
Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 300,000 դրամ
Կառավարությունը հաստատեց որոշում, որով 2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո ծնված առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 300 000 դրամ։
Այսինքն՝ նախատեսվում է առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստն ավելացնել 250 հազար դրամով, իսկ երկրորդ երեխայի միանվագ նպաստը՝ 150 հազար դրամով:
«Նախորդ ժամանակահատվածում արձանագրված ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումները մեղմելու նպատակով, որպես ժողովրդագրական իրավիճակի բարելավման քայլերից մեկը, առաջարկվում է բարձրացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը»,- որպես հիմնավորում՝ նախագծում նշել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Նշենք, որ գործող կարգով առաջին երեխայի ծնվելու դեպքում հատկացվում է 50 հազար դրամ ծննդյան միանվագ նպաստ, երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` 150 հազար դրամ։
Գործադիրը նաև որոշեց, որ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը 18,000 դրամից կդառնա 26,500 դրամ։ Այս փոփոխությունը կգործի 2020 թվականի հուլիսի 1-ից։
Նշենք, որ խնամքի նպաստի գործող չափը` 18,000 դրամը, սահմանվել է 2009 թվականի հունվարի 1-ից:
Մեկնաբանել