HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Քրեակատարողական ծառայության ղեկավար կազմի պարգևատրումներն աճել են, կրտսեր և միջին խմբերի ծառայողներինը՝ նվազել

Արդարադատության նախարարությունը թաքցնում է Քրեակատարողական ծառայության կրստեր և միջին խմբերի ծառայողների պարգևատրման չափը:

Մի քանի հարցմամբ այդպես էլ չկարողացանք պարզել, թե Քրեակատարողական ծառայության աշխատակիցները 2019-ի դեկտեմբերին որքան պարգևավճար են ստացել:

«Հետք»-ին էր դիմել ծառայության մի քանի աշխատակից՝ հայտնելով, որ 2019-ի դեկտեմբեր ամսվա պարգևավճարները, լրավճարները զգալիորեն տարբեր են եղել նախորդ տարիներին նույն ժամանակահատվածում ստացված գումարից: Մենք նախ դիմել էինք Քրեակատարողական ծառայությանը՝ խնդրելով տրամադրել տեղեկություն, թե դեկտեմբերին ծառայության աշխատակիցները պաշտոնային դրույքի քանի տոկոսի չափով են պարգևավճար, լրավճար ստացել, որքան է եղել 2018-ի նույն ժամանակահատվածում այդ գումարը, և տարբերությունն ինչով է պայմանավորված:

Քրեակատարողական ծառայությունից հրաժարվել էին հարցմանը պատասխանել՝ ասելով, որ հայցվող տեղեկությունը պետական ու ծառայողական գաղտնիք է:

Մենք հարցմամբ դիմեցինք նաև Արդարադատության նախարարություն՝ ասելով, որ հայցվող տեղեկատվությունը չի կարող համարվել պետական ու ծառայողական գաղտնիք, ինչի մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ մի շարք գերատեսչություններ իրենց պաշտոնական կայքերում հրապարակում են պարգևատրման կարգադրությունները:

Նախարարությունից տրամադրեցին հայտարարագրերով հրապարակման ենթակա հայտարարատու անձանց պարգևատրման չափը: Պատասխանից պարզ դարձավ, որ Քրեակատարողական ծառայության ղեկավարը պարգևատրվել է պաշտոնային դրույքաչափի 108.6 տոկոսի չափով, ծառայության պետի առաջին տեղակալը 108.4 տոկոսի չափով, պետի մյուս տեղակալները՝ 108.1 տոկոսի չափով, ծառայության գլխավոր քարտուղարը՝ 108 տոկոսի չափով, գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողները՝ 43 տոկոսի չափով:

Տեղեկացնենք, որ գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներն են քրեակատարողական հիմնարկի պետը, քրեակատարողական հիմնարկի ավագ տեսուչը, քրեակատարողական վարչության բաժնի պետերը: Մյուս խմբերի պարգևատրման չափը նախարարությունից չեն տրամադրել, սակայն նայելով այս տվյաներին՝ պարզ է դառնում, որ ըստ պաշտոնի նվազման՝ պարգևավճարը նվազում է, հետևաբար միջին խմբի և կրտսեր խմբի պաշտոններում ընդգրկված ծառայողները ստացել են 43 տոկոսից ցածր պարգևավճար:

Մենք խնդրել էինք նաև տվյալներ տրամադրել, թե 2018-ի դեկտեմբերին պաշտոնային դրույքաչափի քանի տոկոսի չափով են ծառայության աշխատակիցները պարգևավճար, լրավճար ստացել: Ըստ պատասխանի՝ շուրջ 44 տոկոսի չափով աճել է ծառայության ղեկավարի, ղեկավարի տեղակալների պարգևատրման չափը: 2018-ի դեկտեմբերին ծառայության բարձրագույն և գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողները պարգևատրվել են պաշտոնային դրույքաչափի նկատմամբ 64 տոկոսի չափով:

Փոփոխության չափը, ըստ նախարարության, պայմանավորված է ֆինանսական միջոցների տնտեսումների տարեկան չափի տարբերությամբ:

Նախարարությունից սակայն որևէ տվյալ չեն տրամադրել ծառայության մյուս աշխատակիցների պարգևատրումների չափի վերաբերյալ՝ ասելով, որ այդ հարցերը պարունակում են անձնական տվյալներ բացահայտելու բովանդակություն:

Ընդգծենք, սակայն, որ ֆինանսական միջոցների տնտեսումները ծառայության միջին և կրտսեր խմբերի պարգևատրման դրույքաչափերում արտահայտվել են կտրուկ նվազման եղանակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter