HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էջմիածնի թիվ 8 դպրոցում լարված իրավիճակ է. ծնողները դիմում են գրել 300-ից ավել երեխաներին այլ դպրոցներ տեղափոխելու համար

Արդեն երկրորդ օրն է՝ Էջմիածնի թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտների փոխարեն դպրոց են գնում նրանց ծնողները: Ուսուցիչները գալիս են դպրոց, սակայն դասապրոցես տեղի չի ունենում, քանի որ ծնողները երեխաներին չեն ուղարկում դասի: Պատճառն այն է, որ թե՛ ուսուցչական անձնակազմը, թե՛ ծնողները դեմ են նորանշանակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանին, ում դեմ բողոքի ակցիաները դպրոցում սկսվել են դեռևս դեկտեմբերի 16-ից:

Դպրոցի փոխտնօրեն Օֆելյա Խաչատրյանը «Հետք»-ին ներկայացրեց, որ 300-ից ավել աշակերտի ծնող դիմում է գրել իրենց երեխաներին այլ դպրոց տեղափոխելու համար: Ծնողները նշել են մեկ պատճառ՝ Շուշանիկ Ոսկանյանին դպրոցի տնօրեն նշանակելը: Ըստ փոխտնօրենի՝ ինքն իրավասություն չունի դիմումները մակագրելու, իսկ նորանշանակ տնօրենը դպրոց չի գալիս:

«Ծնողների հետ զրուցում ենք, բոլորը նույնն են նշում՝ եթե տնօրեն Շուշանիկ Ոսկանյանը դիմումը գրեց, հեռացավ նորից երեխաներին կբերեն դպրոց: Դպրոցի և ուսուցիչների դեմ ծնողները ոչինչ չունեն, միայն նորանշանակ տնօրենի հրաժարականն են պահանջում: Արդեն երկրորդ օրն է՝ ոչ մի երեխա դպրոց չի գալիս, ծնողները չեն բերում: Մարզպետարանից նույն խոսքն են ասում՝ թողեք, թող գա ընդունում-հանձնում անի, աշխատի, միգուցե ստացվում է աշխատանքն իր հետ: Բայց դուք տեսնում եք՝ ծնողներն ինչ են անում: Նայելով տեսահոլովակները՝ իր անցած ուղին, բոլորը դեմ են Շուշանիկ Ոսկանյանին: Եթե մի քանի դպրոցում իր աշխատանքը չի ստացվել, չեն ուզում, որ գա մեր դպրոցի աշխատանքն էլ խառնի իրար»,- ասում է Օֆելյա Խաչատրյանը:

Նշենք, որ Շուշանիկ Ոսկանյանի անունը մամուլում շատ է շրջանառվել: Նախորդ տարի էլ բողոքի ակցիաների ճնշման տակ ինքնակամ լքեց Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը: Ծնողներն ու ուսուցիչները նշում էին, որ Շ. Ոսկանյանը վարկաբեկված է, նրա դեմ հարուցված է քրեական գործ, ուստի չեն ցանկանում, որ իրենց դպրոցում նման անձը զբաղեցնի ղեկավարի պաշտոնը:

«Հետք»-ը Գլխավոր դատախազությունից տեղեկացավ, որ Բաղրամյան գյուղի դպրոցի մասով երկու քրեական գործ է եղել հարուցված: Առաջինում մեղադրյալի կարգավիճակ ունի այդ գյուղի դպրոցի նախկին տնօրեն Շուշանիկ Ոսկանյանը: Նրան մեղադրանք են առաջադրել Քրեական օրենսգրքի 311 և 312-րդ հոդվածների առաջին մասերով, այն է՝ կաշառք ստանալը և կաշառք տալը: Գործը նախաքննության փուլում է, նշանակվել է դատաձեռագրաբանական փորձաքննություն: Մի գործ էլ հարուցվել է 26.01.2019թ.-ին, 308-ի 1-ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-ի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), միացվել է առաջին գործին, կատարվում է նախաքննություն:

Ջեմմա Մկրտչյանը Էջմիածնի թիվ 8 դպրոց հաճախող երեխայի ծնող է: Նա պատմեց, որ դպրոցի նախկին տնօրեն Եսթեր Գալստյանի լիազորությունների ավարտից հետո դպրոցում դեկտեմբերի 2-ին անցկացվել են տնօրենի ընտրություններ: Թեկնածուները եղել են երկուսը՝ Եսթեր Գալստյանն ու Շուշանիկ Ոսկանյանը: Դպրոցի կառավարման խորհրդի անդամներից մեկը քվեարկության ժամանակ բացակայել է: Քվեարկության արդյունքում 4 ձայն ստացել է Եսթեր Գալստյանը, 3 ձայն՝ Շուշանիկ Ոսկանյանը: Քանի որ այդ հարաբերակցությամբ տնօրեն չի ընտրվել, գործն ուղարկվել է հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, վերջինս էլ առաջարկել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին տնօրեն նշանակել քիչ ձայներ ստացած Շուշանիկ Ոսկանյանին:

Ուշագրավն այն է, որ կառավարման խորհրդի՝ ծնողական կոմիտեի և ուսուցչական մասը ներկայացնող անդամները քվեարկել են Եսթեր Գալստյանի օգտին, իսկ պետական մարմինները ներկայացնող խորհրդի անդամներն իրենց ձայնը տվել են Շուշանիկ Ոսկանյանին:

Ջեմմա Մկրտչյանը նշեց, որ պետական բոլոր օղակներում հարցը բարձրացրել են, սակայն՝ ոչ մի օգուտ: Ծնողի խոսքերով՝ մի քանի դպրոցներում Շուշանիկ Ոսկանյանը դարձյալ ցանկացել է աշխատել, սակայն ծնողները չեն թողել նույն պատճառաբանությամբ:

«Շուշանիկ Ոսկանյանն ունի վատ կենսագրություն, բոլոր լրատվամիջոցներում այդ կենսագրությունը կա, որ նա գումարներ է պահանջել ատեստատների համար և այլն: Նշեմ, որ մեր դպրոցում դեռ տնօրեն չէր աշխատում, բայց մեզ հետ խոսում էր մատ թափ տալով, պատկերացնու՞մ եք, եթե նա նստի այդ աթոռին, ինչ է տեղի ունենալու»,- ասում է Ջ. Մկրտչյանը:

Ծնողներից Անահիտ Ստեփանյանն էլ հավելեց, որ դեռևս նախորդ տարեվերջին հանդիպել են Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ: «Մի ամիս է՝ այս վիճակն է մեր դպրոցում ու ոչ մեկին չի հետաքրքրում: Մարզպետն իր աշխատասենյակում ասում էր՝ ոչ մի դասապրոցես չխաթարվի: Հիմա նույն մարզպետը չի՞ տեսնում, որ մեկ ամիս է՝ դասապրոցեսը խաթարված է: Իրեն չի հուզում այս վիճակը, կարևորը Շուշանիկն է և այդ աթոռը»,- ասում է Անահիտ Ստեփանյանը:

Ինչպես Անահիտին, այնպես էլ շատ ծնողների հուզում էր այն հարցը, թե ինչու է Շուշանիկ Ոսկանյանն այդքան կարևոր մարզպետի, կրթության նախարարի համար: «Այստեղ կարող է միայն փողը մութ տեղը լույս տա, որը բոլորի համար կարևորություն է, ուրիշ տարբերակ չեմ տեսնում»,- նշեց Անահիտ Ստեփանյանը:

Ծնողի նշեց, որ իրենց հորդորել են աշխատել նորանշանակ տնօրենի հետ, հավելելով, թե ծնողների համար ինչ տարբերություն՝ ով կլինի դպրոցի տնօրենը: Անահիտ Ստեփանյանը պետական օղակներում աշխատողներին հետևյալ հարցն է տալիս. «Եթե տարբերություն չկար, ինչու՞ հեռացրինք Սերժ Սարգսյանին և ընտրեցինք Նիկոլ Փաշինյանին»:

Թիվ 8 դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Նարինե Գրիգորյանը հավելեց, որ իրենց դպրոցում տիրող վիճակին ամբողջ հանրապետությունն է տեղյակ, սակայն նշում են, թե ոչինչ անել չեն կարող: Ուսուցչին միայն հետաքրքրում է՝ վարչապետը տեղյակ է իրավիճակից, թե ոչ:

«Ոնց կարող է պատահել, որ ամբողջ հանրապետությունում մեկ անձի հետ կապված հարցը չլուծվի: Անձն այն մարդն է, ում մարզպետը նշանակել է, որպես դպրոցի տնօրեն: Տնօրենին դեմ է ամբողջ կոլեկտիվը, համայնքը: Դեմ ենք, որովհետև իր աշխատած դպրոցներից վարկաբեկված դուրս է եկել: Ճիշտ է, ինքն է հրաժարական տվել Բաղրամյանի դպրոցից սկանդալից հետո, բայց ամեն ինչը կատարվել է մեր աչքի առաջ: Բաղրամյանը մեր հարևան համայնքներից է ամեն ինչից տեղեկացվել ենք»,- ասաց Ն. Գրիգորյանը՝ հավելելով, որ համայնքը և կոլեկտիվը թույլ չեն տա, որ Շուշանիկ Ոսկանյանը մտնի դպրոց և քանդի տարիների վաստակը:

Տեխնոլոգիայի ուսուցչուհի Ադելա Պետրոսյանն էլ ասաց, որ հարցի միակ լուծումը հրաժարականն է: «Նա պետք է մի քիչ խոհեմ լինի, սիրի իր անձը և հրաժարական տա, ինչպես որ արել են ավելի վերևներում»,- ավելացրեց դպրոցի ուսուցչուհին:

Շուշանիկ Ոսկանյանից չկարողացանք պարզաբանումներ ստանալ, քանի որ դպրոցում չէր, իսկ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանը չէր պատասխանում ո՛չ քաղաքային, ո՛չ բջջային հեռախոսազանգերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter