HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Աշխատող ուսանողների եկամտահարկի վերադարձի նախագիծը ստացավ ԱԺ հանձնաժողովի հավանությունը

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցի և Սիսակ Գաբրիելյանի հեղինակած՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկին: Այս փոփոխություններով քաղաքական մեծամասնության պատգամավորներն առաջարկում են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ Կառավարության կողմից հաստատված մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող վարձու աշխատողի ուսման վարձը փոխհատուցել եկամտահարկի վերադարձի տեսքով:

Նախագծի հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ Վանաձորում, Գյումրիում և Երևանում տարբեր բուհերում ուսանողների հետ քննակումներ են ունեցել:

«Լսեցինք բոլոր առաջարկները, մտահոգությունները, Կրթության և գիտության նախարարության հետ ենք սերտ համագործակցել: Նախագծի հիմնական նպատակն է աղքատության հաղթահարումը կրթության և աշխատանքի միջոցով, երկու գաղափարներն էլ ներառվում են նախագծում: Սկզբնական փուլում բակալավրիատն էլ էր ներառված, բայց քանի որ «Կրթության մասին» օրենքը դեռ չի ընդունվել, այս դրույթը դեռ չկա: Այսինքն՝ եկամտահարկի վերադարձի նույն գաղափարն է, ինչ նորակառույցների դեպքում, բայց ուսանողը երկու տարի է օգտվում, գումարը անհամեմատ քիչ է: Արտոնությունները կլինեն Կառավարության կողմից սահմանված մասնագիտություններով, կան մասնագիտություններ, որտեղ պահանջարկը մեծ է»,- ասաց Գաբրիելյանը:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ներկայացրեց նախագծի վերաբերյալ Կառավարության մտահոգությունները: Փոխնախարարի խոսքով՝ ի տարբերություն բնակարաշինության, որը տնտեսության համար մուլտիպլիկատիվ էֆեկտ ունի, կրթության համար եկամտահարկի վերադարձը դառնում է ծախսային գործիք: Պողոսյանի խոսքով՝ ճիշտ կլինի վերանայել բուհերի պետպատվերի ինստիտուտը, քանի որ պետությունը գումար է ծախսում՝ ակնկալելով որոշակի օգուտներ, օրինակ՝ որակյալ մասնագետների աջակցությունը պետականաշինության գործում:

«Նախագիծը հասցեականության հետ կապված խնդիր ունի, սոցիալական կարգավիճակը դրված չէ, սրանով մենք հնարավորություն ենք տալիս նաև բարձր եկամուտ ունեցողներին, բայց հենց նրա՞նք ունեն պետության աջակցության կարիքը: Այս նախագծի ընդունման պարագայում պետությունը պերմանենտ պարտավորություն է ստանձնում: Նաև հավելեմ, որ 2020 թվականի կրթության ոլորտի հարկային ծախսերը 26.9 միլիարդ դրամ են ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ)-ի գծով»,- ասաց Արման Պողոսյանը:

Փոխնախարարը նաև հայտնեց, որ առաջիկայում վերանայվելու է բնակարաշինության ոլորտում եկամտահարկի վերադարձի ծրագիրը: Ըստ Պողոսյանի՝ աշխարհում չկա մի երկիր, որտեղ բնակարանաշինության ոլորտում եկամտահարկի ամբողջական վերադարձ լինի: Պողոսյանը հայտնեց, որ փոփոխությունները կլինեն այն ժամանակ, երբ ներկայացվի եկամուտների հայտարարագրման միասնական նախագիծը:

«Ինչ վերաբերում է նախագծին, պետք է հարց հնչի՝ սա ո՞ւմ համար է, որ ուսանողները սկսեն աշխատել, թե՞ աշխատողները սկսեն սովորել: Մեր մտահոգությունները մնում են, մեր կարծիքն այն է, որ պետք է պետպատվերը վերաիմաստավորել»,- ասաց փոխնախարարը՝ կոչ անելով կողմ չքվեարկել նախագծին:

Նախագծի վերաբերյալ միանշանակ վերաբերմունք չդրսևորեցին նաև պատգամավորները՝ կրկին խոսելով այն ռիսկի մասին, որ նախագծի ընդունման պարագայում նաև ֆինանսապես անկախ անձինք կսկսեն ուսանել, որպեսզի օգտվեն եկամտահարկի վերադարձի ծրագրից:

Երկար քննարկումներից հետո, սակայն, նախագիծը ստացավ հանձնաժողովի հավանությունը՝ ընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգում:

Մեկնաբանություններ (1)

Սիրանուշ
Ինչպես միշտ հեռակա կարգով սովորողները դուրս են մնում ցանկացած ծրագրից և որևէ արտոնությունից օգտվելու հնարավորությունից: Հասցեականության խնդիր բարձրացնելիս պետք է շեշտը դնել ոչ թե առկա կամ հեռակա կարգի վրա, այլ ուսանողի ֆինանսական հնարավորությունների: Հեռակա համակարգում ևս կան ուսանողներ, ովքեր հազիվ են կարողանում ստացած աշխատավարձով որևէ կարիք հոգալ, ուր մնաց թե ուսման վարձ վճարեն: Եվ մեծամասամբ աշխատող ուսանողները հեռակա համակարգով են կրթություն ստանում, որպեսզի ուսման վարձն աշխատելող հավաքեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter