HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աուդիտ կանցկացվի հեռուստահաղորդումների դիտելիության վարկանիշը չափող «Ադմոսֆեր Արմենիա» ընկերությունում

«Ադմոսֆեր Արմենիա» ընկերության կատարած` թվային հեռուստատեսության լսարանի ուսումնասիրության և եթերի մոնիթորինգի արժանահավատությունը և հեռուստաչափումների իրականացման մեթոդաբանության համապատասխանությունը միջազգային չափանիշներին պարզելու համար միջազգային աուդիտ կանցկացվի։

Նշենք, որ «Ադմոսֆեր Արմենիա» ընկերությունը միակն է Հայաստանում, որ նման ծառայություններ է մատուցում։ Ընկերության չափումների հիման վրա Հայաստանում ձևավորվում է հեռուստագովազդի շուկայական գինը և փաստացի տեղաբաշխումը՝ ըստ հեռուստաալիքների։

Միջազգային աուդիտ անցկացնելու նպատակով գործադիրն այսօրվա նիստին որոշեց 27 միլիոն դրամ հատկացնել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Կառավարությանը հայտնել է, որ «Ադմոսֆեր Արմենիա» ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին, նպատակ ունենալով Հայաստանում մատուցել թվային հեռուստատեսության լսարանի ուսումնասիրության և հեռուստաեթերի մոնիթորինգի ծառայություններ:

Նախարարության հաղորդմամբ՝ «Ադմոսֆեր Արմենիա» ընկերությունը 2016 թվականի փետրվարի 1-ից վճարովի ծառայություններ է մատուցում Հայաստանում գործող հեռուստաընկերություններին՝ նրանց տրամադրելով հեռուստահաղորդումների դիտելիության վարկանիշները։

«Աուդիտի անհրաժեշտությունը պայմանավորված է հեռուստաշուկայի համար ընկերության կատարած որոշիչ դերով, ինչպես նաև՝ նման աուդիտ երբևէ չանցկացնելու հանգամանքով։ Աուդիտը հնարավորություն կտա պարզել ընկերության տրամադրած ծառայությունների որակը, արժանահավատությունը, և նման չափումների համապատասխանությունը միջազգային ստանդարտին»,-հայտնել է նախարարությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության անդամներին հայտնեց, որ իրենց հետևողական քաղաքակությունը Հայաստանում մենաշնորհի դեմ պայքարն է։

Վարչապետը ընդգծեց, որ հեռուստատեսային շուկայի թափանցիկությունը պետք է բարձրացնեն․ «Հեռուստատեսային շուկայում մենք, ըստ էության, այսօր ունենք որոշակի մենաշնորհային դիրք։ Դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել են երկու կառույցներ։ Այդ երկու կառույցներից մեկը Հայաստանում բաշխում է հեռուստատեսային գովազդի շուկայում գոյացած գումարները, իսկ մյուս ընկերությունը չափում է հեռուստաընկերությունների վարկանիշները։ Եվ այդ գովազդային գումարները բաշխվում են ըստ արձանագրված վարկանիշների։ Այսինքն՝ ըստ էության ավտոմատացված մեխանիզմ է և հեռուստատեսային շուկայում գովազդի բաշխման այս համակարգը մոնոպոլիզացված է։ Եթե ենթադրենք այսպիսի իրավիճակ, որ կա փոխկապակցվածություն գործող հեռուստաընկերությունների, ռեյտինգ չափող ընկերության և գումար բաշխող ընկերության միջև՝ մենք կարող ենք արձանագրել, որ կա երկրում ինֆորմացիոն հոսքերը վերահսկելու հստակ գործառույթ։ Եվ չպետք է թաքցնել, մենք գիտենք, որ այդ գործառույթը կա, և մենք գիտենք, որ այդ գործառույթը գտնվում է հանրապետության նախկին ղեկավարության հետ ընտանեկան կապեր ունեցող անձանց վերահսկողության ներքո»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վարչապետին առաջարկեց՝ հետագայում նման ընկերություններում աուդիտ իրականացնելու համար ոչ թե Կառավարությունը վճարի, այլ այդ ընկերությունները տարեկան իրականացնեն աուդիտ, դրա եզրակացությունը ներկայացնեն համապատասխան մարմին։

«Շահառուն պետական բյուջեից ֆինանսավորում ստացող ընկերություն է և, ըստ էության, ինքն է նախաձեռնելու այդ աուդիտը, այստեղ հարցը դրան է վերաբերում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ընթերցեք նաև՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter