Լիբանանում նշել են Սումգայիթում հայերի կոտորածի 24-րդ տարելիցը
Փետրվարի 26-ին Լիբանանի հայկական բոլոր եկեղեցիներում տեղի ունեցան հոգեհանգստյան և եկեղեցական արարողություններ՝ ի հիշատակ Սումգայիթի ջարդերին զոհ դարձած հայերի:
Անթիլիասի Մայրավանքի Մայր տաճարում Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ի նախագահությամբ անցկացված Սուրբ պատարագից և հոգեհանգստից հետո Վեհարանի սրահում կազմակերպված միջոցառման ընթացքում ելույթներ ունեցան Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը և Կաթողիկոս Արամ Ա-ն:
Հռետորներն անդրադարձան 24 տարի առաջ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին: Աշոտ Քոչարյանը մասնավորապես նշեց, որ 1988 թվականը Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ եղավ շրջադարձային: Արցախի ժողովուրդը ձայնը բարձրացրեց սեփական իրավունքների ու ազատության պաշտպանության օգտին: Քաղաքակիրթ և օրինական յուրաքանչյուր գործողությանը հետևում էին բռնությում, հայ ազգաբնակչության իրավունքների զանգվածային և համատարած ոտնահարում, բռնություններ և կոտորածներ, տեղահանում, ժողովրդավարական բռնանվաճում, տնտեսական շրջափակում: Հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացվեցին ամենադաժան էթնիկ զտումների, տեղահանման քաղաքականություն և պետականորեն կազմակերպված հանցագործություն:
Միջազգային հանրությունը քաղաքական և իրավական լիարժեք գնահատական չի տվել կատարվածին: Մինչդեռ ամեն հնարավորն արվեց հանցագործությունների հանգամանքները թաքցնելու և խեղաթյուրելու համար: Իսկ փաստագրական ապացույցները, ականատեսների վկայությունները, հավաքված փաստերը հանգեցնում էին միակ աներկբա եզրակացության. ջարդերը, հանցագործություններն ու վայրագություններն իրականացրել են Ադրբեջանի իշխանությունները, որոնք անկախության հռչակումից անմիջապես հետո բանտերից ազատեցին դատապարտված մարդասպաններին և հրապարակայնորեն նրանց հռչակեցին ազգային հերոսներ:
Դեսպանը նշեց, որ Արցախը արյան գնով պաշտպանել է իր ազատության իրավունքը և ներկայում կայացած պետություն է: Միջազգային հանրությանը վերջնականապես և մեկընդմիշտ պետք է պարզ լինի, որ Ադրբեջանն է սկսել զինված ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ:
Ավարտելով ելույթը՝ Աշոտ Քոչարյանը համոզմունք հայտնեց, որ ժամանակակից մարտահրավերները կարելի է հաղթահարել միասնաբար, ՀՀ-ի, Արցախի և սփյուռքի հզոր ներուժով, համերաշխությամբ և նվիրումով:
Կաթողիկոս Արամ Ա-ի խոսքով՝ այս օրերին Անթիլիասում անցկացված, Հայոց ցեղասպանության խնդրին նվիրված միջազգային համաժողովի մասնակիցները նշեցին, որ 1915-ին իրականացված ցեղասպանությունը հայ ժողովրդի հանդեպ շարունակվում է: Դրա դրսևորումն էին նաև Սումգայիթում հայերի հանդեպ ադրբեջանցիների իրականացրած ջարդերը: Կաթողիկոսը շեշտեց, որ թուրքերը տարբեր մոտեցումներով և ձևերով փորձում են շարունակել իրենց որդեգրած քաղաքականությունը:
Եզրափակելով իր խոսքը' Արամ Ա Կաթողիկոսը բարձր գնահատեց արարողությանը ներկա, բուլղարացի լրագրող Ցվետանա Պասկալևայի կատարած աշխատանքները, մասնավորապես «Ղարաբաղի վերքերը» վավերագրական ժապավենի պատրաստումը: Նա Պասկալևային երախտագիտությամբ հանձնեց «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ՝ Ցվետանա Պասկալևան խորին շնորհակալություն հայտնեց Արամ Ա Կաթողիկոսին բարձր պարգևի համար և հավաքվածներին հավաստիացրեց, որ կշարունակի իր առաքելությունը մինչև վերջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել