HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպանները միջնորդություններ ներկայացրին Մարտի 1-ի գործով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր տեղի ունեցավ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործով 2020-ին նշանակված առաջին դատական նիստը:

Այսօր շարունակվեց 2019-ի վերջին՝ դեկտեմբերի 3-ին, տեղի ունեցած դատական նիստում կիսատ մնացած միջնորդության քննությունը՝  ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու  մասին:

Միջնորդությունը ներկայացրել էր Օհանյանի պաշտպաններից Կարեն Մեժլումյանը: Վերջինս համեմատական տարավ 7-ի գործով անցնող անձանց և Օհանյանի ու մյուսների մեղադրական եզրակացությունների միջև, փաստեց, որ թե 7-ի գործով անցնող անձանց, թե այժմ ամբաստանյալի աթոռին հայտնված անձանց մեղադրանքը սահմանադրական կարգը բռնությամբ տապալելն է եղել, հիշեցրեց, որ նախկինում 7-ի գործով անցնող անձանց՝ Ալեքսանդր Արզումանյանի, Շանթ Հարությունյանի, Սասուն Միքայելյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քանի որ նրանց վերագրվող 300-րդ հոդվածում լրացում և փոփոխություն է կատարվել. արդյունքում սահմանվել է նոր հանցակազմ:

Մեժլումյանը հարց բարձրացրեց՝ եթե տարիներ առաջ 7-ի գործով անցնող անձանց մեղադրանքից դատախազությունը հրաժարվել է՝ պայմանավորված օրենքի փոփոխությամբ, ապա ինչո՞ւ այդ փոփոխությունը նույնանման իրավական հետևանք չի ունեցել նաև Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի մեղադրանքի վրա՝ դա որակելով խտրականություն:

Իր պաշտպանյալ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացրեց նաև պաշտպան Միհրան Պողոսյանը: Վերջինս հայտնեց, որ 2009-ին տեղի ունեցած օրենքի փոփոխությունից հետո, նկատի ունենալով, որ օրենքը հետադարձ ուժ չի կարող ունենալ, եթե անձի համար վատթարացնող հետևանք է առաջացնում, 7-ի գործով անցնող անձանց մեղադրանքը պաշտպանող դատախազները հրաժարվել են նրանց մեղադրանքից: Պողոսյանը հիշեցրեց, որ իր պաշտպանյալ Յուրի Խաչատուրովին, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Արմեն Գևորգյանին վերագրվում է ենթադրյալ արարք, որն, ըստ մեղադրանքի կատարվել է նույն ժամանակահատվածում՝ այսինքն՝ 2008-ին՝ մինչև Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածում լրացումներ և փոփոխություններ կատարելը:

Իրենց պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություններ ունեն նաև Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանները, սակայն այսօր այս միջնորդությունները չներկայացրին, նիստը հետաձգվեց, քանի որ պաշտպաններից Միհրան Պողոսյանն այլ անհետաձգելի նիստի պետք է մասնակցեր:

Մինչ նիստի հետաձգվելը դահլիճում իրավիճակը լարվեց: Տուժողի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանը առարկեց պաշտպանների՝ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդության դեմ՝ նշելով. «Թող հարգելի պաշտպանները հարգեն Մարտի 1-ը, թե չէ կհայտնվեն մեր տեղում»:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ իրենց հասցեին սպառնալիք է հնչել՝ նշելով, որ տուժողի իրավահաջորդի խոսքը մինչև վերջ իր համար լսելի չի եղել:

Ալումյանը խնդրեց տրամադրել դատական նիստի ձայնագրությունը, որպեսզի ամբողջովին լսի տուժողի ներկայացուցչի խոսքն ու կարողանա արձագանքել դրան:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ տվյալ պահին հնարավոր չէ լսել նիստի ձայնային կրիչը, որ այն նիստից հետո կտրամադրի կողմին:

Իրավիճակը լարվեց նաեւ նիստերի դահլիճում, ինչից հետո կարգադրիչները քաղաքացիներից մեկին դուրս հրավիրեցին դահլիճից:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 14-ին:

Մեկնաբանություններ (1)

Թլկատինցի
Մեժլումյանը հարց բարձրացրեց՝ եթե տարիներ առաջ 7-ի գործով անցնող․․․․․․․․Հայերենում, հարց "բարձրաձայնում" են, ոչ թէ "բարձրացնում"

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter