
Հավանության արժանացավ պատգամավորների հեղինակած՝ հարցաքննություն իրականացնելու կարգի փոփոխության նախագիծը
Կառավարությունը հավանության արժանացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի և Արուսյակ Ջուլհակյանի առաջարկած՝ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Այն վերաբերում է հարցաքննությունների իրականացմանը։
Մասնավորապես՝ նախագծով առաջարկվում էր թույլատրել քննիչին անձամբ կատարել հարցաքննությունը՝ չլքելով նախաքննության կատարման վայրը և չսպասելով վկայի ներկայանալուն։ Պատգամավորները կարծում են, որ այն կնպաստի նախաքննության ժամկետների էական կրճատմանը, ինչը նաև հարմարավետ է հենց վկաների համար՝ նախաքննության մարմին մեկնելու հետ կապված լրացուցիչ ծախսերից և ժամանակային կորստից խուսափելու համար:
«Ժամկետները քրեական դատավարությունում դատավարական ձևի պահպանման կարևոր երաշխիքներից են, որոնք ապահովում են քրեական դատավարության խնդիրների արագ և արդյունավետ իրականացումը: Ժամկետների սահմանումը քրեական դատավարությունում նաև մասնավոր անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության կարևոր երաշխիք է: Պատահական չէ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս անդրադարձել է ինչպես մինչդատական վարույթում, այնպես էլ դատական քննության ընթացքում «ողջամիտ ժամկետում գործերի քննության» հասկացությանը: Ընդ որում, Եվրոպական դատարանը «ողջամիտ ժամկետ» եզրույթը ներկայացնում է որպես ժամանակահատված, որի ընթացքում բացառվում է գործով քննության չափազանցված և չհիմնավորված դանդաղումը»,- ընդգծել են պատգամավորները։
Այս նախագծով՝ մինչդատական վարույթում գտնվող գործերով կկատարվեն տեսակապի միջոցով հարցաքննություն՝ պահպանելով նախաքննության կատարման հիմնական կանոնները և հաշվի առնելով անչափահասների հարցաքննության առանձնահատկությունները:
Արդարադատության նախարարությունը ընդգծել է, որ պատգամավորներն առաջարկում էին տեսակապի միջոցով կազմակերպել վկայի հարցաքննությունը։ Սակայն նախարարությունն առաջարկել է տեսակապի միջոցով վկայի և տուժողի հարցաքննությունը իրականացնել, եթե նրանք առողջական վիճակի կամ տարիքի պատճառով չեն կարող ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմին, կամ անհրաժեշտ է ապահովել նրանց անվտանգությունը, կամ էլ հարցաքննության կատարումն անհնարին է։ Նախարարությունն առաջարկել է հարցաքննության ընթացքը և արդյունքները տեսաձայնագրել։
Այս փոփոխությունները կկիրառվեն Ազգային ժողովի հաստատումից հետո։
Մեկնաբանել