HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սումգայիթի, Բաքվի և Մարաղայի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողություն՝ Թբիլիսիում

Փետրվարի 27-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը և Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը կազմակերպել են «Պատմությանը դեմ հանդիման. Սումգայիթ, Խոջալու…» խորագրով երեկո:

Նախքան բուն միջոցառումը Թբիլիսիի Ս. Էջմիածին (Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ) եկեղեցում տեղի է ունեցել Սումգայիթի, Բաքվի և Մարաղայի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողություն:

Այնուհետև Վրաստանի մշակութային և հասարակական տարբեր հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ «Հայարտուն» մշակութային կենտրոնում կայացել է հուշ-երեկո, որի բացման խոսքով հանդես է եկել Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը:

Դեսպանն իր խոսքում, մասնավորապես, նշել է Արցախի ժողովրդի ինքնորոշման արդար և օրինական պահանջի, արցախյան շարժման սկզբից մինչև օրս շարունակվող ադրբեջանական կողմի անհանդուրժողականության և ոչ կառուցողականության, 80-ականների վերջին Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների հովանավորությամբ և թողտվությամբ իրականացված վայրագությունների, պատմական փաստերի խեղաթյուրման և զեղծարարությունների, ներկայիս բանակցային գործընթացում Ադրբեջանի ղեկավարության ապակառուցողական մոտեցումների և հայատյացության քարոզչությանն ուղղված քաղաքականության մասին:

ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը ազգամիջյան հարաբերություններում հանդուրժողականության անհրաժեշտության կոչ է արել և հույս հայտնել, որ ողջամտությունը կհաղթանակի ու իրականություն կդառնա խաղաղ Կովկասում հարատև համակեցության մեծագույն նպատակը:

Երեկոյի ընթացքում ցուցադրվել են հատվածներ սումգայիթյան իրադարձությունների մասին պատմող փաստավավերագրական ֆիլմից: Այս դեպքերը լուսաբանող պատմական ակնարկով հանդես է եկել համայնքային գործիչ Ենոք Թադևոսյանը:

Միջոցառման երկրորդ մասում անդրադարձ է կատարվել Խոջալուի դեպքերին, Բաքվի կողմից իրական փաստերի նենգափոխմանն ու այդ ուղղությամբ քարոզչությանը: Համապատասխան մեկնաբանություններով հանդես է եկել պատմաբան Կարեն Օգանեսյանը: ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ՝ ցուցադրվել են նաև հատվածներ Խոջալուի դեպքերի իրական պատկերը ներկայացնող վավերագրական ֆիլմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter