HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արամ Հարությունյանին օժանդակելու մեջ մեղադրվող Վիկտոր Մարտիրոսյանն անձնական երաշխավորությամբ ազատ է արձակվել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Տեր-Վարդապետյանի, անձնական երաշխավորությամբ ազատ է արձակել Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին կաշառք ստանալու և փողերի լվացման հարցում օժանդակելու մեջ մեղադրվող Վիկտոր Մարտիրոսյանին:

Այս մասին այսօր  Արամ Հարությունյանին փողերի լվացման հարցում օժանդակելու մեջ մեղադրվող մեկ այլ անձի` ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի խափանման միջոց կալանքի հիմնավորվածության ստուգման հարցով դատական նիստի ընթացքում ասաց Պետրոսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը: Պաշտպանը փաստեց, որ Արամ Հարությունյանին օժանդակելու մեջ մեղադրվող բոլոր անձինք, բացառությամբ իր պաշտպանյալ Ալեքսան Պետրոսյանի, ազատության մեջ են: Բանասիրական գիտությունների թեկնածու Մարտիրոսյանի համար երաշխավորել են նրա գործընկերները:

Նշենք, որ ըստ առաջադրված մեղադրանքների` Վիկտոր Մարտիրոսյանը, տևական ժամանակ մտերիմ հարաբերություններ ունենալով Արամ Հարությունյանի հետ, 2008թ. սկզբներին տեղեկացել է, որ վերջինս գործարար Սիլվա Համբարձումյանից  պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.2 մլրդ ՀՀ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք և հնարավորություն է ունեցել կաշառքի գումարի որոշ մասը ստանալ Արաբական Միացյալ Էմիրություններում՝ բանկային փոխանցման եղանակով:

Մարտիրոսյանը Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու դիտավորությամբ, Արաբական միացյալ Էմիրությունում իր անվամբ բացված հաշվեհամարը և անհրաժեշտ մյուս տվյալները փոխանցել է նրան և այդ կերպ միջոցներ տրամադրել Արամ Հարությունյանին կաշառքի գումարի մասը` 8 մլն ԱՄՆ դոլարը նշված եղանակով ստանալու համար:

Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, գործարար Սիլվա Համբարձումյանի առաջարկով ԱՄԷ-ում գրանցված արաբական կազմակերպությունը 2008թ. փետրվարի 7-ին 8 մլն ԱՄՆ դոլարը փոխանցել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու պատրաստակամություն հայտնած, այդ նպատակով իր բանկային հաշվեհամարը տրամադրած, ԱՄԷ-ում մշտական բնակություն հաստատած ՀՀ քաղաքացի Արաքս Սիլանյանի` Աբու Դաբի քաղաքի Ազգային բանկում ունեցած հաշվեհամարին, որից հետո, ըստ մեղադրանքի, Դիլանյանը նշված գումարից 797.918.520 ՀՀ դրամին համարժեք 9.499.030 ԱՄԷ դիրհամ և 769.125.000 ՀՀ դրամին համարժեք 9.156.250 ԱՄԷ դիրհամ գումարները փոխանցել է Արամ Հարությունյանի մտերիմների, այդ թվում` Վիկտոր Մարտիրոսյանի հաշվեհամարներին:

Դրանից հետո Վիկտոր Մարտիրոսյանն ու  Արամ Հարությունյանի մյուս մտերիմներն իրենց հաշվեհամարներին փոխանցած գումարների մի մասը կանխիկացրել են, դրանք տնօրինել Արամ Հարությունյանի ցուցումներով, իսկ մյուս մասը Հարությունյանի մտերիմները փոխանցել են նրա` Աբու Դաբի քաղաքի Ազգային բանկում ունեցած հաշվեհամարին:

Վիկտոր Մարտիրոսյանն իր  հերթին, ըստ մեղադրանքի, կաշառքի առարկա հանդիսացող, իր բանկային հաշվեհամարին փոխանցված գումարի ծագման իրական աղբյուրը քողարկելու, խեղաթյուրելու և դրան օրինական տեսք հաղորդելու նպատակով հանցավոր ճանապարհով ստացված գումարը Արամ Հարությունյանի առաջարկությամբ 2011թ. մարտի 23-ին իր հաշվեհամարից փոխանցել է միջազգային ընկերության՝ Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող բանկային հաշվեհամարին: Արամ Հարությունյանն էլ հանցավոր ճանապարհով ստացված գումարները փոխանցել է նույն բանկային հաշվեհամարին, ապա կազմակերպել հիշյալ հաշվեհամարից գումարների պարբերաբար փոխանցումը իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձին պատկանող և ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ընկերության հաշվեհամարին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter