HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վանաձորի Ներսիսյան նրբանցքի բնակիչներին ցեխաջուր է մատակարարվում

Լուսանկարում Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբանցքի բնակարաններին մատակարարված խմելու ջուրն է։ Ցեխոտ ջուրը բնակիչներին տրվում է որպես խմելու ջուր։

Տեսանյութը հրապարակվել է օրեր առաջ «Lori Vanadzor» ֆեյսբուքյան էջում։ Ինպես երևում է տեսանյութի մեկնաբանություններից, նման խմելու ջուր բնակիչները գրեթե միշտ են ստանում։

«Փաստորեն գումար ենք վճարում, որ օրական 3 ժամով ջուր տաք, այն էլ՝ կեղտոտ։ Տեխնիկա է փչանում, էլ չեմ ասում մեր առողջության մասին», «Ջուրը տալիս են մի քանի ժամ, ու ահավոր կեղտոտ է։ Այսպիսի դեպքեր հաճախակի են լինում», «Բնակիչների համար երազանք է դարձել մաքուր ջուր ունենալը։ Ջուրն այստեղ դեղին է, պղտոր ու տրվում է կարճ ժամանակով»։ Այսպիսի մեկնաբանություններ էին գրել տարածքի բնակիչները։

Բնակիչներից մեկը հրապարակել է երեկ մատակարարված խմելու ջրի այլ լուսանկար։

Ներսիսյան նրբանցքի բնակիչները մեկնաբանություններում դիմում են իշխանության ներկայացուցիչներին և պատկան մարմիններին՝ խնդրելով կարգավորվել մատակարարվող ջրի որակը։

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ սպասում են բնակիչների գրավոր նամակին, որի հիման վրա արդեն կսկսեն գործընթաց՝ ջրի մատակարար «Վեոլիա ջուր» ընկերության  և Վանաձորի քաղաքապետարանի հետ։

«Այդ թաղամասի ջրի ցանցը բավականին հին է և մաշված։ Երևի սովետական շրջանից այս կողմ այն կապիտալ վերանորոգման չի ենթարկվել»,- ասաց Մարուքյանը։

Ավագանու անդամի փոխանցմամբ՝ թեև քաղաքն արդեն մի քանի տարի անցել է շուրջօրյա ջրամատակարարման, սակայն այս նրբանցքում դեռևս շարունակվում է ջրի մատակարարումը կատարվել ժամային գրաֆիկով։

Քրիստ Մարուքյանի փոխանցմամբ՝ բնակիչները պարբերաբար խմելու ջրի խնդրի մասին բարձրաձայնում են, հիմնականում՝ գարնանը, երբ անձրևները հաճախ են լինում, և ամանորյա՝ ծանրաբեռնված օրերին։

Ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը կարծում է, որ խմելու ջրի որակը սեղմ ժամկետներում չի կարգավորվի․ «Խնդիրն ուսումնասիրելով՝ կարող եմ ասել, որ այն արագ լուծում չունի։ Պարզապես մեզ պետք է «Վեոլիա ջուր» ընկերությունից և Վանաձորի քաղաքապետարանից ստանալ այն վստահեցումը կամ խոստումը, որ իրենք որոշակի քայլեր կնախաձեռնեն՝ խնդիրի լուծման համար և որոշակի ժամկետներ կսահմանեն»,-ասաց Մարուքյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter