HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչ դեր ունեն կանայք ու տղամարդիկ Հայաստանի աշխատաշուկայում

Հայաստանում թե՛ զբաղվածների, թե՛ գործազուրկների կազմում տղամարդիկ ավելի շատ են, քան կանայք։ Բացի այդ, տղամարդիկ ավելի երկար են աշխատում և ավելի բարձր վարձատրվում։ Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) հրապարակած հետազոտության արդյունքները։

Կոմիտեից պարզաբանում են, որ աշխատաշուկայի նոր զարգացումները պատշաճ կերպով արտացոլելու, աշխատուժի վիճակագրության արդիականությունը և միջազգային համադրելիությունն ապահովելու նպատակով 2018 թվականիից վերանայել են Աշխատուժի հետազոտության հիմքում ընկած մեթոդաբանությունը: Նշենք, որ այս հետազոտությունը հրապարակվում է տարին մեկ անգամ։ Աշխատաշուկայի մասին տվյալներ ՎԿ-ն հրապարակում է նաև ամսական պարբերականությամբ, սակայն տարեկան զեկույցն ավելի ընդգրկուն է։ 2019 թվականի տվյալները կհրապարակվեն միայն այս տարվա վերջում։

2018 թվականի ամփոփ տվյալներով՝ Հայաստանում 15-74 տարեկան բնակչության շրջանում զբաղված է 1 048 500 մարդ, իսկ գործազուրկների թիվը 245 400 է։ Այս հետազոտության մեջ Հայաստանի աշխատանքային ռեսուրսը (15-74 տարեկան բնակչության շրջանում) բաժանվում է երկու խոշոր խմբի՝ աշխատուժ և աշխատուժից դուրս բնակչություն։ Այլ խոսքով՝ աշխատանքային ռեսուրսը աշխատուժի (զբաղված և գործազուրկ բնակչություն) և աշխատուժից դուրս բնակչության (աշխատանք չունեցող և աշխատանք չփնտրող) հանրագումարն է: Նրանց ընդհանուր թիվը 2 196 400 է: Առաջին խմբում ներառվում են ինչպես աշխատողները՝ զբաղվածները, այնպես էլ պաշտոնապես գրանցված գործազուրկները` 1 293 800 մարդ։

Իսկ աշխատուժից դուրս բնակչությունը աշխատանք չունեցող և աշխատանք չփնտրող բնակչությունն է, որի թիվը 2018 թվականի դրությամբ 902 500 է։ 

Աշխատուժից դուրս բնակչության խմբում առավել մեծ կշիռ ունեն տնային տնտեսություն վարողները։ Այս խմբում են նաև կենսաթոշակառուներն ու հաշմանդամները, ուսանողները և աշխատանք չունեցող անձինք։ Մասնավորապես, աշխատուժից դուրս 902 500 մարդկանց թվում 29.7 %-ը տնային տնտեսություն վարողներն են (ի դեպ՝ նրանց 99 %-ը կանայք են), 21.6 %-ը՝ կենսաթոշակառուներն ու հաշմանդամներն են, սովորողներն ու ուսանողները 16.4 %-ն են և 32.2 %-ը աշխատանք չունեցող այլ անձինք են։

Թե՛ աշխատողների, թե՛ գործազուրկների կազմում գերակշռում են տղամարդիկ

Հայաստանում թե՛ զբաղվածների, թե՛ գրանցված գործազուրկների կազմում տղամարդիկ ավելի շատ են, քան կանայք։ Մասնավորապես, 2018 թվականի տվյալներով՝ զբաղվածների շրջանում տղամարդկանց տեսակարար կշիռը 57 % է, իսկ գործազուրկների շրջանում՝ 53 %-ը։ Բացի այդ, տղամարդիկ ավելի երկար են աշխատում, քան կանայք։ Վիճկոմիտեի մեկ այլ հրապարակմամբ ներկայացված է, թե շաբաթական միջինում քանի ժամ են աշխատում կանայք ու տաղամարդիկ։ Ընդհանուր, շաբաթական Հայաստանում աշխատում են միջինը 40.9 ժամ, սակայն տղակարդիկ ավելի երկար են աշխատում։ Միջինում նրանք շաբաթական աշխատում են 44.1 ժամ, մինչդեռ կանայք՝ 37 ժամ։

Տղամարդիկ ավելի բարձր են վարձատրվում

2018 թվականի տվյալներով միջին անվանական աշխատավարձը Հայաստանում, ըստ Վիճկոմիտեի, կազմել է 172 727 դրամ՝ նախորդ տարվա համեմատ այն աճել է 4 %-ով։ Նրանց միջին աշխատավարձը կազմել է 210 783 դրամ, մինչդեռ կանանց աշխատավարձը 136 363 դրամ է։ Այսինքն՝ տղամարդիկ 74 420 դրամով կամ 54.5 %-ով ավելի բարձր են վարձատրվում, քան կանայք։ Ընդ որում՝ այդ խզումը մեծ է հատկապես արդյունաբերության ու ծառայությունների ոլորտում։

Հիշեցնենք, որ անվանական աշխատավարձն, այսպես կոչված, «կեղտոտ» աշխատավարձն է, որը ներառում է աշխատողի հարկերը։

Կանանց թիվը մեծ է աշխատուժից դուրս բնակչության կազմում

Կանայք գերակշռում են աշխատուժից դուրս բնակչության կազմում։ 2018 թվականին 15-74 տարեկանների շրջանում աշխատուժից դուրս բնակչության թիվը կազմել է 902 500։ Նրանցից 611 700-ը կամ ընդհանուր թվի մոտ 68 %-ը կանայք են։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter