
Դատախազության նախաձեռնությամբ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով արտահերթ նիստ է հրավիրվել
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Գլխավոր դատախազության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է հրավիրվել ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Արտահերթ նիստ հրավիրելու պատճառը Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացումն է:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը երկու օր առաջ տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք: Նրա առողջական վիճակին անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ հայտնելով, որ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Գրիգորյանին, առանձնազրույց ունեցել նրա և փաստաբանների հետ:
ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնի հաղորդմամբ՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին առնչվող հարցերը քննարկվել են նրա բուժումն իրականացնող բժշկի հետ:
Առանձնազրույցի ընթացքում Մանվել Գրիգորյանի գիտակցությունը եղել է պարզ, բժիշկների գնահատմամբ՝ նրա առողջական վիճակը կայուն ծանր է, նա գտնվում է մշտական բժշկական հսկողության ներքո և ստանում անհրաժեշտ դեղորայքային բուժում:
Մեկնաբանել