HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Կառավարելի եւ անկառավարելի թափոններ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել թափոնները եւ առավելագույնս օգտագործել ռեսուրսները

Կառավարությունը «Աղբահանության համակարգի ռազմավարության» նախագիծը e-draft.am կայքում կարճատեւ շրջանառելուց հետո վերադարձրել է լրամշակման: Նախագիծը ներկայացրել էր Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը:

Նախագիծը մշակելու համար հիմք են հանդիսացել Հայաստանի Ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբյան բնապահպանական կենտրոնի իրականացրած նախագծերը: Շվեդիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորած «Թափոնների կառավարումը Հայաստանում» ծրագրի նպատակն էր փորձագետների միջոցով թափոնների կառավարման ազգային քաղաքականության, ռազմավարության եւ ճանապարհային քարտեզի մշակման համար Կառավարությանը տրամադրել շրջանաձեւ տնտեսության սկզբունքներով անհրաժեշտ վերլուծություններ: Մասնագիտական թիմը մշակել է նաեւ ողջ հանրապետության աղբահանության սխեման եւ ներկայացրել հանրապետությունում կիրառելի նվազագույն բնապահպանական եւ սոցիալ-տնտեսական ռիսկերով աղբի վերամշակման ուղղությունները։

Մեր զրույցը ՀԱՀ-ի Յակոբյան բնապահպանական կենտրոնի շրջանաձեւ տնտեսության փորձագետ Հարություն Ալպետյանի հետ նպատակ ունի ներկայացնելու աղբահանության ռազմավարական սկզբունքները, որոնք ամրագրվել են փաստաթղթում: 

-Պրն Ալպետյան, առաջին անգամ աղբի կառավարման հայեցակարգ է մշակվում եւ այդ փաստաթղթում առաջին անգամ շրջանառության մեջ է դրվում «շրջանաձեւ տնտեսության գործիքների կիրառում» արտահայտությունը: Ի՞նչ գործիքների մասին է խոսքը եւ ի՞նչ դերակատարում է վերապահված դրանց աղբի կառավարման գործընթացում:

Աղբահանության ռազմավարական սկզբունքների մշակումն առաջին հիմնարար քայլն է դեպի աղբի կառավարում։ Աղբը վերամշակելուց առաջ ավելի կարեւոր բաղադրիչներ ունի՝ քանակի նվազեցում կամ կանխարգելում, ապրանքների վերաօգտագործում, օգտահանում, վերամշակում եւ վերականգնման մեխանիզմների ներդրում։ Մենք կարող ենք երկու բանի մասին խոսել այսօր՝ ինչ ունենք եւ ինչ ենք ուզում ունենալ։ Ավանդույթով անցյալից մեզ հասած վերամշակման եւ վերաօգտագործման պրակտիկա ունենք՝ կենցաղային սարքավորումների վերանորոգում, թղթի մակուլատուրա, ապակու վերամշակում եւ այլն։ Սակայն դեռեւս չենք կարողացել գնահատել, թե որքանով ենք վերաօգտագործող հասարակություն։ Հնարավոր է, որ սովետական շրջանից փոխանցված մեր վերաօգտագործման ցուցանիշները բավականին բարձր են, նույնը վերաբերում է վերամշակմանը։ Եվրոպան այսօր շատ է խոսում ապրանքների կյանքը երկարաձգելու, վերամշակելու մասին։ Մեզ մոտ էլ կան արտադրողներ, որոնք խրախուսում են վերաօգտագործումը: Օրինակ «Մեր երկիր» կաթնամթերք արտադրող ընկերությունը մակնշում ունի իր տարաների վրա՝ 30 շիշ հավաքես՝ կգա կտանի 50 դրամով, փոխարենը գուցե նաեւ թարմ կաթ կտա։ Ուղղակի պետք է ավելի լավ կազմակերպեն իրենց աշխատանքը։ 

-Ինձ զարմացրեց «Աղբահանության համակարգի ռազմավարության» փաստաթղթում ներկայացված թափոններ վերամշակող եւ օգտահանող ընկերությունների ու քաղաքացիական նախաձեռնությունների մեծ ցանկը՝ 24 անուն: Մինչդեռ, դրանց մեծ մասի անունն ու գործունեությունն անհայտ են հանրությանը, ինչո՞ւ է այդպես ստացվել:

Հայաստանում 20-ից ավելի վերամշակող կազմակերպություններ կան, որոնք բոլորովին անհայտ են հանրությանը։ Նրանք ցանկանում են ստվերում մնալ: Պատճառը, գուցե, աշխատանքային պայմանների անհամապատասխանությունն է աշխատանքային օրենսդրությանը, գուցե իրենց գործունեության հետեւանքով առաջացող բնապահպանական հարցերն են եւ այլն։ Մենք այսօր վերամշակողներին հերոսացնելու վտանգավոր տենդենցի մեջ ենք: Սակայն, չմոռանանք, որ վերամշակումը արդյունաբերական պրոցես է, որն իր վտանգավոր կողմերն ունի: Օրինակ, պլաստիկի հիմնական մասը գալիս է աղբավայրերից եւ, բնականաբար, աղբավայրից մաքուր հումք չի կարող գալ։ Դրանք մաքրելու համար կաուստիկ սոդա են օգտագործում: Ես չգիտեմ որեւէ ընկերություն, բացի «Կոկա-կոլա»-ից, որն արտադրության մեջ օգտագործվող կեղտաջրերը մաքրում է, հետո է կոյուղի լցնում: 

Վերամշակողների հետ կապված Կառավարությանը երկու բան ենք առաջարկում՝ խթանել վերամշակումը, որովհետեւ մենք ունենք թերի օրենսդրություն: «Թափոնների մասին» ՀՀ օրենքը նախատեսում է արտոնություններ վերամշակողների համար, սակավաթափոն տեխնոլոգիաներ ներդնողների եւ աջակցողների համար, բայց այսօր փաստացի չունենք որեւէ վերամշակող, որն օգտվում է տնտեսական արտոնություններից: Հոդվածը կա, բայց այն գործող չէ: Իրավաբանների գնահատականով՝ չկան այս հոդվածի կիրառությունն ապահովող ենթաօրենսդրական կարգավորումներ: Մեր առաջարկներից մեկն է՝ շտկել օրենսդրությունը, որպեսզի հնարավոր լինի արտոնություններ տալ վերամշակողներին։ Մեր մյուս առաջարկն այն է, որ խթանեն վերամշակումը, իրազեկեն նրանց եւ ներգրավեն պրոցեսում։ Դրանից բացի, անպայման ուժեղացվի վերահսկողությունը նրանց բնապահպանական, առողջապահական ազդեցությունների եւ աշխատանքային պայմանների մասով։

-Առաջին անգամ է աղբի կառավարման համակողմանի ուսումնասիրություն իրականացվում եւ ամբողջացվում փաստաթղթով: Արված խորքային հետազոտություններն, ըստ էության, պետք է պատասխանեին այն հարցին, թե ինչ հնարավորություններ կան վերամշակումների համար։ Մեզ մոտ խոսակցությունը մշտապես տարվել է այն ուղղությամբ, որ աղբի բավարար պաշար չունենք, որպեսզի վերամշակում իրականացնենք։ Ձեր կատարած ուսումնասիրություններն ի՞նչ ցույց տվեցին, առանձին թափոնների տարանջատումից բացի, վերամշակում նախատեսվո՞ւմ է աղբավայրում։

«Թափոնների քանակի եւ բաղադրության ուսումնասիրություն» ծրագրի շրջանակում անցյալ տարվա հուլիս ամսին հանրապետության տարածքում 6 տարբեր տեղերում, նույն մեթոդաբանությամբ կենցաղային թափոնների բաղադրության ուսումնասիրություն իրականացրինք: Շուրջ 5 տոննա աղբի վերլուծություն է արվել 22 բաժնեմասով, անալիզ է արվել: Աղբի նմուշառումն ու անալիզը կատարել են բարձրակարգ մասնագետները՝ շվեդ մասնագետների օգնությամբ: Ուրախալի փաստ է այն, որ այդ թիմում տեղական մասնագետներ են ընդգրկված: Կարեւոր է, որ տեղացի մասնագետներից աշխատանքային թիմը ստեղծվի, որպեսզի հետագայում էլ աշխատի այդ ուղղությամբ: Մեր հիմնական նպատակն այն է, որ սեզոնային կտրվածքով գոնե 4 անգամ կրկնենք աղբի անալիզները։ Դրանից հետո աղբի բաղադրության ավելի հաստատուն պատկեր կունենանք՝ որից ինչ ունենք աղբի մեջ, որովհետեւ ներդրողներն ուզում են առաջին հերթին աղբի ե՛ւ քանակը, ե՛ւ բաղադրությունն իմանալ։ Չնայած, ովքեր մեծ ներդրումներ են ցանկանում կատարել, իրենց ուսումնասիրությունն անպայման անում են։ Մենք Կառավարության համար ենք արել, որպեսզի նա իր ռազմավարական ուղղությունները հասկանա։

-Ի՞նչ բաղադրություն ունի մեր աղբը, եւ ինչի՞ է պիտանի այն:

Աղբի բաղադրության մեջ 50 եւ ավելի տոկոսը խոհանոցային թափոններն են, որոշ տեղերում դա 60%-ի է հասնում: Սա խոսում է այն մասին, որ ոչնչով չենք տարբերվում զարգացող երկրներից: Եթե այն կուտակվում է աղբավայրում, դառնում է մեթան՝ ջերմոցային գազ, շատ արագ նպաստում է կեղտաջրերի առաջացմանը, որը ներծծվում է հողում եւ ստորգետնյա ջրերն է աղտոտում։ Հենց օրգանական աղբը դուրս եկավ, միանգամից մեր աղբավայրերը ահռելի քանակով կբեռնաթափվեն, ջերմոցային գազեր չեն առաջանա, ավելի հեշտ կառանձնացվեն մնացած չոր վերամշակելիները, եւ դա արդեն հումք կլինի, ոչ թե թափոն: Օրգանական թափոնները, եթե կարողանանք աղբյուրից առանձնացնել՝ տներում, շատ ավելի հեշտ կառանձացվեն մնացած չոր վերամշակելիները: Մեծ խնդիր ունենք մեր առջեւ դրված, եթե կարողանանք օրգանական թափոնների հարցը լուծել եւ քիչ աղբ ուղարկվի աղբավայր։ Եվրոպական միությունը մինչեւ 2030 թվականը խնդիր է դրել 0 թափոն ուղարկել աղբավայր:      

Թափոնների բաղադրությունը Տոկոսային հարաբերակցությունը, %
Կենսաքայքայվող (օրգանական) 30-60
Թուղթ, ստվարաթուղթ 5-12
Պլաստմասաներ (PET, PS, PP, PVC, HDPE) 7-20
Մետաղ 1-4
Ապակի 3-6
Կաշի-ռետին 1-4
Տեքստիլ  2-6

Հայաստանում գոյացող աղբի քանակությունն, իսկապես, կարող է չբավարարել, որ այս կամ այն տեսակի թափոնի վերամշակումը շահութաբեր լինի: Սակայն, երբ մենք խոսում ենք վտանգավոր թափոնների մասին, այստեղ չենք կարող խոսել ներդրողի շահի մասին, քանի որ սա հանրային առողջության հարց է: Այս դեպքում չենք կարող սպասել, որ մի օր ներդրող գա եւ մտածի, օրինակ, մարտկոցների վերամշակումը շահութաբեր է, կարելի է անել կամ՝ ոչ: Սա պետության մտահոգության հարց է: Մյուս կողմից՝ մեր աշխարհաքաղաքական վիճակը էքսպերտի հնարավորություն չի տալիս:

-Ի՞նչ լուծումներ են առաջարկվում վտանգավոր թափոնները վնասազերծելու համար:

Վտանգավոր թափոնների մասով երկու մեծ խնդիր ունենք. մենք այս ոլորտի օրենսդրական  կարգավորումն ունենք, բայց իրականում վտանգավոր թափոնները կուտակելու կամ վնասազերծելու համար նախատեսված վայրեր չկան: Այդ թվում նաեւ քիմիական թափոնների համար: Վտանգավորների մեջ են մտնում էլեկտրոնային թափոնները՝ սնդիկային եւ ֆոսֆորային լամպերը, մարտկոցները, որոնց համար առանձնացված պոլիգոններ չունենք: Արտասահմանում սյուների վրա արկղեր են ամրացված, որի մեջ հավաքում են մարտկոցները։ Մեզ մոտ մարդիկ տներում, չոր տեղում պահում են եւ դա անվնաս է, բայց մեծ վնաս է, եթե հայտնվում է աղբանոցում, ծանր մետաղները քայքայվում եւ տարածվում են միջավայրում։ Մարտկոցների կառավարումը բարդ չէ, բայց այդ հարցը կարգավորող օրենսդրություն չունենք: Եթե ես ցանկանամ իմ ավտոտնակում ժամանակավոր պահեստավորել, պետք է ՇՄԱԳ անցնեմ, լիցենզիա ունենամ, բնապահպանական հարկ վճարեմ պահեստավորելու համար եւ այլն։ Այսօրվա օրենսդրությունը մեզ հարկադրում է դրանք հավաքել եւ ուղարկել աղբավայր: Վտանգավոր թափոնների մաս են կազմում բժշկական թափոնները, որոնք տանն են արտադրվում, օրինակ, ներարկիչները։ Դիահերձարանի թափոնները երկու կազմակերպություն կա, որ վնասազերծում է, բայց մարզերում վերահսկողության խնդիր ունենք այս հարցում։ Վտանգավոր թափոնները տարբեր տեղերից են գալիս՝ հիգիենայի պարագաները, եղունգի լաքը, գազայրիչները եւ այլն, եւ բոլորն ընդհանուր աղբավայր են լցվում։ Կենցաղային թափոնների մեջ 5 դասի վտանգավոր թափոններ կան, որոնք գնում են աղբավայր: Չտեսակավորված, խառը կենցաղային թափոնները 4-րդ դասի վտանգավորություն ունեն: 

-Արտադրողները ներգրավվելո՞ւ են աղբի շրջանաձեւ կառավարման որեւէ փուլում եւ ինչպե՞ս:  

Արտադրողի ընդլայնված պատասխանատվությունը շատ պարզ եւ կիրառելի սխեմա է. այն արտադրատեսակները, որոնք արագ թափոն դարձող են, դրանց համար արտադրողը եւ ներմուծողը պետք է պատասխանատվության կրեն: Այստեղ երկու բան կարող է կիրառվել՝ աղտողտողը վճարում է սկզբունքը: Մարտկոցներ ներմուծողները պետք է պատասխանատու լինեն դրանց աղբավայր չգնալու համար: Շիշը իմ պատասխանատվության տակ է՝ ես հանքային ջուր եմ արտադրել, որը թափոն է ստեղծել, եւ ես պետք է դրա պատասխանատուն լինեմ: Հանքային ջուր արտադրողները կարող են կազմակերպություն ստեղծել, որը կհամակարգի դրանք հավաքելը, եւ արտադրողը նրանց կվճարի շիշ հավաքելու համար։ Անվադողերը կառավարելի թափոններ են, եւ ներմուծողները պետք է պատասխանատու լինեն այդ թափոնի կառավարման համար։ Նրանք վճարում են հավաքող ընկերությանը, եւ նա է հաշվետու կառավարությանը, թե որքան է ներմուծել եւ որքանն է հավաքել ու ուղարկել վերամշակման։

Մնացած չոր վերամշակելիները՝ պլաստիկ, մետաղ, ապակի եւ թուղթ, վերամշակողների բավականին մեծ ցանց ունենք, եւ նրանք պայքարում են հումք ձեռք բերելու համար: Բոլոր վերամշակողները պնդում են, որ հումքի պակաս ունեն, իրենց կարողությունների փոքր մասնով են աշխատում։ Օրինակ, «Գրանդ Քենդի» ընկերությունը ստվարաթուղթ է արտադրում եւ ասում են, որ անսպառ թուղթը կարող են վերամշակել։ Կարողություններն ավելացնելը խնդիր չէ իրենց համար։ Բնական է, որ եթե Երեւանում սկսեն թուղթը տարանջատել՝ կարողությունները մեծացնելու անհրաժեշտություն կառաջանա։

-Ձեր կարծիքով՝ մեզ մոտ շրջանաձեւ տնտեսության գործիքներից՝ թափոնների նվազեցում, վերաօգտագործում, տարանջատում, օգտահանում, որի՞ կիրառությունն է ամենաբարդը լինելու։

Կարծում եմ՝ նվազեցումը։ Մենք Եվրոպական միջինից քիչ ենք աղբ արտադրում, բայց նվազեցնելու տեղ ունենք։ Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել գոյացող աղբի ծավալների նվազեցման ուղղությամբ՝ աղբի տեսակավորման, վերամշակման կամ այլ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման միջոցով։ Պոլիէթիլենային տոպրակներ արտադրողները մեր հանդիպումների ժամանակ պնդում էին, որ արտադրությունը չպետք է նվազեցնել, ընդամենը վերամշակումը պետք է խթանել: Վերամշակումը չի փրկի, պոլիէթիլենային տոպրակներն անկառավարելի թափոն են, դրանք հավաքելն է խնդիր։ Պոլիէթիլենի դեպքում ամենից առաջ պետք է նվազեցման մասին մտածել։ Պլաստիկը հավաքվում եւ վերամշակվում է, աղում են եւ օգտագործում շինարարության մեջ: Այն նորից պլաստիկի չի վերածվում, ավելի ցածր արժեքի նյութ է ստացվում դրանից։ 

Ինչպես նշեցի՝ օրգանական թափոնների մեջ գերակշռողը խոհանոցային թափոններն են։ Քարոզարշավի ժամանակ մեր կարգախոսը պետք է լինի՝ «Գնիր այնքան, որքան կսպառես»: Ավելի շատ ենք գնում մթերքը, քան անհրաժեշտ է մեզ։

-ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացված «Պիրոլիզի եղանակով թափոնների վերամշակման կիրառելիության» ծրագրի շրջանակում արված հետազոտություններն ի՞նչ արդյունքներ տվեցին: Կիրառելի՞ է այն մեր պայմաններում:

Պիրոլիզի, այսինքն՝ առանց թթվածնի ցածրաստիճան եղանակով այրումը, աղբահանության համակարգի ազգային ռազմավարության մեջ տեղ չի ունենա: Պիրոլիզը առանձնապես հաջողված տեխնոլոգիա չէ: Ինձ հայտնի չէ աղբի առաջատար կառավարում իրականացնող որեւէ երկիր, որը պիրոլիզ է կիրառում։ Քանի որ այն նոր տեխնոլոգիա է, բայց լիովին պարզ չէ, դրա առաջացրած բնապահպանական, էներգետիկ եւ այլ հետեւանքները: Կարծում եմ, ներդրողների հետ այդ հարցը չենք քննարկի։

-Հանրապետությունում գտնվող աղբավայրերից, կարծեք թե, իրատեսականը միայն Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների համար նախատեսված աղբավայրի կառուցումն է: Նաեւ՝ Նուբարաշենի գործող աղբավայրի կողքին նոր աղբավայրի կառուցումը, որը զբաղեցնելու է 32 հեկտար տարածք: Ինչո՞ւ է նորը կառուցվում, այլ լուծում չկա՞, աղբի վերամշակում չի՞ նախատեսվում։

Աղբավայրերը լուրջ մտահոգություն են Կառավարության համար: Նուբարաշենի եւ Աջափնյակի աղբավայրերը կոնսերվացնելու եւ Նուբարաշենի գործող աղբավայրի կողքին նոր սանիտարական աղբավայր կառուցելու համար Եվրոպական միությունը 26 մլն եվրո է տրամադրել: Դրանից 16 մլն եվրոն վարկ է, իսկ 10 մլն եվրոն դրամաշնորհի տեսքով տրամադրել են Եվրոպական Միությունը եւ Արեւելյան Եվրոպայի էներգետիկ արդյունավետության եւ Շրջակա միջավայրի գործընկերության (E5P) հիմնադրամը: Նուբարաշենի աղբավայրն անհրաժեշտ է, բայց շատ կարեւոր հարց է, թե ինչպես ենք պատրաստվում շահագործել նոր սանիտարական աղբավայրը։ Օրակարգում քննարկվում է, թե ինչ աղբ ենք պատրաստվում այնտեղ տեղադրել, եթե տեսակավորվի աղբը՝ 40 տարուց ավելի կծառայի Երեւանին եւ հարակից համայնքներին: Եթե սննդային թափոններ չենք տեղադրելու այնտեղ՝ ուրեմն գազի կորզման համակարգն ավելորդ է, այստեղ ներդրումներ պետք չեն։ Իսկ եթե օրգանական աղբը պետք է լցնել աղբավայր, ապա կարող ենք բիոգազ ստանալ կամ կոմպոստի վերածել (միկրոօրգանիզմների կենսագործունեության ազդեցության հետեւանքով զանազան օրգանական նյութերի քայքայումից ստացվող պարարտանյութ): Երկուսն էլ հեշտ չեն, ենթակառուցվածքի եւ գիտելիքի անհրաժշտություն կա, բայց երկուսն էլ հիանալի լուծում են։ Կեղտաջրերը, երբ մշակվում են՝ շատ լավ օրգանական պարարտանյութ են դառնում: Բիոգազն ավելի ծախսատար է, բայց երկու դեպքում էլ ունենում ենք գերազանց արդյունք՝ օրգանական աղբը չի գնում աղբավայր: Միաժամանակ, կարիք չկա բիոգազը վերածելու էլեկտրաէներգիայի, մենք գազը սպառում ենք հենց այդպես, որովհետեւ զարգացած ենթակառուցվածք ունենք: Սա Հայաստանի համար կարեւոր առաջնային ուղղություն կլինի:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter