
Ռուսալեզու կիբերհանցագործները հարձակվել են աֆրիկյան բանկերի վրա
«Դոյչե Վելեն» գրում է, որ «Կասպերսկի» լաբորատորիան գրանցել է ռուս ցանցահենների անսովոր գործունեությունն աֆրիկյան ուղղությամբ: «Silence» խմբավորումը ներթափանցել է աֆրիկյան կազմակերպությունների ներքին ցանցեր:
Հունվարի սկզբին «Կասպերսկի» լաբորատորիան, որը մասնագիտացած է համակարգչային ծրագրերն արտաքին ներթափանցումից պաշտպանելու գործում, արձանագրել է Արևադարձային Աֆրիկայի մի շարք երկրներում խոշոր բանկերի վրա ուղղված թիրախային հարձակումների ալիք: Այս մասին հաղորդել են լաբորատորիայի ներկայացուցիչները RBC-ին տված հարցազրույցում:
Լաբորատորիայի փորձագետները կարծում են, որ հարձակումներն իրականացնում է ռուսալեզու ցանցահենների խումբը ՝ «Silence»-ը, որը նախկինում ակտիվ գործունեություն էր ծավալում Արևելյան Եվրոպայում, ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Լատինական Ամերիկայում: Վերջին իրադարձությունները, ըստ «Կասպերսկի» ընկերության գլխավոր հակավիրուսային փորձագետ Սերգեյ Գոլովանովի, վկայում են խմբի հարձակումների աշխարհագրական արագ ընդլայնման մասին:
«Silence»֊ն ակտիվ է 2017 թվականից: Այն հարձակվում է ամբողջ աշխարհի ֆինանսական կազմակերպությունների վրա՝ էլեկտրոնային փոստով վտանգավոր ֆայլեր ուղարկելու միջոցով, հաճախ օգտագործում է կազմակերպությունների իրական աշխատողների անունները:
Պատժամիջոցներ Evil Corp-ի դեմ
Դեկտեմբերին ԱՄՆ արդարադատության նախարարությունը պատժամիջոցներ կիրառեց ռուսական Evil Corp֊ի կիբերհանցագործների նկատմամբ, որոնց մեղադրում էր շուրջ 40 երկրներում 100 միլիոն դոլար արժողությամբ ծրագրեր գողանալու մեջ:
«Ձեռնարկված միջոցները նպատակ ունեն դադարեցնել կիբերհանցագործների խմբի կողմից կազմակերպված լայնածավալ ֆիշինգ արշավը», - ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ստեֆան Մնուչինը: ԱՄՆ արդարադատության նախարարության զեկույցում ասվում է, որ Evil Corp֊ի ղեկավար Մաքսիմ Յակուբեցը կապի մեջ է Ռուսաստանի կառավարության հետ: «Սա ապացույց է այն բանի, որ Ռուսաստանի կառավարությունն իր չարամիտ նպատակների իրականացման համար հավաքագրում է կիբերհանցագործների»,- ասվում է զեկույցում:
Պատրաստեց՝ Անյա Սարկիսովան
Մեկնաբանել