HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մաշված մեքենաների ներկրման համար ԱԱՀ-ի տարբերակված դրույքաչափ կիրառելու նախագիծը չստացավ ԱԺ հանձնաժողովի հավանությունը

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկը: Նախագծի հիմնական զեկուցող, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանն առաջարկում էր իրավաբանական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող, ներմուծման պահին ավելի քան 3 և 5 տարվա մաշվածություն ունեցող օգտագործված ավտոմեքենաների ներմուծման հարկման բազայի նկատմամբ կիրառել ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) տարբերակված դրույքաչափ: Պատգամավորի առաջարկով տաբերակված դրույքաչափի կիրառումը պետք է ժամանակավոր լիներ՝ գործեր 3 տարի ժամկետով:

Ըստ նախագծի՝ ներմուծման պահին ավելի քան 3 տարվա, բայց ոչ ավել քան 5 տարվա մաշվածություն ունեցող օգտագործված ավտոմեքենաների ներմուծման հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ն հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով։ Ներմուծման պահին ավելի քան 5 տարվա, բայց ոչ ավել քան 10 տարվա մաշվածություն ունեցող օգտագործված ավտոմեքենաների ներմուծման հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ն հաշվարկվում է 5 տոկոս դրույքաչափով։

Նախագծի հեղինակի խոսքով՝ այս առաջարկով հնարավորություն է ընձեռվում կայացած շուկային տալ ԱԱՀ-ի տարբերակված դրույքաչափ, որպեսզի կայացած շուկան պահպանվի:

«Հիմնական գաղափարը գինը ցածր պահելն է, որ  ներկրողները կարողանան շուկան պահել, և որոշակի չափով ռիսկերը մեղմենք»,- ասաց Գուրգեն Բաղդասարյանը՝ հավելելով, որ առաջարկի ընդունման դեպքում շուրջ 55 միլիարդ դրամի չափով բյուջեն կորուստ է ունենալու:

Նախագծի հարակից զեկուցող, ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հայտնեց, որ Կառավարության դիրքորոշումը նախագծի վերաբերյալ բացասական է:

«Մենք Հայաստանում չունենք ԱԱՀ-ի տարբերակված դրույքաչափեր կիրառելու պրակտիկա, կան երկրներ, որ դա կիրառում են, բայց այդ երկրները ընդգծված քաղաքականություն են վարում. դա կիրառվում է առաջնային նշանակություն ունեցող ապրանքների համար, օրինակ՝ դեղորայք, մանկական սնունդ, հաց: Այս դեպքում տրամաբանությունը խախտվում է, քանի որ նախագծի հեղինակն առաջարկում է կիրառել մեքենաների պարագայում»,- ասաց փոխնախարարը:

Փոխնախարարի խոսքով՝ բացասական եզրակացության պատճառ է հանդիսացել նաև այն, որ նախագծի շահառուն ոչ թե սպառողն է, այլ տնտեսվարող սուբյեկտը, որը պետք է զբաղվի մեքենաների առքուվաճառքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter