HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հարկերի կատարողականն՝ ըստ ճաշակի

Ամեն տարի Հայաստանի բյուջեի մասին օրենքն ընդունելիս սահմանվում է հարկային եկամուտների որոշակի ցուցանիշ։ Սակայն, տարվա ընթացքում, Կառավարության համապատասխան որոշումների արդյունքում այդ ցուցանիշը փոփոխվում է։ Եվ տարվա վերջում դրանց հիման վրա էլ հաշվարկվում է` հարկային եկամուտները գերակատարվե՞լ են, թե՞ թերակատարվել։ Պարզվում է՝ նախորդ տարի հարկերը գերակատարվել են նախնական ցուցանիշի համեմատ, բայց թերակատարվել են՝ ճշտվածի համեմատ։

2019 թվականի բյուջեի օրենքով պլանավորվել են 1 տրլն 401.9 մլրդ դրամի հարկային մուտքեր։ Փաստացի, հարկային եկամուտները տարվա ընթացքում կազմել են 1 տրլն 464.3 մլրդ դրամ։ Այսինքն՝ եթե նախնական ցուցանիշի հետ ենք համեմատում, ապա բյուջեն հարկերի մասով գերակատարվել է 62.4 մլրդ դրամով կամ 4.5 %-ով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը։

Սակայն, «Հետք»-ի հարցին ի պատասխան, թե արդյոք ճշտված պլանի համեմատ հարկերը չե՞ն թերակատարվել, ՊԵԿ նախագահը նշեց, որ թերակատարվել են, սակայն խորհուրդ տվեց հիմք ընդունել նախնական ցուցանիշը, այսինքն՝ գերակատարումը, կամ թվերն ընտրել ըստ ճաշակի։ Անանյանի տվյալներով, թեև դեռևս տարեկան ճշտված պլանի ցուցանիշը չի հրապարակվել, սակայն ենթադրվում է, որ այն կկազմի շուրջ 1 տրլն 485 մլրդ դրամ։ Այսպիսով, կստացվի, որ հարկերը ճշտված պլանի համեմատ թերակատարվել են մոտ 21 մլրդ դրամով։

ՊԵԿ նախագահը նշեց, որ բացի փաստացի հարկային եկամուտները, պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ տարվա ընթացքում ՊԵԿ-ը տնտեսավարողներին է վերադարձրել մոտ 43 մլրդ դրամի «հին պարտքեր», ինչպես նաև ՝ 170.4 մլրդ դրամի ԱԱՀ և եկամտային հարկ։ Այսինքն՝ հավաքագրված հարկերը այդքանով պակասել են։

«Երբ մենք տարվա ընթացքում նշում ենք, որ գերակատարել ենք և հստակ ազդակներ կան, Կառավարությունն իր որոշումներով փոփոխում է հարկային եկամուտների ծրագրային ցուցանիշը։ Դա մեզ չի հետաքրքրում, որովհետև մենք համեմատում ենք օրենքով սահմանված ծրագրային ցուցանիշը։ Օրինակ՝ եթե ԱԺ-ում հայտարարում ենք, որ ճշտված պլանի համաձայն եկամուտների կատարողականը 98 % է, իսկ ծախսերի փաստացի կատարողականը՝ 90 % է, դրա արդյունքում չկա որևէ ծախս, որ կատարված չլինի ֆինանսական միջոցների բացակայության պատճառով։ Հետևաբար, մեր նպատակաը ոչ թե բյուջեն 5 կամ 20 %-ով գերակատարելն է, այլև կարևորն այն է, որ իրական տնտեսությանը վերադարձվեն գումարներ, որոնցով վերարտադրություն կսկսվի, կապիտալ ծախսեր կկատարվեն և այլն։ Հիմա Դուք ըստ ճաշակի համեմատեք թվերը»,- նշեց Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ ավելի լավ է չակերտավոր թերակատում ունենալ, բայց տնտեսությունը իրական օգուտ տրվի։

Հիշեցնենք, որ ՊԵԿ առաջարկով Կառավարությունը նախորդ տարի որոշում կայացրեց հարկ վճարողներին վերադարձնել ԱԱՀ-ի գծով շուրջ 56.4 մլրդ դրամ «հին պարտքը»՝ առանց պետական բյուջեի հարկային եկամուտները ծրագրված ցուցանիշները վերանայելու։ Նշված 56.4 մլրդ դրամից 2019 թվականին հարկ վճարողներին է վերադարձվել փաստացի 42.8 մլրդ դրամը։

Իսկ ինչ վերաբերում է ԱԱՀ և եկամտային հարկի վերադարձին, ապա ամեն տարի նման գործընթաց տեղի ունենում է։

Այդպիսով, ստացվում է, որ փաստացի հարկային եկամուտների, վերադարձված «հին պարտքերի» ու վերադարձված ԱԱՀ ու եկամտային հարկի գումարը միասին կազմել են 1 տրլն 650.3 մլրդ դրամ։ 2018 թվականին այս ցուցանիշը կազմել է 1 տրլն 464.1 մլրդ դրամ։

Նշենք, որ Ֆինանսների նախարարությունը բյուջեի կատարողականի հաշվետվության մեջ հաշվի է առնում եկամուտների ճշգրտված պլանը։ Սա նշանակում է, որ առաջիկայում, երբ նախարարությունը հրապարակի բյուջեի կատարողականը տարվա կտրվածքով, թերակատարում է արձանագրվելու հարկերի մասով։

Փաստացի հարկային եկամուտները 2019 թվականին, ինչպես նշեցինք, կազմել են 1 տրլն 464.3 մլրդ դրամ, որը 2018 թվականի համեմատ աճել է 249 մլրդ դրամով կամ 19.8 %-ով։ Նշված 249 մլրդ դրամից 42.8 մլրդ դրամը վերադարձվել է հարկատուներին: Հետևաբար, հարկերի «մաքուր» աճը կկազմի 206.2 մլրդ դրամ կամ 16.4%:

Հարկերի վերադարձն ավելացել է

2019 թվականին աճել է նաև ՊԵԿ-ի կողմից տնտեսվարողներին վերադարձվող հարկերի ծավալը։ Դրանք վերադարձվում են եկամտային հարկի և ԱԱՀ (ավելացված արժեքի հարկի) տեսքով։ Նախորդ տարի այդ գումարները կազմել են 170.4 մլրդ դրամ՝ 2018 թվականի 94.8 մլրդ դրամի դիմաց։

Մեկնաբանություններ (1)

ArturGrigoryan
Լավ հոդված է, սակայն կան անհամապատասխանություններ: Այսպես. 1) Առաջին գծապատկերում կապույգ գույնով նշված են անցումային գերավճարները (2018թ. և 2019թ. համար), սակայն տեքստում՝ որևէ տեղ, դրանց մասին խոսք չկա, անհասկանալի է, թե դրանք որտեղից ի հայտ եկան: 2) Տեքստային մասում նշված է. «...փաստը, որ տարվա ընթացքում ՊԵԿ-ը տնտեսավարողներին է վերադարձրել մոտ 43 մլրդ դրամի «հին պարտքեր», ինչպես նաև ՝ 170.4 մլրդ դրամի ԱԱՀ և եկամտային հարկ», սակայն առաջին գծապատկերում այդ 43մլրդ-ն արտացոլված չէ, մինչդեռ 170.4մլրդ դրամը կա (փոխարենը գրված 15.6մլրդ դրամ անցումաին գերավճարը) 2019թ. համար: Նույն տրամաբանությունն է 2018թ. համար: 3) Տեքստային մասում նշված է. «Փաստացի հարկային եկամուտները 2019 թվականին, ինչպես նշեցինք, կազմել են 1 մլրդ 464.3 մլն դրամ, որը 2018 թվականի համեմատ աճել է 249 մլրդ դրամով կամ 19.8 %-ով»: Նախ նշենք, որ ոչ թե 1 մլրդ 464.3 մլն դրամ, այլ 1տրլն 464.3մլրդ դրամ: Երկրորդ, առաջին գծապատկերում փաստացի հարկային եկամուտները 2018թ. համար կազմում են 1տրլն 258.1մլրդ դրամ, որոնց տարբերությունը կազմում է 206.2մլրդ դրամ (1տրլն 464.3մլրդ - 1տրլն 258.1մլրդ), ոչ թե 249մլրդ դրամ (19.8% չէ, այլ 14.08%` 206.2/1,464.3): Խնդրում եմ բացատրել այս անճշտությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter