HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Իզմիրլյանի մանկատնից յուրացում կատարելու մեջ մեղադրվող տնօրենը դատապարտվել է 5,5 տարվա պայմանական ազատազրկման

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում գործող «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ից առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու գործով դատական ակտ է հրապարակվել: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Խոսքը, հիշեցնենք, մանկատնից յուրացում կատարելու դեպքի առթիվ 2016 թվականին հարուցված քրեական գործի մասին է: Ըստ գործի նյութերի՝ մանկատան տարբեր հաստիքներում 2013-2016 թվականների ընթացքում 31 աշխատակիցներ են գրանցվել, և նրանց անվամբ աշխատավարձ ձևակերպելով՝ մանկատնից յուրացվել է 46 մլն դրամից ավել գումար: Քրեական գործի շրջանակներում ամբաստանյալի աթոռին են հայտնվել մանկատան տնօրենը, կադրերի տեսուչը, հաշվապահներից մեկն ու գլխավոր հաշվապահը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արման Հովհաննիսյանի, վճռել է մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանին 2 դրվագով մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափով յուրացումը), որի համար նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 5-ական տարի ժամկետով, 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական դիրքը չարաշահելը), որի համար նրա նկատմամբ պատիժ է նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի՝ 300.000 դրամի չափով և 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք կատարելը), որի համար նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկի՝ 300.000 դրամի չափով՝ պետական համակարգում, այդ թվում՝ ոչ առևտրային կազմակերպությունում, ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով՝ 2 տարի ժամկետով: Մեկ այլ դրվագով, որն առնչվում է պաշտոնեական դիրքը չարաշահելուն, Մկրտչյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։

Քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված՝ պատիժները մասնակիորեն և լրիվ գումարելու կանոնների կիրառմամբ Հասմիկ  Մկրտչյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 տարի 6 ամիս ժամկետով և տուգանք՝ նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի՝ 600.000 դրամի չափով՝ պետական համակարգում, այդ թվում՝ ոչ առևտրային կազմակերպությունում, ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով՝ 2 տարի ժամկետով:

Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և նրա նկատմամբ  սահմանել է փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով, նրա նկատմամբ  ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Մանկատան  հաշվապահ Լիդա Սարգսյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացում կամ վատնում կատարելուն օժանդալելը), 38-314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելը), 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր կեղծելուն օժանդակելը), 38-308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական դիրքը չարաշահելուն օժնդակելը) քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

Սարգսյանը երկու տարբեր դրվագներով մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափով յուրացում  կատարելուն օժանդակելը) և դատապարտվել ազատազրկման 5-ական տարի ժամկետով, պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու երկու այլ դրվագներով Սարգսյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել յուրաքանչյուրի համար նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200.000 դրամի չափով, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու դրվագով 2 տարի ժամկետով զրկվել պետական համակարգում, այդ թվում՝ ոչ առևտրային կազմակերպությունում, հաշվապահությամբ զբաղվելու իրավունքից:

Քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված՝ պատիժները մասնակիորեն և լրիվ գումարելու կանոնների կիրառմամբ Լիդա Սարգսյանի նկատմամբ վերջնական պատիժ է  նշանակել ազատազրկում՝ 5 տարի 3 ամիս ժամկետով և տուգանք՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի՝ 400.000 դրամի չափով՝ պետական համակարգում, այդ թվում՝ ոչ առևտրային կազմակերպությունում, հաշվապահությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ 2 տարի ժամկետով:

«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառմամբ Լիդա Սարգսյանը նշանակված վերջնական հիմնական պատիժներից ազատվել է, և նրա  նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Մանկատան գլխավոր հաշվապահ Քրիստինա Պողոսյանի նկատմամբ պաշտոնեական անփութության, ինչպես նաև  մի խումբ անձանց կողմից  նախնական համաձայնությամբ,  պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով յուրացում կատարելուն օժանդակելու դրվագներով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

Քրիստինա Պողոսյանին մեղավոր են ճանաչել Քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածով՝ պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելը,  և նրա նկատմամբ  պատիժ է նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200.000 դրամի չափով՝ պետական համակարգում, այդ թվում՝ ոչ առևտրային կազմակերպությունում, հաշվապահությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ 2 տարի ժամկետով։ Մի խումբ անձանց կողմից  նախնական համաձայնությամբ,  պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով յուրացում կատարելուն օժանդակելու վերաբերյալ մեկ այլ  դրվագով Պողոսյանը մեղավոր է ճանաչվել և նրա նկատմամբ պատիժ է նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկի՝ 700.000 դրամի չափով:

Քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված՝ պատիժները լրիվ գումարելու կանոնի կիրառմամբ, Քրիստինա Պողոսյանի նկատմամբ վերջնական պատիժ է  նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի իննհարյուրապատիկի՝ 900.000 դրամի չափով՝ պետական համակարգում, այդ թվում՝ ոչ առևտրային կազմակերպությունում, հաշվապահությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ 2 տարի ժամկետով և  համաներում հայտարարելու մասին օրենքի կիրառմամբ  Պողոսյանը ևս ազատվել է պատժի կրումից, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին, նույնպես թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Նշենք, որ ավելի վաղ ՊՈԱԿ-ի կադրերի տեսուչ Մարի Խայանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով՝  փաստաթղթեր կեղծելը, քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով, իսկ պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու  դրվագով Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է համաներման մասին օրենքի կիրառմամբ։

Այսպիսով՝ մանկատնից յուրացում կատարելու գործով ամբաստանյալի աթոռին հայտնված անձանցից միայն մանկատան նախկին տնօրենն է, որ դեռևս պատիժ է կրում, ըստ որում՝ պայմանական:

Մեկնաբանություններ (1)

Հայկուշ Կարապետյան
Շատ հետաքրքիր է ստացվել փաստորեն ոչ ոք չի պատիժ որպես այդպիսին չի կրել ։Չնայած որ յուրացրել են անմեղ երեխեքի համար նախատեսված գումարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։