HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հորդորակ Վ ածանցով սխալ բայաձևեր կազմելու և գործածելու մասին

Կրավորական սեռի բայերը ցույց են տալիս գործողություն, որը ենթական կրում է իր վրա։ Կազմվում են միայն ներգործական սեռի բայերից, որոնց ավելանում է Վ ածանցը, ինչպես՝ գնահատել - գնահատվել, հրավիրել - հրավիրվել։ Հասկանալի է, Վ ածանց կարող են ստանալ ոչ բոլոր բայերը, սակայն որոշ դեպքերում մենք դա նրանց «պարտադրում ենք»՝ կազմելով սխալ ձևեր կամ սխալ գործածելով։ Օրինակ՝ «խնդրել» բայից կազմվող խնդրվել-ը հաճախ տեսնում ենք զանազան գրություններում՝ «Խնդրվում է չծխել», ժողովների ժամանակ բարձրախոսով «խնդրվում է անցնել դահլիճ», հասարակական վայրերում «խնդրվում է չաղտոտել»։ Այս բոլոր դեպքերում պետք է ասել (գրել). «Խնդրում ենք չծխել», «Խնդրում ենք / եմ անցնել դահլիճ», «Խնդրում ենք չաղտոտել»։

Սխալներ հանդիպում են նաև «սպասել» և «սպասվել» բառերի գործածության ժամանակ։ Ոմանք չեն կողմնորոշվում, թե ո՛րն է ճիշտ․ օրինակ՝ «Երիտասարդությանը սպասո՞ւմ է, թե՞ սպասվում է լավ ապագա» կամ «Առաջիկայում բնակչությանն սպասո՞ւմ են, թե՞ սպասվում են անակնկալներ»։

Բնականաբար, ճիշտ չեն «Հայաստանին սպասվում է լավ ապագա», «Բնակչությանն սպասվում են անակնկալներ» և համանման նախադասությունները, որովհետև ինչպես «Ուսուցչին սպասում են աշակերտները» կամ «Ուղևորները սպասում են ավտոբուսի», այնպես էլ «Հայաստանին սպասում է լավ ապագա» կամ «Բնակչությանը սպասում են անակնկալներ»։

Կարող է հարց ծագել. իսկ սխալ չե՞ն, օրինակ, «Վաղը սպասվում է անձրև», «Հաջորդ շաբաթ սպասվում է ձյուն» և նման ձևակերպումները, որոնք լսում ենք հաճախ։ Հակառակ որոշ առարկությունների՝ սրանք թերևս կարելի է ճիշտ համարել, որովհետև հայերենն ընդունել է այս արտահայտությունները։

Սխալ կլիներ, եթե շեշտվեր, թե ո՛ւմ է սպասում անձրև, կամ թե ո՛ւմ է սպասում տաք եղանակ․ «Վաղը մեզ անձրև է սպասվում», «Եկող ամիս երևանցիներին սպասվում է տաք եղանակ» և այլն։

Բոլորովին ցանկալի չէ, սակայն, այս արտահայտությունները չարաշահելը, ասելիքը միշտ նույն կաղապարով ներկայացնելը: Այդ ամենը կարելի է շարադրել նաև այլ կերպ՝ գործածելով հոմանիշ բառեր։ Օրինակ՝ «Կանխատեսվել է անձրև (ձյուն)» կամ «Ըստ օդերևութաբանների կանխատեսման՝ առաջիկա օրերին կլինեն տեղումներ»։ Կամ՝ «Վաղը ձյուն է ակնկալվում» և այլն…

Անդրադառնանք նաև «տուժվել» բայի գործածությանը։ Սխալների պատճառով, օրինակ, մենք տուժո՞ւմ ենք, թե՞ տուժվում։

Թեև ժամանակակից հայերենի բառարաններում արձանագրված է նաև տուժվել-ը, սակայն ներկայումս միակ ճիշտ և կանոնական ձևը տուժել-ն է (Վ-ն ավելորդ է, քանի որ Վ ածանց կարող են ստանալ միայն ներգործական սեռի բայերը, իսկ տուժել-ը չեզոք է)։

Հիշեցնենք նաև, որ սխալ է «քծնել» բայից կազմված քծնվել-ը, որը տարածված է հատկապես բանավոր խոսքում։ Կրկնենք. քծնել-ը չեզոք բայ է, Վ չի կարող ստանալ։

Անդրադառնանք ևս մի սխալի, որը հաճախ է հանդիպում հատկապես պատգամավորների, պաշտոնյաների խոսքում։ «Կրկնվեմ մեկ անգամ ևս», «Ես նորից կրկնվեմ», «Պետք է դարձյալ կրկնվեմ» և այս կարգի այլ արտահայտություններ ճիշտ չեն, քանի որ այս և նման դեպքերում կրկնել-ը Վ չի ստանում, կրավորական չի դառնում․ մեր լեզվատրամաբանությամբ անձը կրկնում է ասածը, ոչ թե ինքն իրեն։ Ուրեմն հիշենք ու այսուհետև նորից, դարձյալ կամ մեկ անգամ ևս ոչ թե կրկնվենք, այլ միայն և միայն կրկնենք։

Նույն տրամաբանությամբ՝ սխալ է նաև խոստովանվել-ը: Այստեղ ևս չկա Վ-ի կարիքը։ Մեր մեղքը, հանցանքը կամ զանցանքը ինքներս մեզ կամ թե ուրիշի խոստովանում ենք, այլ ոչ խոստովանվում։ Թերևս մեր սխալները խոստովանելով էլ պայմանավորվենք այսուհետև ոչ թե իրար զանգվել, այլ բացառապես զանգել։ Հարկ եղած դեպքում՝ վիճել, ոչ թե վիճվել։ Եվ ամեն դատարկ բանի համար չնեղսրտել...

Հիմք ընդունելով ասվածը՝  

Հորդորում ենք

նկատի ունենալ լեզվական նշված օրինաչափությունները և Վ ածանցով բայերը ճիշտ ձևով գործածել ճիշտ տեղում։

Մեկնաբանություններ (4)

Պրոֆ․ Սադոյան
Հոդվածը շատ հետաքրքիր է, ընդհանուր առմամբ համաձայն լինելով հեղինակի հետ Հայոց լեզուն անաղարտ պահելու հարցի մեջ, կատարենք որոշակի ուղղումներ և լրացումներ։ Հոդվածում չի նշվում ընդհանուր օրենք Վ ածանցով կրավորական բայաձևեր կառուցելու համար, այն է -Եթե նախադասության ենթական՝ բերված օրինակների մեծամասնությունում խոսողը, անմիջական մասնակցություն ունի ստորոգյալի՝ գործողության մեջ, որը ուղղված է ենթակային կամ կատարվում է ենթակայի, կամ մի խմբի նկատմամբ որի մաս է ենթական, ապա կրավորական բայաձևեր կառուցելու համար օգտագործվում է Վ միջնածանցը ։ Օր․ եթե խնդրողը ինքը ծխող է, ապա կարող է ասել, խնդրվում է չծխել, այսինքն չծխելու պահանջը խոսողը վերագրում է նաև իրեն։ Նույնը անցնել դահլիճ՝ եթե խոսողը արդեն դահլիճում է, ապա սխալ է «խնդրվում է անցնել դահլիճ», արտահայտությունը, բայց եթե դահլիճից դուրս է, ապա պետք է ասի «խնդրվում է անցնել դահլիճ» եթե ինքն էլ է դահլիճ մտնելու կամ «Խնդրում ենք / եմ անցնել դահլիճ» եթե խոսողը խոսքի ավարտից հետո մնալու է դրսում․․․․ Նույնը և հաջորդ օրինակում՝ «Երիտասարդությանը սպասում է, լավ ապագա» քանի որ լավ ապագան միայն երիտասարդության գործը չէ, այն ապահովվելու է ոչ միայն և հիմնականում այլոց կողմից կատարվող գորողությունների արդյունքում։ Նույն ձևով՝ «Հայաստանին սպասվում է լավ ապագա» և «Հայաստանին սպասում է լավ ապագա» Հայրեն ՃԻՇՏ արտահայտված երկու տարբեր մտքեր են։ «Հայաստանին սպասվում է լավ ապագա» նշանակում է որ լավ ապագա կերտողը հենց ինքը Հայասըանն է լինելու, իսկ «Հայաստանին սպասում է լավ ապագա» նշանակում է, որ այլ երկրների գործողությունների արդյունքում Հայաստանը կարող է լավ ապագա սպասել։ Հոդվածագիրը ճիշտ նշում է, որ կրավորական բայը ենթադրում է որ գործողությունը խոսողին՝ այսինք մեզ է վերբերվում, և կրկնությունը կլինի անհարկի՝ <<Սխալ կլիներ, եթե շեշտվեր, թե ո՛ւմ է սպասում անձրև, կամ թե ո՛ւմ է սպասում տաք եղանակ․ «Վաղը մեզ անձրև է սպասվում», «Եկող ամիս երևանցիներին սպասվում է տաք եղանակ» և այլն։>> Անդրադառնանալով «տուժվել» բայի գործածությանը - մենք տուժում ենք, երբ ուրիշի գործողության արդյունքում է հասվել վնասը - մենք տուժվում ենք, երբ մեր մեզքի բաժինն էլ կա վնաս առաջանալուց ։ Նույնը «քծնել» բայից դեպքում - քծնելը երբ ուրիշին են քծնում - քծնվել-ը, Կարող է է օգտագործվել, երբ քծնողը պատկանում է այն խմբին, որին քծնում է, Օրինակ՝ -մեր ընտանիքի/կառավարության/համակարգի անդամները միշտ ազնիվ են եղել բոլոր գործերում։ «Կրկնվեմ», եթե ես կրկնում եմ իմ միտքը, կամ ինքս ինձ «Կրկնեմ» եթե ես կրկնում եմ ուրիշի միտքը․․․ Խոստովանել/խոստովանվելը նույնպես երկու տարբեր մտքեր են, առաջինը երբ խոսողը խոստովանում է իր արարքը մեկ ուրիշ անձի, իսկ խոստովանվելը երբ խոսողը խոստովանում է նաև ինքն իրեն, ինչը բնավ քիչ հանդիպող երևույթ է, բայց կարող է պատահել: Հայրենը շատ ՀԱՐՈՒՍՏ լեզու է, և ունի իմաստի արտահայտման հնարավորություններ, որոնցից օրինակ անգլերենը կամ Ռուսերենը զրկված են, պահենք այդ առանձնահատկությունները աչքի լույսի նման և փոխանցենք մեր սերունդներին․․․․
Ֆլորա Մուրադյան
Ես հասկացա մի բան. ում՞ կամ ինչին՞ հարցի պատասխանն է՝ սպասում է/ են, օրինակ. Հայաստանին սպասում է պայծառ ապագա, իսկ երբ՞ և որտեղ՞ հարցերի պատասխանն է սպասվում է/ են, օրինակ. Հայաստանում սպասվում են անձրևներ կամ 3 տարի անց սպասվում է երաշտ։ Ահա և մեխը։
Նորա Ղուկասյան
Շնորհակալություն հիշեցնելու համար,շատ օգտակար էր,կցանկանայի որ շարունակական լիներ
Ալվարդ
Մեր հեռուստացույցի որոշ ալիքներում լսում ենք եր բեմն օտարահունչ բառեր, դրան ի չպես կարձագանքեք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter