
Գյումրու Երիտասարդական պալատը՝ որպես համայնքային կառույց, իր տեսակով միակն է Հայաստանում
2016թ.-ի ապրիլին, երբ ստեղծվում էր Գյումրու «Երիտասարդական պալատ» ՀՈԱԿ-ը, առաջինը լինելու հավակնություններ չկային, քանի որ Ջերմուկ քաղաքում գործող համայնքային Երիտասարդական կենտրոնն ավելի վաղ էր կազմավորվել եւ հասցրել էր գործունեության մոտ 8 տարվա կենսագրություն ապահովել: «Դե Գյումրին շատ հարցերում է առաջատար, ոլորտներ կան, որ անգամ մրցակիցներ չունենք,- նկատում է «Երիտասարդական պալատ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լիլիթ Մակարյանն ու ժպտալով հավելում,-այնպես որ Հայաստանում իր տեսակի մեջ 2-րդը լինելու միտքը մեզ շատ չէր նեղում: Պարզապես, երբ եկավ ժամանակը, որ պիտի սկսեինք մեր համագործակցությունը Ջերմուկի կենտրոնի հետ, իրենք ինչ-որ խնդիրների պատճառով լուծարվեցին, ավելի ճիշտ վերաձեւակերպվեցին այլ ՀՈԱԿ-ի: Այդպես մենք դարձանք միակը»:
Զրո բյուջե, զրո ռեսուրս, զրո ծրագրեր. նման մեկնակետից 3,5 տարի առաջ գործունեությունը սկսեց համայնքային այս կառույցը՝ ունենալով միայն շենքային պայմաններ: Լիլիթ Մակարյան ասում է, որ երիտասարդների համար որեւէ կառույց ունենալու մասին խոսակցություններ կային դեռ 2014թ.-ին: Մերժելով նախկինների վարած քաղաքականությունը, 2012թ.-ին իշխանության եկած Սամվել Բալասանյանի թիմը սկսել էր այլ կերպ նայել քաղաքացիական հասարակությանը, երիտասարդների խնդիրներին եւ նրանց հետ համագործակցության հնարավորություններին:
«Այդ ժամանակ երիտասարդների կողմից քաղաքային իշխանություններից կար պահանջ ֆիզիկական տարածքի, բայց ոչ՝ ինչ-որ կառույցի,- բացատրում է զրուցակիցս,- պետք էր տեղ, որտեղ կկարողանային հավաքվել, միջոցառումներ անել, ու դա լիներ անվճար: Իհարկե, երբ հնարավոր էր, քաղաքապետարանը 3-րդ հարկում գտնվող ավագանու նիստերի փոքր սենյակը տրամադրում էր, բայց դա միշտ չէ, որ հնարավոր էր: Ի վերջո, որոշվեց ունենալ համայնքային ենթակայության երիտասարդական կառույց: Դրա համար ներկայիս պալատի տարածքը, որ գտնվում է Աբովյան ճեմափողոցում, հետ գնվեց մասնավորից»:
Կար շենք՝ չկար մարդկային ռեսուրս, կար կանոնադրություն՝ չկար ռազմավարություն եւ այս ամենի համատեքստում մի հնչեղ անուն՝ Երիտասարդական պալատ, որից սպասելիքներ ունեին հատկապես երիտասարդները: Նորաստեղծ ՀՈԱԿ-ին հատկացված բյուջեն եւս մեծ չէր՝ նախատեսված միայն կոմունալ ծախսերի եւ աշխատավարձի համար: «Այնպես չէ, որ 3 տարի անց որեւէ բան է փոխվել,- նկատում է Լիլիթ Մակարյանը,- մենք արտաբյուջե չունենք, քանի որ տարածքը ցանկացողներին տրամադրում ենք անվճար, սակայն ինչ-որ կերպ զարգանալու, առաջ գնալու ուղիներ էին պետք, եւ ես որոշեցի սկսել թիմ հավաքելուց՝ օգտվելով կամավորության գաղափարից»:
Զրուցակիցս ժպիտով է հիշում, թե տարիներ առաջ Գյումրու քաղաքապետարանում ինչպես էին վերաբերվում կամավորներին եւ նրանց ՏԻՄ աշխատանքներում ընդգրկելու առաջարկներին: «Կամավորներին դիտարկում էին առնվազն, որպես դիվերսանտների,- Լիլիթը ծիծաղում է,- իրենք մտածում էին, որ պետական կառույցում հայտնվելու են մարդիկ, որոնք պետք է ներկա լինեն աշխատանքային ողջ պրոցեսին, աշխատանքներ կատարեն ու հետն էլ չվարձատրվեն, եւ դա մի օր հանգեցնելու է ինչ-որ սարսափելի բանի: Հիմա իհարկե նման մտայնություն չկա ու դա շնորհիվ մեր կառույցի աշխատանքների»:
Սկզբում հավաքեցին փոքր թիմ: Սկսեցին աշխատել երիտասարդը՝ երիտասարդի համար սկզբունքով: Զրուցակցիս վստահեցմամբ, իրենց ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ երիտասարդները նոր գիտելիքներն առավել պատրաստակամ են ընդունում, երբ դրանց մատուցողն էլ երիտասարդ է: Սկսեցին կիրառել այդ մեթոդը, համագործակցել «Դեպի Հայք» կազմակերպության կամավորների հետ: Երիտասարդական պալատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն ասում է, որ առաջին քայլերն անելիս մեծ աջակցություն են ստացել «Վոլդ Վիժն» կազմակերպությունից՝ կամավորների համար սեմինարներ, որոշակի քանակությամբ գույքի տրամադրում եւ այլն:
Երկրորդ տարում սկսեցին աշխատել սեփական նախագծերի վրա եւ հիմա հպարտությամբ հայտարարում են, որ այս ընթացքում պալատի տարածքում իրականացվել է մոտ 500 միջոցառում, որից 100-ը սեփական նախաձեռնությամբ: «Մեր առաջին ակումբների՝ Սքայի եւ Իմփաքտի ստեղծման ժամանակ մեզ աջակցել է «Վոլդ Վիժն»-ը՝ ապահովելով մեր կամավորների վերապատրաստումը: Հետո մեզ մոտ հաստատվեց Գյումրու ռոք դպրոցը: Ստեղծեցինք էկո ակումբ, ունենք «Թեյ եւ զրույց» նախագիծը, երիտասարդների համար մեկ այլ ոգեւորություն է Siroon նախագծի շրջանակներում իրականացվող միջոցառումները, Youth Camp-ը բակային ճամբարի մեր ծրագիրն է, ունենք «Երիտասարդ քանդակագործների ակումբ», անում ենք բարեգործական ծրագրեր սահմանամերձ բնակավայրերի եւ սոցիալապես անապահով ընտանիքների համար, Դեպի Հայքի կամավորների շնորհիվ ձեւավորվեցին մեր օտարալեզու ակումբները»,- թվարկում է կատարած աշխատանքները Լիլիթ Մակարյանը՝ բացահայտելով զրո բյուջեով ծրագրեր իրականացնելու գաղտնիքների մի մասը:
«Չէի ասի, թե գաղտնիք կա, ուղղակի ամենօրյա աշխատանք, արածի վերլուծություն, ճիշտ համագործակցություն, լսելու կարողություն: Մենք վերածվեցինք յուրօրինակ մի կառույցի՝ պետական եւ հասարակական սեկտորի միջեւ: Լինելով համայնքային կառույց եւ ունենալով որոշակի պաշտպանվածություն՝ շենք, որոշակի ֆինանսավորում, մենք չունենք ՀԿ-ների ազատությունը դրամաշնորհային ծրագրերին մասնակցելու, բյուջեն ազատորեն տնօրինելու եւ այլն,- նկատում է զրուցակիցս,- ինչու՞ եմ սա ասում, որովհետեւ ՀԿ-ներից շատ ենք լսում, որ մեր կարգավիճակը լավագույնն է: Իրականում ՀՈԱԿ-ները շատ խոցելի են, եթե որոշ ժամանակ գործելուց հետո իրենց չեն արդարացնում՝ կարող են լուծարվել: Մենք էլ ենք մի քանի անգամ կանգնել այդ խնդրի առաջ»:
Գյումրու Երիտասարդական պալատում որոշել են 2020թ.-ն անցկացնել կանաչ գույնի ներքո՝ իրականացնելով հիմնականում էկո ծրագրեր: Իհարկե շարունակելու են նաեւ նախորդ տարիներին հաջողությամբ սկսած բոլոր ծրագրերը: «Մենք տարեկան հստակ պլանավորում չենք անում, որովհետեւ ամեն մեկ նոր կամավորի մուտքով հնարավոր է նոր գաղափարի ներմուծում: Մենք շատ ճկուն աշխատելաոճ ենք որդեգրել՝ հիմքում դնելով թիմի գաղափարը, գնահատելով նախ եւ առաջ մարդկային ռեսուսը, որով էլ իրականում կայացել ենք,- ասում է Լիլիթ Մակարյանը,- ամենամեծ ձեռքբերումներից մեկը մեզ համար կամավորության գաղափարի ներմուծումն էր ՏԻՄ ոլորտ եւ պետական կառույցների կողմից կամավորության գնահատումը»:
ՀԳ.- Ի դեպ, ԿԳՄՍ նախարարության կողմից 3-րդ տարին անցկացվող «Երիտասարդական մրցանակաբաշխության» 2019 թ.-ի հաղթողներից մեկը Գյումրու Երիտասարդական պալատի տնօրենի պաշտոնակատար Լիլիթ Մակարյանն էր: Վերջինս հաղթել էր ներկայացված 11 անվանակարգերից «Երիտասարդական աշխատող» անվանակարգում: Այս մրցույթի նպատակն է խթանել երիտասարդների մասնակցությունը երկրի հանրային կյանքին, բարձրացնել երիտասարդների ներգրավվածության մակարդակը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել