HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

29-ամյա Վահան Դավթյանը 2014թ.-ից ղեկավարում է Ամասիայի «Նանե» մանկապարտեզը

«Տարիքիս չնայեք, ես 80 երեխա «ունեմ»,- երիտասարդ տնօրեն Վահան Դավթյանի դեմքին հայտնված ժպիտը փոխվում է ծիծաղի,- կարծրատիպ ենք կոտրում,- շարունակում է զրուցակիցս,- ընդունված է, չէ՞, որ մանկապատեզի վարիչը կին պիտի լինի, գյուղապետն էլ՝ տղամարդ: Ամասիայում էս քանի տարի է՝ ոչ մի «կանոն» չի գործում՝ նախ ես նշանակվեցի տնօրեն 2014թ.-ի հուլիսի 1-ին, 2016-ին էլ ընտրեցինք կին համայնքապետ: Արդյունքում երկու կարծրատիպ կոտրվեց»:

Հայաստանի գյուղական համայնքների մեծ մասում չգրված օրենք կա. համայնքի մանկապարտեզի տնօրեն է նշանակվում համայնքապետի կինը, աղջիկը, հարսը կամ էլ ծայրահեղ դեպքում՝ մոտիկ ազգականուհին: Ինչու՞ են համայնքի ղեկավարները այդ պաշտոնի համար նախապատվությունը տալիս արյունակից կամ մոտ հարազատներին, որեւէ լուրջ, հիմնավորված պատասխան երբեւէ չի հնչել: Ամենատարածված բացատրությունը, որ տրվել է՝ կնոջիցս վստահելի ո՞վ ունեմ

Վահան Դավթյանին պարուսույցի մասնագիտությունն աշխատանքով ապահովել է մոտ 7 տարի: Ասում է, մտքի ծայրով անգամ չի անցել, թե երբեւէ պարի խումբը կփոխարինի մանկապարտեզի մեծ ընտանիքով: Մինչեւ տնօրեն նշանակվելը աշխատել է Ամասիայի նորակառույց «Նանե» նախակրթարան ՀՈԱԿ-ում, որպես տնտեսվար, նաեւ պարի դասեր է տվել փոքրիկներին:

Մանկապարտեզի նախկին ղեկավարը՝ Մերի Մելիքյանը, աշխատանքի փոփոխությամբ պայմանավորված՝ հեռանալուց առաջ Ամասիայի նախկին համայնքապետ Աղասի Ամիրյանին առաջարկել է որպես տնօրեն դիտարկել Վահան Դավթյանի թեկնածությունը: Երեք ամիս ժամկետով նշանակված փորձաշրջանն հաջողությամբ հաղթահարելուց հետո 25-ամյա երիտասարդը նշանակվում է մանկապարտեզի տնօրեն: 

«Սկզբում անսովոր էր, բայց ոչ թե երեխաների միջավայրը, այլ՝ մանկապարտեզի տնօրեն հասկացությունը, որովհետեւ այսպես, թե այնպես, որպես պարուսույց ես փոքրիկների հետ տարիներ շարունակ աշխատել եմ,-խոստովանում է զրուցակիցս,- հիմա արդեն սովորական է, անսովորը մանկապարտեզ այցելող անծանոթների համար է: Որքան գիտեմ, Հայաստանում ոչ մի համայնքում մանկապարտեզի տղամարդ տնօրեն չկա՝ ես միակն եմ»:

Մինչեւ անցած տարվա սեպտեմբեր ամիսը Ամասիայի «Նանե» մանկապարտեզը գործում էր երկու խմբով՝ 60 երեխա: Կես տարի առաջ բացվեց 3-րդ խումբը՝ 20 երեխա: Տնօրենն ասում է՝ պահանջարկը մեծացել է, աշխատող մայրիկները ձգտում են երեխաներին մանկապարտեզ ուղարկել: Վերջին մի քանի տարիներին ավելացել է նաեւ ծնելիությունը: «Մենք ունեցել ենք դեպքեր, որ գրանցված երեխաներն այդպես էլ չեն հասցրել մանկապարտեզ հաճախել, տարիքը լրացել է, գնացել են դպրոց»,- ասում է Վահան Դավթյանը:

2016թ.-ին տեղի ունեցած համայնքների խոշորացումից հետո, Ամասիա բնակավայրում գործող մանկապարտեզ հաճախում են նաեւ հարակից 4 բնակավայրերի փոքրիկներ՝ Ջրաձորից՝ 2, Արեգնադեմից՝ 10, Բանդիվանից՝ 5 եւ 2-ն էլ Հովտունից: Բացի երրորդ խմբի բացումից, մանկապարտեզում այս տարվանից կգործի նաեւ լոգոպեդի կաբինետը: ՀՈԱԿ-ի 16 աշխատակիցներից 13-ը կանայք են: Բացի մեկ աշխատակցուհուց, որ գալիս է Գյումրիից, մնացածը Ամասիայի բնակիչներ են: Աշխատավարձը, ինչպես բոլոր ՀՈԱԿ-ների դեպքում, ցածր է:

«Մենք համայնքի երեւի թե ամենածախսատար ՀՈԱԿ-ն ենք: Անցած տարի մեր ֆինանսավորումը եղել է 19 մլն դրամ, ուղղակի տեղական բյուջեի հնարավորություններն են այդքան,- ասում է մանկապարտեզի տնօրենը,-աշխատավարձը ցածր է: Ես, որ 6 տարի առաջ ընդունվեցի աշխատանքի, ստանում էի 64 հազար դրամ, հիմա բարձրացել է 15 հազար դրամով: Իհարկե մեծ գումար չէ, բայց հույսեր կան, որ ամեն տարի հնարավոր կլինի ավելացում անել: Մեր աշխատակիցները հիմնականում ստանում են հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձը»:

Սուսաննա Խաչատրյանը, որ 8 տարի է աշխատում «Նանե» մանկապարտեզում, ասում է, որ երբեւէ խնդիրներ չեն ունեցել տղամարդ տնօրենի հետ: «Ես կասեի շատ հեշտ է աշխատելը, որովհետեւ ինքը, չնայած երիտասարդ տարիքին, կարողանում է ամեն ինչ էնպես կազմակերպել, որ ոչ մի պրոբլեմ չառաջանա: Շատ նրբանկատ, ուշադիր անձնավորություն է մեր Վահան Դավթյանը, մենակ մե խնդիրմ կա՝ չի ամուսնանում,- ծիծաղելով նկատում է Սուսաննան ու հավելում,- ամեն տարի կսպասենք, թե էս տարի կնշանվի, բայց հա կհետաձգե»:

Տնօրենը, լսելով մեր զրույցը, ժպտալով ուսերն է թոթվում. «Կհասցնեմ, մանկապարտեզի հետ կապված բոլոր հարցերը կարգավորեմ՝ կամուսնանամ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter