HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԶԼՄ-ները կկարողանան պետական ռեգիստրից անվճար օգտվել. նախագիծը ստացավ ԱԺ հանձնաժողովի հավանությունը

Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» և հարակից ներկայացված օրենքների նախագծերում փոփոխություն կատարելու կառավարության ներկայացրած օրենսդրական առաջարկին:

Այս փոփոխությամբ հնարավորություն է ընձեռվում լրատվամիջոցներին հասանելիություն ստանալ պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին՝ առանց պետական տուրքի վճարման:

Հիշեցնենք, որ գործող օրենքով պետական ռեգիստրից տեղեկություն ստանալու համար գանձվում է 3000 դրամ պետական տուրք (առանց ԱԱՀ-ի): Պետական ռեգիստրի՝ e-register.am-ի միջոցով են լրատվամիջոցները այս կամ այն ընկերությունների բաժնետերերի մասին տեղեկություն ստանում: Տեղեկացնենք նաև, որ ընկերության բաժնետերերի յուրաքանչյուր փոփոխության դեպքում պետք է վճարել պետական տուրք, նոր բաժնետերերի մասին տեղեկություն ստանալու համար:

Ըստ առաջարկվող փոփոխության՝ լրատվական գործունեություն իրականացնողը պետք է արդարադատության նախարարություն ներկայացնի համապատասխան հայտ, որի ձևը սահմանվում է արդարադատության նախարարի հրամանով:

Հայտը պետք է պարունակի՝

  • Զանգվածային լրատվության միջոցի անվանումը:
  • Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, իրավաբանական անձի պետական գրանցման (կամ իրավաբանական անձի անունից գործող նրա առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի հաշվառման) համարը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը անհատ ձեռնարկատեր է, ապա նրա անունը, ազգանունը, հաշվառման, ինչպես նաև լրատվական գործունեության իրականացման հասցեն և պետական հաշվառման համարը:
  • Համացանցային կայքի միջոցով տարածվող լրատվության միջոցի դեպքում հայտում պետք է նշվի նաև այդ համացանցային կայքի հասցեն:
  • Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի աշխատակցի նույնականացման քարտի պատճենը, ում անունով տրամադրվելու է հասանելիությունը գրանցամատյանում առկա տեղեկություններին, ինչպես նաև վերջինիս էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը անհատ ձեռնարկատեր է, ապա վերջինիս նույնականացման քարտի պատճենը և էլեկտրոնային փոստի հասցեն:

Նախագծերի փաթեթն ընդգրկվել է ԱԺ 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի օրակարգ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։