
Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ պետական գույքն օտարվել է շուկայական արժեքից երեք անգամ ցածր գնով. հարուցվել է քրեական գործ
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրվել է պետական սեփականություն հանդիսացած, Երևան քաղաքի Կ. Ուլնեցու փողոցի 68 շենքի թիվ 1 հասցեում գտնվող 70 քմ մակերեսով նկուղի և 20.4 քմ մակերեսով հողամասի օտարման գործընթացի օրինականությունը: Այս մասին տեղեկացնում է դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նախաձեռնությամբ ՍՊ ընկերության կողմից 2017թ. մարտի 24-ին կազմված եզրակացությամբ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության կողմից ներկայացված, ՀՀ-ին սեփականության իրավունքով պատկանող նշված գույքի շուկայական արժեքը գնահատվել է 10.3մլն դրամ:
Պարզվել է, սակայն, որ եզրակացությունը կազմվել է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքի պահանջների անտեսմամբ: Մասնավորապես, եզրակացության այն հատվածները, որոնց բովանդակությունը վերաբերում է այդ պահի դրությամբ նշված գույքի հավանական շուկայական արժեքի մասին հետևություններին, չեն ստորագրվել գնահատողի կողմից, իսկ եզրակացությունը չի հաստատվել ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ:
Չնայած այդ հանգամանքին՝ Կառավարությունը 2017թ. ապրիլի 20-ի որոշմամբ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրվել է նշված հասցեում գտնվող գույքը օտարել մրցույթով՝ հիմք ընդունելով եզրակացությամբ արտացոլված շուկայական արժեքը: 2017թ. հունիսի 30-ին կայացած մրցույթի արդյունքներով գույքն օտարվել է մոտ 6մլն դրամով:
Մինչդեռ «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից 2019թ. դեկտեմբերի 6-ին տրամադրված վերլուծությամբ պարզվել է, որ այդ գույքի հավանական շուկայական արժեքը 2017թ. դրությամբ կարող էր կազմել շուրջ 19 մլն դրամ կամ ՍՊԸ-ի կողմից գնահատված արժեքից գրեթե երկու անգամ ավելի։
Այսպիսով, արձանագրված փաստերը վկայում են, որ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք առերևույթ իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ: Մասնավորապես, անհիմն եզրակացությունը, որով գույքի շուկայական արժեքը գնահատվել է հավանական շուկայական արժեքից գրեթե երկու անգամ պակաս, հիմք է ընդունվել պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից՝ գույքի գնահատված արժեքը սահմանելիս և հետագայում նաև մրցույթով օտարելիս: Արդյունքում այն օտարվել է հավանական շուկայական արժեքից գրեթե 3 անգամ պակաս գնով՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությունների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ նախաքննության կատարելու հանձնարարությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մեկնաբանել