HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նրանք փորձում էին կոտրել ինձ». Կառլոս Ղոսնը բացատրում է, թե ինչու է փախել Ճապոնիայից

«Ռենո-Նիսան-Միցուբիշի» ավտոկոնցեռնի նախկին ղեկավար Կառլոս Ղոսնը, որը կոռուպցիայի մեղադրանքների պատճառով Ճապոնիայից փախել էր Լիբանան, խոսել է իր փախուստի պատճառների մասին:

Ըստ BBC-ի հաղորդման՝ Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում Ղոսնը խոսել է Ճապոնիայում իր  դեմ առաջադրված մեղադրանքների մասին:

Հիշեցնենք, որ Կառլոս Ղոսնը ձերբակալվել է Ճապոնիայում 2018-ի նոյեմբերին: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս դրվագով՝ ներառյալ եկամուտները թաքցնելը եւ հարկերից խուսափելը։ Ձերբակալությունից հետո Ղոսնը կորցրել է «Ռենո-Նիսան-Միցուբիշի»-ի և «Ռենո»-ի գործադիր տնօրենի պաշտոնը:

Նախկին ղեկավարը պնդում է, որ դարձել է «Նիսան»-ի և Ճապոնիայի դատախազների դավադրության զոհը: Ըստ Ղոսնի՝  վերջիններս ցանկանում էին ազատվել իրենից, քանի որ նրանց դուր չի եկել ֆրանսիական «Ռենո»-ի աճող ազդեցությունը:

Խոսելով Ճապոնիայից փախուստի մասին ՝ Ղոսնը այն անվանել է իր կյանքի ամենադժվար որոշումը:

«Ես չեմ փորձել թաքնվել արդարադատությունից: Ես թաքնվում էի անօրինականությունից և քաղաքական հետապնդումներից»,- ասել է նա: 

«Ես բախվել եմ մի համակարգի, որի դեպքում դատական գործերի 99.4% -ն ավարտվում է մեղադրական դատավճռով: Օտարերկրացիների դեպքում, ես վստահ եմ, որ այդ ցուցանիշը նույնիսկ ավելի բարձր է»,-ասել է նա:

Ղոսնի խոսքով ՝ 2018-ի վերջին՝ ձերբակալությունից հետո, նրան պահել են փոքր պատուհան ունեղող խցում և թույլ են տվել ցնցուղ ընդունել միայն օրը մեկ անգամ: «Ես կտրվել էի աշխատանքից, ընտանիքից և ընկերներից»,- ասել է նա:

Կառավարիչը պնդում է, որ իրեն առանց փաստաբանի հարցաքննել են օրական 8 ժամ և փորձել են ստանալ խոստովանություն ՝ ճնշում գործադրելով:

«Կամ պետք է մեռնեի Ճապոնիայում, կամ փախչեի այդտեղից, ես ինձ պատանդ էի զգում մի երկրում, որին ծառայել եմ 17 տարի»,-ասել է Ղոսնը:

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա նա մեղադրում է Nissan-ի բարձրաստիճան պաշտոնյաներին:

«Ճապոնացի իմ ընկերներից ոմանք կարծում էին, որ Nissan-ի վրա Renault-ի ազդեցությունը չեզոքացնելու միակ միջոցն ինձանից ազատվելն է»,-ասել է նա:

Ասուլիսից հետո Ճապոնիայի դատախազությունը նշել է . «Ղոսնը հաշվի չի առնում իր պահվածքն ու ճապոնական քրեական արդարադատության համակարգի վերաբերյալ միակողմանի քննադատություններ է հնչեցնում: Սա լիովին անընդունելի է։ Իր ձերբակալման և կալանավորման համար Ղոսնը «պետք է միայն իրեն մեղադրի»:

Ճապոնիայի խնդրանքով Ինտերպոլը միջազգային հրամանագիր է արձակել Ղոսնի ձերբակալության համար: Ղոսնը փախել է Լիբանան, բայց այնտեղ նա չի ձերբակալվել: 

Փախուստ Ճապոնիայից

Կառլոս Ղոսնը Ճապոնիայից  Լիբբանան է փախել անցած տարվա դեկտեմբերի վերջին: Ասուլիսում Ղոսնը հրաժարվեց հստակ ասել, թե ինչպես  է կարողացել լքել երկիրը, քանի որ նման տեղեկություններ հայտնելը, ըստ նրա, կարող է վտանգել նրանց, ովքեր իրեն օգնել են փախչել:

Հայտնի է, որ Ղոսնը Տոկիոյի իր առանձնատունը լքել է վիրաբուժական դիմակով (քաղաքի օդը կեղտոտ է, և բնակիչները հաճախ են կրում դիմակներ): Դրանից հետո նստել է ճեպընթաց, այնուհետև լքել երկիրը թուրքական ընկերությունից վարձակալած մասնավոր բիզնես-ջեթ ինքնաթիռով: Հետո մեկ այլ ինքնաթիռով Ստամբուլից թռել է Բեյրութ:

Wall Street Journal-ը գրում է, որ Կառլոս Ղոսնը թռիչքի առաջին մասում եղել է աուդիոսարքավորումների տուփի մեջ: Ենթադրաբար, նրանք դա չեն զննել Ստամբուլի օդանավակայանում, քանի որ այն չի տեղավորվել ինտրոսկոպում: Այս վարկածը, սակայն, պաշտոնապես չի հաստատվել:

Առանձնաատներ Ռիոյում եւ Բեյրութում

Չորեքշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ղոսնը խոսեց Ռիո դե Ժանեյրոյում և Բեյրութում գտնվող իր տների մասին: Լրատվամիջոցները գրում են, որ Ղոսնը դրանք գնել է կոռուպցիոն միջոցներով, չնայած Ճապոնիայում Ղոսնի դեմ հարուցված քրեական գործի մեղադրանքում առանձնատները չեն հիշատակվում:

Այնուամենայնիվ, Ղոսնը անհրաժեշտ համարեց դրանք հիշատակել «արատավորման արշավի» համատեքստում, որը, ինչպես պնդում է մենեջերը, նախաձեռնել էին իր դեմ լրատվամիջոցներում:

Ասուլիսում նա ներկայացրեց փաստաթղթեր, որոնք ստորագրել են «Nissan»-ի երկու աշխատակիցներ՝ Գրեգ Քելին և Ղոսնից առաջ պաշտոնավարողը՝ ընկերության նախկին ղեկավար Հիրոտո Սաիկավան, որպեսզի ապացուցի, որ առանձնատներն իրեն չեն պատկանում, այլ «Nissan»-ին, և որ թոփ մենեջերները գիտեն դրանց գնման մասին:

Ո՞վ է Կառլոս Ղոսնը

Կառլոս Ղոսնը լեգենդար հակաճգնաժամային մենեջեր է, որը կարողացավ վերադարձնել մի քանի ավտոհսկաների եկամտաբերությունը: Նա «Ռենո-Նիսան-Միցուբիշի» դաշինքի ճարտարապետն էր: 1999-ին ֆրանսիական «Renault»-ը, որի փոխնախագահն էր Ղոսնը, «Nissan»-ից 36,8% բաժնետոմս գնեց: Երկու տարի անց Ղոսնը ղեկավարեց ճապոնական ավտոկոնցեռնը, իսկ 2016-ին դաշինքին միացավ «Mitsubishi» ընկերությունը։

2018 թվականի նոյեմբերին Ղոսնը ձերբակալվել է Ճապոնիայի իշխանությունների կողմից՝ հարկերից խուսափելու փորձ կատարելու կասկածանքով: Ըստ քննիչների՝ Ղոսնը կարող էր թաքցնել իր վարձատրության չափը՝ որպես «Nissan»-ի տնօրենների խորհրդի նախագահ 2010-ից մինչև 2018 թվականը՝ հայտարարելով եկամուտների միայն կեսը: Ղոսնը չի ընդունում մեղադրանքը:

Ղոսնը կալանքի տակ մնաց 108 օր, իսկ 2019-ի մարտի 6-ին նրան 9 մլն դոլար գրավի դիմաց ազատեցին: Բայց ապրիլին նա կրկին կալանավորվեց արդեն նոր մեղադրանքներով, 20 օր անց նրան տնային կալանք նշանակեցին 5,4 մլն դոլար գրավի եւ կնոջ հետ շփումը սահմանափակելու խոստման դիմաց:

Այս երեքշաբթի ճապոնական դատարանը Ղոսնի կնոջը՝  Քարոլ Ղոսնին ձերբակալելու որոշում է կայացրել՝ մեղադրելով սուտ ցուցմունքներ տալու մեջ։

Անյա Սարկիսովա  Գայանե Հովսեփյան

Լուսանկարը՝ Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter