HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի պահանջով հայ սոպրանո Ռուզան Մանթաշյանը ելույթ չի ունենա Դրեզդենի օպերային թատրոնում կայանալիք գալա համերգին (խմբագրված)

Ֆրանսիական «Ֆորում Օպերա» ամսագիրն այսօր տեղեկություն հրապարակեց, որ ազգությամբ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը քաղաքական դրդապատճառներով հրաժարվել է ելույթ ունենալ հայազգի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ։ Երկու արտիստները փետրվարի 7-ին պետք է երգեին Դրեզդենի օպերային թատրոնում կայանալիք գալա համերգի շրջանակներում։ Միջադեպի մանրամասները ճշտելու նպատակով «Հետքը» զրուցեց Ռուզան Մանթաշյանի գործակալի՝ Ռենե Մասիսի հետ։ Նա ասաց, որ երեկ՝ հունվարի 12-ին իր հետ կապ են հաստատել պարահանդեսը կազմակերպող Semper Opernball ասոցիացիայից եւ խնդրել, որպեսզի Ռուզան Մանթաշյանը, չնայած իրենց հրավերին, ելույթ չունենա։ Պրն Մասիսի ներկայացմամբ, Semper Opernball ասոցիացիան մասնավոր կազմակերպություն է եւ կապ չունի Դրեզդենի օպերային թատրոնի ղեկավարության հետ։ 

Պատճառը, ինչպես վերը նշվել է, Յուսիֆ Էյվազովի հրաժարումն է։ Այլ հիմնավորումներ Ռենե Մասիսին չեն ներկայացվել։ Երգչուհու գործակալի խոսքով՝ այդ համերգը փակ միջոցառում էր՝ նախատեսված գերմանական բոմոնդի (beaumonde՝ բարձրաշխարհիկ հասարակություն) համար։

Ադրբեջանցի երգիչն իր ֆեյսբուք էջում հրապարակել է SemperOperaball-ի հերքումը, որով վերջինի գեղարվեստական ղեկավար Հանս-Իոահիմ Ֆրեյը դատապարտում է Էյվազովի հասցեին մեղադրանքները՝ նշելով, որ նա երբեք չի համագործակցել այլ երգիչների հետ՝ ելնելով նրանց ծագումնաբանությունից։ Կազմակերպությունը հայտնել է, որ Ռուզան Մանթաշյանի հետ փետրվարի 7-ին կայանալիք համերգի վերաբերյալ պայմանագիր չի ունեցել, եւ որ տեղի ունեցածը թյուրիմացություն է՝  նրա գործակալության հետ հաղորդակցության ընթացքում սխալ հասկացված լինելու հետեւանք։       

Լուսանկարում՝ Ռուզան Մանթաշյանը Մարգարետի դերում, «Ֆաուստ», Ժնեւի Գրանդ օպերա, լուսանկարիչ՝ Մագալի Դուգադոս 

Մեկնաբանություններ (1)

Հակոբ Հովհաննիսյան
Ինչու մեր երգչուհին չի կատարել առաջին քայլը, այն է` ինքը մերժեր այդ ստահակի հետ բեմ դուրս գալը և ոչ թե սպասեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter