
Վերաքննիչ դատարանը մերժել է ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի կալանքի դեմ բողոքը
Վերաքննիչ դատարանը երեկ մերժել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի կալանքի դեմ բողոքը: Այս մասին «Հետքի» հարցին ի պատասխան ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Ալեքսան Պետրոսյանը մեղադրվում է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին առանձնապես խոշոր չափով փողերի լվացման հարցում օժանդակելու մեջ:
Ըստ քրեական գործի՝ գործարար Սիլվա Համբարձումյանից առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Արամ Հարությունյանի հաշվեհամարից 2011 թվականին 3 մլն դոլար գումար է փոխանցվել «ՄԱՊ» ընկերությանը՝ որպես փոխառություն:
Պետրոսյանը կալանավորվել է 2019-ի նոյեմբերի 16-ին՝ դատավոր Արտակ Թադևոսյանի որոշմամբ, և այս որոշման դեմ բողոքը մինչև երեկ՝ հունվարի 8-ը, Վերաքննիչ դատարանում չէր քննվում: Բողոքը երեկ քննել ու այն մերժելու մասին որոշում է կայացրել դատավոր Լուսինե Աբգարյանը: Նշենք նաև, որ Պետրոսյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել՝ 2019-ի տարեվերջին:
Գործն արդեն գտնվում է առաջին ատյանի դատարանում, մակագրվել է դատավոր Վարդան Արմենակի Գրիգորյանին:
Մեկնաբանել