HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆիլիպիններում հրաբխային ժայթքման պատճառով տարհանվել է 45,000 մարդ

«Դոյչե Վելե»-ի հաղորդմամբ, Ֆիլիպիններում սկսել է Թաալ հրաբխի ժայթքումը: Իշխանությունները նախազգուշացնում են վտանգավոր ժայթքման հնարավորության մասին, ինչը կարող է վտանգել 200 հազար մարդու կյանք:

Թաալ հրաբխի ժայթքումը սկսվել է երկուշաբթի՝ հունվարի 13-ին, Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայից 65 կմ հեռավորության վրա։ Նախօրեին նկատված մոխրից և գոլորշուց հետո հրաբխից սկսել են դուրս գալ լավայի հոսքեր: Միևնույն ժամանակ սեյսմոլոգները հետևում են ստատիկ էլեկտրաէներգիայի հետևանքով խառնարանի վրա կայծակի բռնկումերին: Սեյսմոլոգները նախազգուշացրել են, որ հնարավոր է «պայթուցիկ ժայթքում» առաջիկա ժամերին կամ օրերին, այդ դեպքում վտանգի կենթարկվի տարածաշրջանի մինչև 200 հազար բնակիչ:

Հրաբխային ակտիվ գոտուց արդեն տարհանվել է 45,000 մարդ, այդ թվում նաև զբոսաշրջիկները: Մեկ մարդ մահացել է տարհանման ժամանակ, երբ բեռնատարը կողաշրջվել է մոխրանման ամպի հետևանքով առաջացած վատ տեսանելիության պատճառով: Դրա բարձրությունը հասել է 15 կիլոմետրի և ընդգրկել հրաբխից մինչև հարյուր կիլոմետր շառավղով տարածք: Գրանցվել է 75 ցնցում:

Երկուշաբթի Մանիլայում փակ են եղել դպրոցները, որոշ պետական հաստատություններ և ֆոնդային բորսան: Կիրակի՝ հրաբխային ակտիվության մեկնարկից հետո, իշխանությունները ստիպված եղան չեղարկել 240 թռիչք, երկուշաբթի կեսօրին օդային հաղորդակցությունը հնարավոր եղավ վերականգնել միայն մասամբ։

Թաալ հրաբուխը շատ գրավիչ է զբոսաշրջիկների համար. խառնարանը լճի կենտրոնում գտնվող կղզում է, որը ձևավորվել է հրաբխային ակտիվության պատճառով: Ըստ Ֆիլիպինյան հրաբխագիտության և սեյսմոլոգիայի «Phivolcs» ինստիտուտի, 1572 թվականից ի վեր Թաալը ժայթքել է ընդհանուր առմամբ 33 անգամ: 1911 թվականին այն 1300 մարդու մահվան պատճառ է դարձել, իսկ վերջին անգամ նրա ակտիվությունը գրանցվել է 1977 թվականին:

Պատրաստեց՝ Գայանե Հովսեփյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter