկու պարունակությամբ արտաքին շերտով:

Ըստ տարածված հաղորդագրության՝ քրեական վարույթի շրջանակներում իրականացված հուշամեդալների հետ կապված գործարքների ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում կատարվել է ընդհանուր թվով 32 գործարք՝ 30 մլն դրամ արժողությամբ, որի մեծ մասը վերոնշյալ ՍՊ ընկերության և Ա/Ձ-ի հետ:

ԱԺ-ի կարիքների համար նշված սխեմայով 278 հատ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալ և 75 հատ Ազգային ժողովի պատվո մեդալ ձեռք բերելու գործընթացում վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով մոտ 9.5մլն դրամ գումար հափշտակելու համար քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչ Ք. Խ.-ին, ինչպես նաև նրան օժանդակելու համար՝ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ նշված ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարող Գ. Գ.-ին: Վերջինիս կողմից վերականգնվել է պատճառված վերոնշյալ վնասը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ միաժամանակ երկուսի դեպքում էլ նույն որոշումներով բավարարվել են մեղադրյալների պաշտպանների` կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունները:

Դատարանի նշված որոշումների դեմ՝ մեղադրյալների նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասով, դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից տարվել են վերաքննիչ բողոքներ, որոնք վերաքննիչ դատարանի որոշումներով մերժվել են:

ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչի վերաբերյալ վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ 2019թ. դեկտեմբերի 23-ին գլխավոր դատախազի տեղակալի կողմից արդեն իսկ ներկայացվել է վճռաբեկ բողոք, իսկ նշված ՍՊԸ փաստացի ղեկավարի մասով վերաքննիչ դատարանի որոշման դեմ տարվելիք վճռաբեկ բողոքը ներկայումս պատրաստման փուլում է:

Բացի վերոնշյալը, ձեռք են բերվել փաստական տվյալներ ԱԺ աշխատակազմում նշված ժամանակահատվածում նաև առերևույթ այլ կոռուպցիոն չարաշահումների կատարման վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter