HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղտոտված օդ. կլիմայի փոփոխության ամենամեծ մարտահրավերներից մեկը

«Նյու Յորք Թայմս» ամերիկյան օրաթերթը հրապարակել է փաստերի վրա հիմնված հոդված, որը հնարավորություն է տալիս համեմատելու օդի աղտոտվածության աստիճանը աշխարհի գրեթե բոլոր քաղաքներում։

Հոդվածում պատկերված են օդը աղտոտող միկրոսկոպիկ մասնիկները, որոնք կոչվում են PM2.5։

Մաքուր է համարվում այն օդը, որում PM2.5-ի քանակությունը մեկ խորանարդ մետրում 24 ժամվա ընթացքում 12 միկրոգրամ է (12 µg/m3

150µg/m3-ից 250µg/m3 PM2.5 պարունակող օդը համարվում է չափազանց աղտոտված եւ վտանգավոր առողջության համար, իսկ 250µg/m3 -ից ավելին համարվում է օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակ։

Այսպես, ըստ հոդվածում հրապարակված տվյալների, Երեւանում 2019-ին օդում PM2.5-ի պարունակությունը ամենաաղտոտված օրվա ընթացքում եղել է 153µg/m3։ Գյումրիում՝ 104µg/m3, Վանաձորում՝ 103µg/m3, Ստեփանակերտում՝ 75 µg/m3:

Որպես համեմատություն, Թբիլիսիում PM2.5-ի պարունակությունը եղել է 75µg/m3, Բաքվի մասին տվյալներ չկան, բայց Բաքվից ոչ շատ հեռու գտնվող Շիրվանում՝ 84µg/m3: Ստացվում է, որ Հարավային Կովկասում ամենաաղտոտված օդը Հայաստանում է։

Երևանում օդի աղտոտվածության մակարդակը ավելի լավ պատկերացնելու համար նշենք եւս մի քանի խոշոր քաղաք, օրինակ` Մոսկվայում PM2.5-ի պարունակությունը եղել է 41µg/m3, Ստամբուլում՝ 91µg/m3, Նյու Յորքում` 38µg/m3, Փարիզում` 75µg/m3, Բեռլինում՝ 88µg/m3։

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում գրանցվել է PM2.5-ի ռեկորդային քանակ՝ ավելի քան 900µg/m3: Այստեղ հայտարարվել է հանրային առողջությանը սպառնող արտակարգ իրավիճակ, ժամանակավորապես փակվել են դպրոցները, և բնակիչներին բաժանվել են միլիոնավոր պաշտպանիչ դիմակներ: Հարյուրավոր թռիչքներ չեղարկվել կամ հետաձգվել են ցածր տեսանելիության պատճառով:

Ընդհանրապես, Հնդկաստանի հյուսիսային հատվածներում եւ Չինաստանի որոշ մասերում աշխարհում ամենաաղտոտված օդն է։

Օդի աղտոտվածության հիմնական պատճառը գալիս է ինչ-որ բաներ այրելուց։ Օրինակ՝ էլեկտրակայաններում ածխի այրում, չափից շատ ավտոմեքենաներ, որոնք այրում են բենզին, արդյունաբերության մեջ քիմիական նյութերի կամ փայտանյութերի այրում և այն բոլոր նյութերի, որոնք վառվում են դրսում, հրդեհների ժամանակ:

PM2.5 մասնիկները ավազի հատիկից մոտ 35 անգամ փոքր են, ուստի դրանք հնարավոր չէ տեսնել անզեն աչքով։ Օդում դրանց բարձր պարունակության դեպքում առաջանում է մառախուղ:

PM2.5-ը այնքան փոքր է, որ կարող է անցնել մարմնի պաշտպանական շերտերով, խորը ներթափանցել թոքեր և նույնիսկ մտնել արյան հոսք: PM2.5-ը ուժեղացնում է ասթման, թոքերի այլ շնչառական խանգարումների պատճառ է դառնում։ Այն մեծացնում է սրտի կաթված և ինսուլտ ստանալու վտանգը, կապված է երեխաների թերզարգացման և տարեցների մոտ ճանաչողական խանգարման հետ, ինչպես նաև վաղաժամկետ ծնելիության եւ ցածր քաշի հետ:

Միայն 2015-ին օդի աղտոտվածության պատճառով գրանցվել է մոտ 4.2 միլիոն մահվան դեպք։ Դրանց մեծ մասը Արեւելյան եւ Հարավային Ասիայի երկրների բնակիչներն են եղել։ Միլիոնավոր մարդիկ աղտոտված օդի պատճառով ձեռք են բերել տարբեր հիվանդություններ։

«Օդի աղտոտվածության բարձր մակարդակի պայմաններում մարդիկ դառնում են անաշխատունակ, չեն կարող զարգանալ: Մաքուր օդի հասանելիությունը մարդու հիմնական իրավունքն է», - ասում է Կոլումբիայի համալսարանի բնապահպանական վերլուծաբան և գիտաշխատող Ալեքսանդրա Կարամբելասը:

Մեկնաբանություններ (1)

Մեխակ Գաբրիելյան
Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում կարելի է օդի աղտոտվածությունը կտրուկ բարելավել, եթե, օրինակ, Երևանում արգելվի դիզելային վառելիքով ավտոմեքենաների շահագործում, որի վերաբերյալ առաջարկություն էի ներկայացրել վարչապետին՝ օրենքի նախագիծ և հիմնավորում, սակայն ինչպես այլ առաջարկություններ, այս առաջարկությունն էլ են մերժել տարածքային կառավարման նախարարությունից անհեթեթ բացատրությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter