HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատժողակա՞ն, թե՞ վերականգնողական արդարադատություն. սա է խնդիրը

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Քրեակատարողական ոլորտում լրջագույն պայքար է ընթանում: Իմ համոզմամբ, այդ պայքարը պատժողական ու վերականգնողական մոտեցումներ ունեցողների, հնի ու նորի միջև է: 2018-ի մայիսյան իրադարձություններից հետո փորձ է կատարվում քրեակատարողական համակարգը քաղաքակիրթ աշխարհին հետևելով` պատժողական քաղաքականությունից բերել դեպի վերականգնողական արդարադատություն: 

Տոտալիտար պետություններում, ինչպիսին, անշուշտ, նաև Խորհրդային միությունն էր, դատախազությունը հենց օրենքի համաձայն, վերահսկում էր անգամ դատարանը: Ժողովրդավարական պետություններում, որտեղ պետք է լինի իրավունքի գերակայություն, անկախ դատական համակարգի ձևավորումը առաջնային պահանջ է: Բայց անկախ Հայաստանը դեռ երկար տարիներ առաջնորդվում էր խորհրդային օրենսգրքերով, որոնց միայն կազմի վրայի վերնագրերը փոխեցին, իսկ դատավճիռներում նույնիսկ դա էլ չարեցին, այլ ուղղակի գրիչով գիծ էին քաշում «Հանուն Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության»-ի վրա և գրում «Հայաստանի Հանրապետության» արտահայտությունը: Բառի վրա գիծ քաշելով`միտքն ու հոգին չես փոխի: 

Օրինակ` տասնյակ տարիներ 4-5 հազար ազատազրկված անձանց համար պետ. բյուջեից դուրս գրվող միլիոնավոր դոլարները մեծամասամբ նպատակին չէին ծառայում: Սննդամթերքի առյուծի բաժինը դատապարտյալին չէր հասնում, մասամբ լափի վերածվում՝ ըստ տարածված տարբեր լուրերի, տարբեր ֆերմաների խոզերին կերակրելու համար: Բա տասնյակ տարիներ ու՞ր էր դատախազությունը իր վերահսկողական ֆունկցիայով: Նոր իշխանություններն ասում են, որ համատարած կոռուպցիոն մեխանիզմներ էին աշխատում բոլոր ոլորտներում: 

Դատախազներն իրենց էությամբ մեղադրողներ են, դե՛, այդ գերատեսչության հիմնական գործառույթն է: Իսկ ժողովրդավարական պետություններում քրեակատարողական համակարգի կարևորագույն և հիմնական խնդիրն է`ուղղել դատապարտված անձանց: Որո՞նք են ուղղման գործիքները: 

Ահա քրեակատարողական օրենսգրքի հոդված 17-ը.  «1. Դատապարտյալի ուղղման հիմնական միջոցներն են պատիժները կատարելու և կրելու սահմանված կարգն ու պայմանները, դատապարտյալի հետ տարվող սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները, դատապարտյալի աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական և նման այլ զբաղվածությունը, ինչպես նաև հասարակական ներգործությունը: Ուղղման միջոցների առանձին տեսակներ անչափահասների համար կրում են պարտադիր բնույթ»:

Հիմա, խնդրում եմ, կարդացեք այս` 93 հոդվածը. «Օրինապահ վարքագծի, աշխատանքի և ուսման նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքի, դատապարտյալների ինքնագործ միավորումների աշխատանքներին և միջոցառումներին ակտիվորեն մասնակցելու, ինչպես նաև դրական վարքագծի դրսևորման համար ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ սահմանված կարգով կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ միջոցները»: Այդ միջոցներն են` մեկ ամսվա ընթացքում մեկ ժամով զբոսանքի ավելացումը, այսինքն` մեկ ժամ ավելի մաքուր օդ շնչելու հնարավորությունը, մեկ անգամ ավելի տեսակցություն ունենալը: Կա ևս մեկ միջոց, որը երևի երբեք չի կիրառվել, այն է` դատապարտյալը կարող է ներկայացվել տեղափոխման մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ:

Քրեակատարողական նախկին համակարգի պատժողական քաղաքականության ամենավառ օրինակն այն է, որ տարիներ շարունակ համատարած կիրառում էին տույժեր, ամենաչնչին առիթներով, հաճախ` անօրինական կերպով: Խրախուսանքների ինստիտուտը կամ առհասարակ չէր կիրառվում կամ՝ հազվադեպ: Ո՛չ աշխատանքը, ո՛չ ուսումը, ո՛չ օրինապահ վարքագիծը, ո՛չ մի դրական բան չէր խրախուսվում: Գիտե՞ք ինչու: Դա էր որդեգրված քաղաքականությունը և բանտի աշխատողներից հաճախ լսում էի հետևյալ խոսքերը. «Դե՛, օրենքում գրված ա` «կարող է խրախուսվել», մենք էլ կուզենք կխրախուսենք, չենք ուզի, չենք խրախուսի»: Այսինքն`«կարող է» բառը ստեղծել է հայեցողության համար լայն դաշտ: 

ՀՀ արդարադատության նախարարության ուշադրությունն եմ հրավիրում այս կարևորագույն հարցին: Օրինապահ վարքագիծը, աշխատանքը, ուսումը, ստեղծագործելը, միջոցառումներին ակտիվ մասնակցելը պարտադի՛ր պետք է խրախուսվի, ինչը խթան կհանդիսանա դատապարտյալների համար` դրական վարքագիծ դրսևորելուն ուղղված: 93 հոդվածի 1-ին մասում «կարող է խրախուսվել» արտահայտությունը անհրաժեշտ է փոխարինել «խրախուսվում է» բառով. սա պետք է իմպերատիվ նորմ դառնա: Հենց նման մոտեցումը իրականում դատապարտյալներին հետ կպահի հանցավորությունից, նրանք կձգտեն աշխատանք ունենալ, սովորել և օրինապահ վարքագիծ դրսևորել: 

Անցյալ տարվա հոկտեմբերին  «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Սամվել Մկրտչյանը 14 ցմահ դատապարտվածներիս նկատմամբ խրախուսանքի միջոցներ կիրառելու մասին որոշում էր կայացրել սեպտեմբերի 26-ին Քրեակատարողական ծառայության 100-ամյակի կապակցությամբ կազմակերպված ցուցահանդեսին  աշխատանքներ ներկայացնելու, ստեղծագործական աշխատանքով զբաղվելու, հիմնարկում կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու և դրական վարքագիծ դրսևորելու համար: Քրեակատարողական ծառայության 100- ամյակը շուքով նշվեց այստեղ, իրոք տոնական տրամադրությամբ, բայց մեկ ու կես ամիս անց վերահսկող դատախազը որոշում կայացրեց, թե քրեակատարողական ծառայության 100-ամյակին նվիրված միջոցառումը օրինական չի կազմակերպվել, կասեցրեց խրախուսանքները և միջնորդեց, որ պետը անվավեր ճանաչի դրանք: Հիմա տեսնենք, թե ինչ կերպ է փորձել դատախազը հիմնավորել իր մոտեցումը:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի հոդված 91-ի մաս 6-ի համաձայն. «Ուղղիչ հիմնարկի վարչակազմը հասարակական կամ այլ կազմակերպությունների աջակցությամբ կամ անմիջական մասնակցությամբ կազմակերպում է կրթական, մշակութային, լուսավորչական, կրոնական և մարզական միջոցառումներ»: Դատախազը պնդում է` միջոցառումը անօրինական է եղել, քանի որ իբր կազմակերպություն չի մասնակցել: Սակայն 2019թ. սեպտեմբերի 26-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում քրեակատարողական ծառայության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսին անմիջական մասնակցություն է ունեցել նաև Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին`ի դեմս հոգևոր սպասարկում իրականացնող Տեր Գրիգորի: Եկեղեցին հանդիսանում է կրոնական կազմակերպություն և, տվյալ պարագայում, Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ դերը ընդգծված է Սահմանադրության 18 հոդվածում: 

Դատախազը նաև յուրովի է մեկնաբանել 93-րդ հոդվածի 1-ին մասը, թե իբր դատապարտյալը միևնույն ժամանակ պետք է և՛ աշխատի, և՛ սովորի, և՛ միջոցառումներին մասնակցի, և՛ օրինապահ վարքագիծ դրսևորի և՛ և՛ և՛... որպեսզի խրախուսվի: Նման մեկնաբանությունը կնշանակի, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում տասնյակ տարիներ գրեթե բոլոր կիրառված խրախուսանքների մասին որոշումներն եղել են անօրինական: Իսկ եթե օրենսդիր մարմինը նման մոտեցում ունենար, ապա օրենքում շատ հստակ կգրվեր, որ խրախուսանքը տրվում է օրենքի դրույթում նշված բոլոր հանգամանքների «միաժամանակյա առկայության դեպքում…»: Բայց նույնիսկ ազատության մեջ գտնվող միլիոնավոր քաղաքացիներ միևնույն ժամանակ չեն սովորում, աշխատում, ստեղծագործում, օրինապահ վարքագիծ դրսևորում և մասնակցում տարբեր միջոցառումներին ու ինքնագործ միավորումների աշխատանքներին: Նման բան քմահաճորեն պարտադրելը դատապարտված անձանց, այն էլ այն դեպքում, որ պետությունը չի ապահովում ո՛չ աշխատանքով, ո՛չ ուսման հնարավորությամբ, պարզապես աբսուրդ է:

Այս խնդիրը իրականում գլոբալ է` քրեակատարողական համակարգում շարունակվելու է պատժողակա՞ն քաղաքականությունը, թե՞ հաստատվելու է վերականգնողական քաղաքականությունը և օրինականությունը, ժամանակը ցույց կտա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter